09 11 2018

Կուտակային ID քարտի խայծը

Կուտակային ID քարտի խայծը

2020 թ. հունվարից պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին դարձնել հարկ վճարող՝ բոլոր քաղաքացիների ID քարտերը դարձնելով կուտակային քարտ: Այդ մասին ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա տեղեկացմամբ, 18-65 տարեկան (անհասկանալի է 65-ից բարձր տարիքի մարդկանց բացակայությունը) բոլոր քաղաքացիները իրենց կատարած գնումների դիմաց հետ կստանան՝ առաջին տարում 1 տոկոսը, 2-րդ տարում՝ 2 տոկոսը, 3-րդ տարում՝ 3 տոկոսը։ Հետագա տարիների համար ոչինչի չի ասվում։ Այդ նպատակով համապատասխան ծրագրային փոփոխություններ պետք է արվեն նաև առևտրի օբյեկտներում տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներում։

Նպատակը, ըստ Դավիթ Անանյանի, հարկային գործակալի միջոցով հարկման ինստիտուտը համատարած հարկային հայտարարագրեր ներկայացնելու ինստիտուտով փոխարինելն է։ Այսինքն, պարզ ասած, ID քարտն այն խայծն է, որ ցանկանում են մատուցել բնակչությանը եկամուտների համընդհանուր հայտարարագում անելու համար։ «Եթե հանրային քննարկումների ժամանակ դուր չգա հարկերից նվազեցումներ կատարելու մեր առաջարկը, մենք ձեռնպահ կմնանք, որևէ ID քարտ չենք օգտագործի, ուղղակի տարեկան հայտարարագրով կհարկենք բոլորիս եկամուտները», ասել է ՊԵԿ նախագահը, փաստելով, որ ուզում ես ID-ի միջոցով կուտակել, թե չօգտվել դրանից, եկամուտների համընդհանուր հայտարարագրումից միևնույնն է՝ չես փախչի։

ՊԵԿ-ը ցանկանում է անել այն, ինչի դեմ ներկայիս իշխանությունը կատաղորեն պայքարել է՝ բացահայտել ստվերային շրջանառությունը։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանի խմբագրած օրաթերթը փաստաթղթաշրջանառությունը բացահայտելու՝ տվյալ պահի կառավարության քայլերին հեգնանքով արձագանքում էր, որ պետությունը ցանկանում է հարկման դաշտ բերել «սեմուշկա ծախողներին»։ Հիմա դա ցանկանում է անել արդեն այդ նույն թերթի՝ վարչապետ դարձած նախկին գլխավոր խմբագիրը։

Ստվերային տնտեսությունը բացահայտելը ոչ միայն վատ բան չէ, այլև անհրաժեշտ, բայց այս տարբերակն անընդունելի է հետևյալ նկատառումներով։

Առաջինը՝ անընդունելի և անհասկանալի է համատարած հարկային հայտարարագրումը։ Ի՞նչ է դա՝ բոլոր քաղաքացիների եկամուտների հայտարարագրում, կամ գուցե ծախսերի հայտարարագրում։ Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողություն սահմանել իր քաղաքացիների եկամուտների նկատմա՞մբ և իմանալ նրա ծախսե՞րը։ Ավելի պարզ ասած՝ իմանալ յուրքանչյուրիս գրպանի գումարը և որքան է ծախսվում դրանից՝ ցանկացած պահի ցանկացած անձի նկատմամբ «որտեղի՞ց քեզ այդ գումարը» հարցով պատին սեղմելու հնարավորությամբ։ Եթե հայտարարագրում են ներկայացնում պետական բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց փոխկապակցված անձիք, դա անհրաժեշտ է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու տեսնակյունից։ Սակայն, եթե օրինակ՝ օտար լեզվի մասնագետը ունի մեկ մասնավոր աշակերտ, ապա այդ գումարն էլ պետք է հարկվի կամ հակառակ դեպքում հարց դրվի, թե որտեղի՞ց քեզ լրացուցիչ ծախսվող այդ գումարը։ Հուսանք, որ ՊԵԿ-ը լրացուցիչ պարզաբանումներով կհստակեցնի այս հանգամանքը և կբացատրի թե ի՞նչ ասել է համատարած հարկային հայտարարագրում։

Հաջորդն այն է, որ քիչ հավանական է այս գործիքի միջոցով ստվերի դեմ պայքարել, քանզի ավելի լավ խթանող համակարգ նախկինում էլ առաջարկվել է։ Ոչ, խոսքը ՀԴՄ կրտոնների վիճակախաղով շահումների մասին չէ։ Այդ նախաձեռնությունն իրեն չարդարացրեց։ Մեկ այլ խթանի մասին է խոսքը, որը ևս գործարկվեց, բայց բազմաթիվ բարդությունների պատճառով դադարեցվեց։ Դա չշահած ՀԴՄ կտրոնները հարկային ծառայություն ներկայացնելոց հետո պարգերավճար ստանալու նախաձեռնություններ էր։ 2009 թ․-ին այդ եղանակով քաղաքացիներին հնարավորություններ ընձեռնվեց ստանալ երեք ամիսների ընթացքում իրենց հավաքած կտրոնների գումարի 2,5 տոկոսը։ Մասնավորապես, 50 կտրոն 100 հազար դրամի ընդհանուր արժեքով հավաքած անձինք կարող էին ստանալ 2500 դրամ և այդպես մինչև 1000 կտրոն՝ 6 մլն դրամ ընդհանուր արժեքով կտրոն հավաքածները, որի համար կարող էին ստանալ 200 հազար դրամ: Սկզբնական շրջանում այդ գումարը տրամադրվում էր հարկային ծառայության կողմից, հետո որոշ բանկեր միացան այդ գործընթացին, բայց հետագայում հրաժարվեցին։ Այս մեխանիզմը, բացի հերթեր առաջացնելուց, որն այժմ կարելի է բացառել բանկային քարտի վրա փոխանցում կատարելու միջոցով, բարդություններ էր առաջացնում պետական բյուջեից գումարներ հետ վերադարձնելու առումով, բանկերի հետ պետական եկամուտների կոմիտեի հարաբերություններում առաջացած բարդություններով, այս մեխանիզմից անազնիվ ճանապարհներով օգտվողների ի հայտ գալու պատճառով, առևտրի օբյեկտների սեփականատերերի դիմադրության պատճառով և այլն։ Հիմա նոր կառավարությունը գնում է նույն՝ իրեն չարդարացրած և նաև քաղաքացիների ու տնտեսվարողների համար անհայտ խութեր պարունակող ճանապարհով, որոնցից գլխավորի մասին նշեցինք վերևում։

Արա Մարտիրոսյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ