Եվ այսպես, վերջնականապես հօդս ցնդեց փաշինյանական խոշոր ստերից մեկը՝ կապված գազի գնի հետ։ Անցած ութ ամիսների ընթացքում այն չնվազեց, իսկ այս տարվա հունվարից Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող արտոնյալ ՝150 դոլար 1000 խմ համար սակագինը փոխվեց և դարձավ 165 դոլար 1000 խմ համար։
Ապրիլի-մայիսին «լավ բանի» ակնկալիքով փողոցներ փակող «հպարտ» քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր իջեցնել գազի սակագինը, որը, ըստ նրա, անհասկանալիորեն բարձր էր։ Հետո նա հայտարարեց, որ Հայաստանի ներսում սպառողներին մատակարարվող գազի գինը քննարկել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։Չայած դրա հետ կապված հարցերի պատասախանները ստանալու համար պետք էր ընդամենը հանրային ծառայությունների կարգավորող պետական հանձնաժողովից պահանջել իրեն տրամադրել գազի սակագինը սպառողների համար 1 խմ դիմաց 146,7 դրամ սահմանելու հաշվարկները։ Սակայն, Նիկոլ Փաշինյանը դա պետք չէր, նրան պետք էր շարունակել մարդկանց մոլորության մեջ պահել՝ խոստանալով որ գազի գինը կիջնի։ Իսկ երբ գա պատասխան տալու ժամանակը, միշտ էլ կա իր ուսերից պատասխանատվությունը գցելու տարբերակը, ինչը և տեղի է ունենում հիմա։
Ի դեպ, տեղեկացնենք, որ 146,7 դրամ սակագինը ուժի մեջ էր մտել 2016-ի հուլիսի 1-ից՝ իջնելով մինչ այդ եղած 156 դրամից։ Այսինքն, դա նախորդ «կոռումպացված» իշխանության ջանքերի արդյունքն էր, որի մասին բնական է, որ հեղափոխական զանգվածները պարզապես մոռացել են։ Հիմա նրանք սպասում են հրաշքի Նիկոլ Փաշինյանից, իսկ «հրաշքն» այն էր, որ վերջինս խոստացավ, որ սպառողների համար գազի սակագինը կմնա անփոփոխ։ Մեր ժամանակների համար բնական իրավիճակ, երբ «մոռանում» են սակագնի 10 դրամով իջնելու և իջեցնողների մասին և սրբացնում սակագնի իջեցում խոստացած և իրենց խաբած, լավագույն դեպքում ներկայում նույն սակագնի պահպանում խոստացողին։ Ինչ մնում է սպառողերի համար գազի սակագնի պահպանման խոստմանը, ապա այն անորոշ է և չի պատասխանում առաջացող մի շարք հարցերի։
Նախ՝ անհասկանալի է, թե ո՞ր սպառողների մասին է խոսքը։ Նրանց մեջ ներառվա՞ծ են այն ձեռնարկություններն ու ջերմոցային տնտեսությունները, որոնք գազը ստանում են 100 դրամով և սոցիալապես անապահովները, որոնք գազը ստանում են 80 դրամով։ Նշենք, որ նրանց տրամադրվող գազի սակագնի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիան»։ Եթե նրանց տրվող գազի սակագինը ևս մնալու է նույնը, ապա ի՞նչ աղբյուրից է փոխհատուցվելու այդ տարբերությունը։ Եվ ընդհանրապես, ո՞վ և որտեղի՞ց է վճարելու այն տարբերությունը, որ առաջանալու է գազի թանկանալուց հետո՝ սպառողերի համար գազի սակագնի պահպանվելու դեպքում։ Նիկոլ Փաշինայնը դրա մասին ոչինչ չի ասում։ Հերթական անգամ «Գազպրոմ Արմենինան» իր վրա՞ է վերցնելու այդ ծախսերը։ Դա քիչ հավանական է թվում։ Ուրեմն պետական բյուջեի հաշվին։ Այդ դեպքում ստացվեց, որ այնուամենայնիվ, թանկացման համար վճարելու ենք մենք բոլորս և դա չեղավ, թե գազի սակագինը սպառողների համար մնաց նույնը։
Երկրորդ, եթե պահպանվելու է միայն բնակչության տրվող գազի սակագինը, իսկ ձեռնարկություններին և ջերմոցային տնտեսություններինը թանկանալու է , ապա դա նշանակում է, որ նրանց կողմից թողարկվող հայկական արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքները թանկանալու են։ Դա նշանակում է, որ սկսվելու է շղթայաձև թանկացումների նոր փուլ ներքին շուկայում՝ լրացուցիչ ծախսեր առաջացնելով մեր բոլորիս համար, իսկ արտաքին շուկայում հայկական ապրանքների գները բարձրանալու են, իսկ մրցունակությունը՝ նվազելու։
Երրորդը, անհայտ է, իսկ ջերմաէլեկտրակայաններին տրամադրվող գազի սակագինը դարձյա՞լ պահպանվելու է։ Եթե այո, ապա այստեղ ևս առաջանալու է «ո՞ւմ հաշվին» հարցը։ Եթե ոչ, ապա միանշանակ էլ, որ պետք է պատրաստվենք էլեկտրաէներգիայի թանկացմանը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը ստացվում է ՋԷԿ-երից՝ գազի այրման և հոսանքի փոխակերպելու միջոցով։ Եթե նրանց տրամադրվող գազի սակագինը բարձրանա, ապա բնական է, որ արտադրվող հոսանքի գինը ևս պետք է բարձրանա։ Եվ եթե նկատի ունենանք, որ ՋԷԿ-երը արտադրում են ամբողջ էլեկտրաէներգիայի 40 տոկոսը, այդ թանկացումը աննշան չի լինի։
Չորրորդ, գազի այս սակագինը սահմանված է մեկ տարով՝ մինչև 2019-ի վերջը։ Դա նշանակում է, որ եկող տարի այն կարող է փոխվել՝ բարձրանալ։ Ինչո՞ւ բարձրանալ, որովհետև նախկինում մշտապես հակառուսական հայտարարություններով, գործողություններով աչքի ընկնող և ընդհանրապես հակառուսական քաղաքական ուղղվածություն ունեցող Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հանդեպ Ռուսաստանի Դաշնության իշխանությունը վստահություն չի տածում։
150 դոլար 1000 խմ համար սակագինը Ռուսաստանի Դաշնությունը մեկ տարվա փոխարեն պահպանեց երկու տարի, քանի որ փոխադարձ վստահություն կար Հայաստանի նախկին իշխանության և մասնավորապես նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Նույնը չկա անհավասարակշիռ և Հայաստանում գործող խոշոր ռուսական ընկերությունների՝ «Գազպրոմ Արմենիայի» և «Հարավկովկասյան երկաթուղու» հանդեպ անհմին մեղադրանքներ ներկայացնող և դիմակներով բեմականացված ստուգումներ իրականացնող, ռուսական ռազմաբազան հանելու պահանջով հանդես եկող և մարդասպանության մեջ մեղադրվող մարդկանց ազատ արձակող, իր աջակիցների միջոցով Հայաստանում հակառուսական տրամադրություններ բորոբոքող վարչապետի նկատմամբ։ Սրանք քաղաքական պատճառներն են։Եթե փորձենք անդրադառնալ տնտեսական պատճառներին, ապա պետք է փաստենք, որ դրանք որոշիչ դեր չեն ունենում Հայաստանին Ռուսաստանի կողմից տրամադրվող գազի սակագնի վրա, այլապես այն շատ ավելի բարձր կլիներ, քան արդեն թանկացած 165 դոլարը։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը