24 12 2018

290 մլն դրամ՝ խմելու ջրի և պլաստիկ բաժակների համար․ Երևանի տարօրինակ բյուջեն

290 մլն դրամ՝ խմելու ջրի և պլաստիկ բաժակների համար․ Երևանի տարօրինակ բյուջեն

Երևանի 2019 թ․-ի բյուջեի նախագիծը դեռ չէր ներկայացվել քննարկման, երբ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց նոր՝ թանկարժեք տոնածառի ձեռք բերման մասին։ Բացի նրանից, որ այն ընդհանուր առմամբ արժեցել է շուրջ 95 մլն դրամ և մի քանի անգամ գերազանցել նախորդ տարիներին տեղադրվող տոնածառի արժեքը, ինչի մասին շատ խոսվեց, կոռուպցիոն ռիսկ է առկա նաև նրա ձեռք բերման մեջ։ Պարզվում է՝ այն ձեռք է բերվել մեկ աղբյուրից, այսինքն՝ առանց մրցույթ հայտարարելու։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Եթե մրցույթ հայտարավեր, գուցե ավելի լավ գնային առաջարկներ լինեին։ Սակայն, «կոռուպցիայի դեմ պայքարող» իշխանության Երևան քաղաքի թևն ընտրեց այս, հավանաբար՝ իրենց համար առավել շահավետ տարբերակը։ Նույն է պատկերը նաև բյուջեի ծախսերի մասով։ Անդրադառնանք դրանից առավել աղմկահարույցներին։

2019-ի քաղաքային բյուջեի նախագծով պարգևատրումների, հավելավճարների և դրամական խրախուսումներին հատկացվող գումարը ավելացված է ավելի քան 2,5 անգամ՝ ընթացիկ տարվա 758 մլն դրամի փոխարեն հասցնելով 1 մլրդ 991 մլն դրամի։ Այսինքն, լրացուցիչ 1,2 մլրդ դրամ է հատկացվում այս նպատակի համար։ Հետաքրքրականն այն է, որ այս գումարը, ինչպես նշել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, չի ուղղվելու քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, այլ նախատեսված է որպես «շահագրգռելու ճկուն գործիք»՝ պարգևավճար։ Սա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ։ Դրանից առաջ էլ փոխքաղաքապետն այս ծախսի ավելացումը պատճառաբանել էր քաղաքապետարանի աշխատակիցների օտար լեզվի իմացության «թույլատրելիից ցածր լինելով»։

Նախ՝ անհասկանալի է, թե արդյո՞ք քաղաքապետարանի աշխատակիցների համար օտար լեզվի իմացությունն այն առաջնահերթությունն է, որի համար արժե հավելյալ 1,2 մլրդ դրամ հատկացնել։ Մի՞թե փողոցների սալիկների բարեկարգումը, տանիքների նորոգումը, կրթական համակարգի և քաղաքային իշխանության ենթակայության ներքո գտնվող այլ ոլորտների իմացությունն ու աշխատանքների իրականացումը չէ առաջնահերթությունը։

Մյուս կողմից, եթե այս գումարը չի ուղղվելու աշխատավարձերի բարձրացմանը, ապա ինչպե՞ս է դառնալու «շահագրգռելու ճկուն գործիք»։ Ի՞նչ չափորոշիչներով է որոշվելու, թե ո՞ւմ պետք է տրամադրվի պարգևավճարը և ինչպիսի՞ն է նրա կատարած աշխատանքի արդյունավետությունը։ Նման չափորոշիչներ չկան, հետևաբար անհայտ է , թե ովքեր և ինչի համար և ինչ չափով կստանան այդ պարգևավճարը։ Սրանի՞ց էլ ակնհայտ կոռուպցիոն սխեմա։

Նախկին քաղաքապետի օրոք պարգևավճարներ ստանում էր ամբողջ աշխատակազմը՝ եռամսյակը մեկ։ Դա քաղաքապետարանում աշխատելու հիմնական խթանն էր։ Այսինքն, տրվում էր գումար և պահանջվում արդյունավետ աշխատանք։ Հիմա պարգևավճար չի տրվի կամ կտրվի ընտրողաբար, իսկ կպահանջվի արդյունավետ աշխատանք բոլորից։ Բնական է, որ դա վերացնում է արդյունավետ աշխատելու մոտիվացիան։

Այսինքն, լրացուցիչ ծախսվելու է 1,2 մլրդ դրամ, բայց այն ուղղվելու է առանձնաշնորհյալներին, դեմոտիվացնելու է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը և ամենակարևոը դառնալու է կոռուպցիոն սխեմա՝ յուրայինների միջոցով գումարներ յուրացնելու նպատակով։

Հաջորդը արտասահմանյան գործողումների ծախսերի ավելացումն է 50 մլն դրամով։ Քաղաքապետի տեղակալն առաջին անդրադարձում այս մասին ոչինչ չասեց, իսկ մամուլի ասուլիսի ժամանակ հպանցիկ անդրադարձ կատարեց հերթապահ հայտարարություն կատարելով՝ «դրանք գործընկեր քաղաքների հրավերով այցերի և հնարավոր նոր ներդրումներ ու դրամաշնորհներ ներգրավելու նպատակ ունեն»։ Կարելի է մտածել, անցնող 2800 ամյակի տարում նման նպատակ չի եղել և ավելի շատ չի եղել, քան լինելու է եկող տարի։ Սակայն, փաստորեն նախորդ՝ «կոռումպացված» իշխանությունը այդ նպատակը իրականացնում էր գրեթե կրկնակի անգամ ավելի քիչ ծախսով։ Սա թերևս լավագույնս ցույց է տալիս «թավշյա» իշխանության իրական դեմքը։

Երևանցիների հուզող հիմնահարցի՝ հասարակական տրանսպորտի ծախսերի կրճատումը քաղաքապետի տեղակալը բացատրեց վարկային ծրագրի ավարտով, միաժամանակ նշելով, որ նախորդ իշխանության կողմից մշակած տրանսպորտային ցանցի բարելավման ծրագիրը իրենց համար անընդունելի է։ Թե ի՞նչն է անընդունելի, նա չասաց, բայց որ երևանցիները այս տարվա վերջին կամ առնվազն եկող տարվա սկզբին արչդեն գործի դրվելու պատրաստ հասարակական տրանսպորտի նոր ցանց և արմատապես բարելավված ուղևորափոխադրումներ չեն տեսնի, դա փաստ է։ Եթե մինչ քաղաքապետ դառնալը Հայկ Մարությանը խոստանում էր մեկ ամսում լուծել տրանսպորտի հարցը, ապա հիմա արդեն՝ 2-4 տարում։ Ահա այսպիսի ձևափոխում ապրած նվեր «հպարտ» քաղաքացիներին։

Կրճատվել են նաև կանաչապատման, վերելակային տնտեսությանն, սոցիալական ոլորտին, բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններին հատկացվող ծախսերը։ Դրանք իբր թե «օպտիմալացվել են»։ Անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է օպտիմալացումը կատարվում այնտեղ, որտեղ ամբողջ քաղաքի հոգսերն են, իսկ ծախսերի ավելացումն այնտեղ, որտեղ քաղաքապետարանի, ավելի ճիշտ քաղաքապետարանի ղեկավարության համար նախատեսված ծախսերն են։ Այդ նպատակով անգամ տեղական տուրքերն են բարձրացվում եկող տարվանից, և ոչ ոք չի բողոքում, բոլորը «հպարտ» են և լի «սիրով ու հանդուրժողականությամբ» իրենց վճարած տուրքերի հաշվին լրացուցիչ ծախսեր կատարող նոր իշխանության հանդեպ։

Բացի վերոնշյալից, եկող տավա բյուջեում երբեմն ծախսեր են ավելանում այնպիսի նպատակների համար, որ պարզապես զավեշտալի է թվում։

Օրինակ՝ 2019 թ․-ի բյուջեում ամբողջ 290 մլն դրամ է հատկացվել «կենցաղային և հանրային սննդի նյութեր»-ին։ Խոսքն աշխատասենյակներում տեղադրված սարքերից խմելու ջրի և պլաստիկ բաժակներին է վերաբերվում։ Պատկերացնելու համար, թե քաղաքապետարանը ինչ անհագությամբ է ջուր խմելու երկող տարի, տեղեկացնենք, որ այս տարի այդ նպատակով հատկացված գումարը կազմել է ընդամենը ․․․ 23 մլն դրամ կամ 11 անգամ ավելի քիչ և կարծես թե քաղաքապետարանում այս տարի ոչ ոք չի դժգոհել ջրի պակասությունից ․․․

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ