Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հունվար-նոյեմբերի ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները փաստում են, որ մեր տնտեսության հետընթացն այլևս անկասելի է։ Ըստ այդ ցուցանիշների, տարվա 11 ամիսներին, այսինքն՝ տարեվերջից մեկ ամիս առաջ, տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակել է նվազել և կազմել 5,7 տոկոս։
Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ տարվա առաջին եռամսյակին տնտեսական աճի տեմպը 10,6 տոկոս էր, սակայն «սիրո և հանդուրժողականության» հեղափոխության մեծագույն «նվաճումը» եղավ աճի՝ ամսեամիս արձանագրվող տեմպի նվազումը։ Եթե նախկինում վարչապետի պաշտոնակատարը երբեմն խոսում էր տնտեսության մասին՝ փորձելով մեկ ամսվա առանձին ցուցանիշ ներկայացնելով, ինչ-որ դրական եզրակացություններ անել, ապա հիմա արդեն խոսելու բան չի մնացել։ Ընդ որում, վերջին երկու ամիսներին յուրաքանչյուր նախորդ ամսվա համեմատ տնտեսությունը անկում է ունենում։ Այսպես, հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ անկումը կազմել էր 5 տոկոս, իսկ նոյեմբերին հոկետմբերի համեմատ՝ արդեն 10,3 տոկոս։ Պարզ է, որ անկումը շարունակվելու է և եթե ազգային վիճակագրական ծառայությունը չփորձի ինչ-որ սրբագրումներ անելով փոքր-ինչ բարելավված ցույց տալ այս անմխիթար կացությունը, բարձր տնտեսական աճով սկսած տարին լավագույն դեպքում կավարտենք 5 տոկոսի մոտ տնտեսական ակտիվության աճով։
Ըստ տնտեսության ճյուղերի՝ տարվա 11 ամիսներին հետևյալ պատկերն է արձանագրվել՝ արդյունաբերությունն աճել է 4,1 տոկոսով, շինարարությունը՝ 5,5 տոկոսով, գյուղատնտեսության մեջ անկում է արձանագրվել 8,1 տոկոսով, ծառայություններն աճել են 18,4, առևտուրը՝ 9,2 տոկոսով։
Եթե այս թվերը համեմատենք տարվա առաջին եռամսյակի հետ, ապա լավատեսության հետք անգամ չի մնա հետագայի վերաբերյալ։ Այսպես, այս տարվա առաջին երեք ամիսներին արդյունաբերությունն աճել էր 8,2 տոկոսով, շինարարությունը՝ 23 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 2,2 տոկոսով, ծառայությունները՝ 16,5 տոկոսով, առևտուրը՝ 12,9 տոկոսով։
Համադրելու դեպքում կտեսնենք, որ տնտեսական ակտիվության աճի ներկայիս ցուցանիշը պահպանվում է այս տարվա հունիսին ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ խաղադրույքների շնորհիվ ծառայությունների կտրուկ աճի և մասամբ առևտրում աճի շնորհիվ։ Թեև հարկ է նշել, որ առևտրում վերջին երեք ամիսներին աննախադեպ անկում է արձանագրվում, ինչը միաբերան պնդում են այդ գործունեությամբ զբաղվողները։ Սակայն ազգային վիճակագրական ծառայությունը համառորեն աճ է ցուց տալիս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդուհանդերձ, նոյեմբերին գրեթե բոլոր ճյուղերի (բացառությամբ ծառայությունների) անկումը հոկտեմբերի համեմատ անհնար է թաքցնելը կամ սրբագրելը։
Ինչ մնում է տնտեսության իրական հատվածին և արժեք ստեղծող ճյուղերին՝ արդյունաբերությանը, շինարարությանը և հատկապես գյուղատնտեսությանը, ապա այսպեղ վիճակը պարզապես ողբալի է։ Սրանք այն ճյուղերն են առանց որոնց զարգացման անհնար է ունենալ ուժեղ տնտեսություն և ամուր պետություն, առանց որի անհնար է պատկերացնել, թե ինչպես ենք ամրապնդելու մեր անվտանգությունն ու պաշտպանունակությունը այս վտանգավոր և թշնամական երկրներով շրջապատված տարածաշրջանում։ Մի բան, որը կարծես չի գիտակցում հանրահավաքներ անող, ձերբակալություններով զբաղված կամ լավագույն դեպքում Չարենցավանի դպրոցի խնդրով զբաղվող վարչապետի պաշտոնակատարը։
Հարկ ենք համարում մեկ անգամ ևս փաստել, որ վերջին 2-3 տարիներին հատկապես արդյունաբերությունը բավականին բարձր տեմպերով աճում էր և իր ծավալներով դարձել էր տնտեսության երկրորդ ճյուղը առևտրից հետո, հիմա արդյունաբերությունը դարձյալ նահանջել է և երրրոդն է՝ հաջորդելով որևէ արժեք չստեղծած ծառայությունների ճյուղին։
Արտաքին առևտրի և մասնավորապես արտահանման ցուցանիշները արտացոլում են այն պատկերը, որն առկա է տնտեսության մեջ։ Մասնավորապես, այս տարվա հունվար-նոյեմբերին արտաքին առևտրի ծավալները կազմել են 6 մլրդ 723 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 19,1 տոկոսով։ Դարձյալ հիշեցնենք, որ տարվա առաջին երեք ամիսներին աճն այստեղ 37,4 տոկոս էր։
Արտահանումը կազմել է 2 մլրդ 202 մլն դոլար՝ աճելով 9,8 տոկոսով։ Աճի տեմպի անկումն այստեղ խայտառակ արագությամբ է տեղի ունենում։ Տարվա առաջին երեք ամիսներին աճն այստեղ 34,4 տոկոս էր։ Նոյեմբեր ամսին էլ արտահանումը նվազել է ինչպես նախորդ տարվա նոյեմբերի՝ 5 տոկոսով, այնպես էլ այս տարվա հոկտեմբերի՝ 12,4 տոկոսով, համեմատ։ Եթե նախկինում արտահանման-ներմուծման բացասական տարբերությունը կրճատվել էր և ներմուծումը գերազանցում էր արտահանման ծավալները 1,8 անգամ, ապա հիմա այդ տարբերությունը կրկին ավելացել է և ներմուծումը գերազանցում է արտահանմանը 2 անգամ։
Եթե այս ամենին էլ ավելացնենք, որ միջին ամսական աշխատավարձը Հայաստանում նոյեմբերին ոչ միայն չի աճել, այլ նվազել է 0,2 տոկոսով, տնտեսական պատկերը կամբողջանա սոցիալական վատթարացող պատկերով։ Մնում է միայն ապշել, որ բնակչության մի զգալի մաս դեռ ինչ-որ «լավ բանի» սպասումների մեջ է։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը