27 11 2018

37 000 «նոր աշխատատեղերի» առասպելը

37 000 «նոր աշխատատեղերի» առասպելը

Դեռ մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հերթական անապացույց հայտարարությունն արեց՝ ասելով, որ պաշտոնական տվյալներով հեղափոխությունից հետո 37 000 աշխատատեղ է ստեղծվել, որոնց մի մասը ստվերից դուրս բերված աշխատատեղերն են։ Այդ թվերը նա հետագայում տարբեր առիթներով կրկնեց՝ այդպես էլ չներկայացնելով իր վկայակոչած «պաշտոնական աղբյուրները»։

Որքանո՞վ է հիմնավոր նոր աշխատատեղերի ստեղծման մասին այս հայտարարությունը։ Ի վերջո, 37 հազար աշխատատեղը վեց ամսում լուրջ ցուցանիշ է և եթե թեկուզ նրանց մի մասը նոր է բացվել, ապա չէր կարող աննկատ մնալ աշխատաշուկայում։ Ուստի, անդրադառնանք աշխատաշուկայի վերաբերյալ զբաղվածության պետական գործակալության տվյալներին։

Այսպես, այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 83,5 հազար մարդ, որից գործազուրկի կարգավիճակ են ունեցել 68,4 հազարը։ «Հեղափոխությունից հետո», մասնավորապես՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ, այդ ցուցանիշները հետևյալն են եղել՝ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 82,2 հազար մարդ, որից գործազուրկ է 66,4 հազարը։ Այսինքն՝ աշխատանք զբաղվածության պետական գործակալության միջոցով աշխատանք փնտրողների թվաքանակը 6 ամիսների ընթացքում նվազել է ընդամենը 1300-ով, իսկ գործազուրկի կարգավիճակ ստացողներինը՝ 2 հազարով։ Բանական հարց՝ իսկ որտե՞ղ է այստեղ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 37 000-ը։ Տարրական թվաբանություն իմացող ցանկացած անձ կհաստատի, որ 1300-ը կամ 2000-ը շատ հեռու են 37 000-ից։

Ի դեպ, 2000-ականների սկզբում 40 հազար նոր աշխատատեղ մեկ տարում ստեղծելու խոստումով հանդես եկավ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը և տարեվերջի մամուլի ասուլիսում փաստաթղթերով ներկայացրեց այն բոլոր ձեռնարկությունները, որտեղ ստեղծվել են այդ նոր աշխատատեղերը։ Նման բան այժմ չենք տեսնում, իսկ նույն պաշտոնական աղբյուրների ցուցանիշները հաստատում են, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 37000 նոր աշխատատեղերի մասին հայտարարությունն իրականությանը բացարձակ չի համապատասխանում։

Գուցե վարչապետի պաշտոնակատարը նկատի է ունեցել միայն ստվերից դուրս եկած աշխատատեղե»րը։ Այդ դեպքում, պետք է հստակ ասվեր, որ խոսքը ոչ թե նոր աշխատատեղերի, այլ բացառապես ստվերից դուրս բերվածի մասին է։ Այլապես, տպավորություն է ստեղծվում, թե տնտեսական զարգացում և նոր աշխատատեղերի թվի բուռն աճ է տեղի ունենում մեր երկրում, որից ոչ ոք տեղյակ չէ, բացի Նիկոլ Փաշինյանից։ Սակայն վերջինս հենց այդ տպավորությունը ստեղծելու համար էլ ընտրել է իրեն հավատարիմ գործելաոճը՝ մանևրել միայն իրեն հայտնի թվեր հայտարարելով։

Դրանց մեջ հստակություն մտցնելու համար անդրադառնանք ազգային վիճակագրական ծառայության հրապարակած եկամտային հարկի ցուցանիշներին, որոնցից կարելի է եզրակացնել ստվերից դուրս բերված աշխատատաղերի ցուցանիշների համապատասխանությունն իրականությանը։ Այստեղ, իսկապես, երևում է եկամտային հարկի ցուցանիշների աճ։

Այս տարվա՝ 2018 թ․-ի առաջին երեք ամիսներին որպես եկամտային հարկ վճարվել է 84 մլրդ դրամ, իսկ ինը ամիսների արդյունքում՝ 259 մլրդ դրամ։ Այսինքն, վերջին վեց ամիսներին վճարվել է 175 մլրդ դրամ։ Հետևաբար, եթե առաջին երեք ամիսների ընթացքում միջին ամսական վճարվել է 28 մլրդ դրամ, ապա հաջորդող վեց ամիսներին միջին ամսական ցուցանիշը կազմել է 29,1 մլրդ դրամ։ Ստացվեց, որ վեց ամիսներին եկմատային հարկի մուտքերն ավելացել են 6,6 մլրդ դրամով։ Սա համապատասխանում է ստվերից դուրս բերված 37 000 հազար աշխատատեղերի վճարած եկամտային հարկի հավելյալ գումարին։

Սակայն սա արդյո՞ք այնպիսի աննախադեպ նվաճումն է, որով հպարտանում է Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես այլ դեպքերում, նախկինում արձանագրվել են ավելի բարձր ցուցանիշներ, բայց տեղի-անտեղի չէին տարփողվել, այլ պարզապես դիտարկվել են որպես բնականոն գործընթաց։ Դրանում համոզվելու համար դիտարկենք անցյալ տարվա՝ 2017-ի համարժեք տվյալները։

Այսպես, 2017-ի առաջին երեք ամսիներին վճարվել էր 76 մլրդ դրամ, իսկ ինը ամսիներին՝ 248 մլրդ դրամ։ Այսինքն, նախորդ տարվա ապրիլին հաջորդած վեց ամիսներին վճարվել է 172 մլրդ դրամ։ Ստացվեց, որ առաջին երեք ամիսներին եկամտային հարկի միջին ցուցանիշը կազմել է 25,3 մլրդ դրամ, իսկ հաջորդող վեց ամիսներին՝ 28,6 մլրդ դրամ։ Այսպիսով, 2017-ի ապրիլ-սեպտեմբերին հավելյալ վճարվել է հավելյալ 13,8 մլրդ դրամ եկամտային հարկ, իսկ 2018-ի նույն ժամանակահատվածում ընդամենը ․․․ 6,6 մլրդ դրամ։ Կարող ենք եզրակացնել, որ անցյալ տարվա այդ նույն ժանակահատավածում Նիկոլ Փաշինյանի մատնանշած 37 000 -ից առնվազն կրկնակի ավելի աշխատատեղ է բացվել կամ դուրս եկել ստվերից, բայց կրկնակի բարձր ցուցանիշ արձանագրած կառավարության այն ժամանակվա ղեկավարը՝ Կարեն Կարապետյանը, դա չէր ներկայացրել որպես նվաճում։ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է մի ցուցանիշով, որը նախորդ տարվա համանման ցուցանիշից կրկնակի ցածր է, ինչը լավագույնս բնորոշում է նրան և նրա կառավարությանը։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ