21 11 2018

Վարչական ռեսուրսների չարաշահումը հո պոզով-պոչով չի՞ լինում

Վարչական ռեսուրսների չարաշահումը հո պոզով-պոչով չի՞ լինում

Երբ ՀՀ կառավարության ղեկավարը հայտարարում է, որ այս ընտրությունները լինելու են ամենաարդարն ու թափանցիկը, պետք է ամբողջությամբ բացատրի, թե դա ասելով ինչ ի նկատի ունի։ Եթե պարոն Գագիկը բարեգործություն չի անում, պարոն Մստոն 11 ձայնի պարտականություն չի դնում հարևաններից յուրաքանչյուրի «վզին», պարոն Սամվելն ընտրակաշառք չի բաժանում, ուրեմն ընտրություններն արդա՞ր են։ Ոչ։

Ընտրություններն արդար չեն, որովհետև ընտրությունների վրա ազդող բազմաթիվ գործոններից թվարկածն ընդամենը երեքն էր։ Իսկ գործոնները քիչ չեն։

Կան այլ միջոցներ ևս, որոնցից մեկը՝ վարչական լծակները, լայնորեն կիրառում է այսօրվա իշխանությունը։ Կլինի ՀՀԿ իշխանություն, թե Նիկոլի, միևնույն է՝ իշխանությունները իմունիտետ չունեն վարչական լծակների նկատմամբ։

Փաշինյանը վարչապետ է արդեն մոտ 7 ամիս ու այդ ընթացքում Արցախ՝ տղային այցելության և ՌԴ ավելի շատ է գնացել, քան ՀՀ մարզեր։ Բայց վերջին օրերին նա մարզերից տուն չի գալիս։ Աշխատանքային այցով Մարտունիում էր, հաջորդ օրը՝ Արագածոտնում, վաղը գուցե ուրիշ մարզ գնա։

Ոչ պաշտոնական ձևակերպված մտադրումը նույնն է՝ քարոզարշավ։ Ամեն մարզում էլ այցելում է մի քանի բնակավայր, ունենում հանրահավաքային հանդիպումներ՝ աշխատանքային ժամերին։ Թե Գեղարքունիքում, թե Արագածոտնում ելույթները նախընտրական էին և հիմնականում՝ ընտրությունների մասին՝ «վարչական լծակ չի լինելու», «ասող չի լինելու», «փող բաժանող չի լինելու», «լինելու է պատմության մեջ ամենաարդար ընտրությունը», «Ձեր քվեն ենք ակնկալում, որպեսզի շարունակենք այն, ինչ սկսել ենք» և այլն։ Մատ է թափ տալիս ոստիկանների վրա, թե՝ չլինեմ-չիմանամ, որ ընտրակաշառքի մասին մամուլը ձեզանից շուտ հաղորդի։

Գեղարքունիքն աղքատ մարզ է, ու նրանց ընտրությունն այս պահին քիչ է հետաքրքրում, հետաքրքրում է սոցիալական վիճակը։ Բայց նրանց հրամցվում է «ընդդիմադիր վարչապետի» նախընտրական խոստումները ՀՀ պայծառ ապագայի մասին՝ 500 մլն դոլար ներդրում կլինի, արտադրություն կբացվի և այլն։ Բեմին էլ հայտնվում է պատգամավորության թեկնածու նախարարների շարասյունը։

Վարչապետը հայտարարում է, որ այս ընտրություններում առաջինը պետք է բացառել վարչական ռեսուրսները․ «Մասնավորապես, նախկինից հայտնի ավանդույթներ են եղել, երբ այս օրերին մասնավորապես հանրակրթության ոլորտը ներքաշվում էր քաղաքական պրոցեսների մեջ, պետք է բացառել դա, և պետք է այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու համար»:

Եվ հարցն այն է, որ այս հայտարարությունը կարդացող՝ արդար ընտրությունների երաշխավորը ծառայողական մեքենայով 100-ի տակ սլանում էր Մարտունի՝ վարչական ռեսուրս կիրառելու։

Վարչապետը հայտարարում է․ «Մեր խնդիրն է,  որ այս ընտրություններում քարոզարշավը տեղի ունենա կատարյալ հավասարության պայմաններում: Այսինքն որևէ խոչընդոտ որևէ քաղաքական ուժի գործուենության, քարոզարշավի նկատմամբ չպետք է տեղի ունենա հանրապետության որևէ անկյունում»:

Փաստ՝ քարոզարշավը մեկնարկում է, երբ ստարտի ժամանակ նժույգներից մեկն արդեն ճանապարհի կեսն անցել է։ Քարոզարշավին հատկացված է 12 օր, իսկ «Իմ քայլ»-ը 6 օր առաջ է ընկել։

Ո՞րն է այս ամենի պատճառը․ թերևս այն, որ քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր, և վարչապետը չի հասցնի բոլոր մարզերում լիարժեք պտտվել։ Պակասը հիմա է լրացնում։ Մեկ այլ բացատրություն՝ ժողովրդի մեջ անտեղի ոգևորության ալիքը բացաշունչ պահել, մինչև դեկտեմբերի 9-ը անցնի։ 

Ի դեպ, չենք կարող նաև միանշանակ պնդել, որ ընտրակաշառքը վերացել է։ Փաշինյանի մի շարք խոստումներ այս պահին ընտրակաշառքի փայլուն դրսևորումներ են՝ ընտրողների տարբեր խմբերի ներգրավելու համար։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ