07 11 2018

Հեղափոխականից հակահեղափոխական չնչին մի քայլ է

Հեղափոխականից հակահեղափոխական չնչին մի քայլ է

Իմ հարևան Ավոն Փաշինյանի «բալեշչիկներից» է կամ էր: Ամենաակտիվը չէր, բայց հաճույքով կանգնում էր մեր խաչմերուկը փակողների կողքին: Հրապարակի հանրահավաքներին միշտ մասնակցում էր, բայց ագիտացիա չէր անում ու առանձնապես չէր ցուցադրում իր հեղափոխականությունը: Աշխատում էր իր կարդացած գրքերով ու լուրերով հիմնավորել թավշյա հեղափոխության նպատակը ու իր վերաբերմունքը: Բակում բոլորն էլ գիտեն, որ նա հին ՀՀՇ-ական է ու Լևոնի հրաժարականից հետո մշտական ընդդիմադիր է, բայց փորձում է անկողմնակալ երևալ:

Ավոն պահեստամասերի վաճառկետ ունի: Երկու տարի առաջ հարկայինը նրան շատ խոշոր չափով տուգանել էր՝ չնախատեսված ծառայություն մատուցելու համար: Չնախատեսվածն այն է, որ Ավոն պահեստամասերը վաճառելուց հետո դրանք ինքն էլ տեղադրում էր՝ հաճախորդ գրավելու համար: Տուգանքը շատ խոշոր էր, ու Ավոն դատարան բողոք ներկայացրեց: Առաջին իսկ նիստին հաղթեց դատը: Տուգանքը վերադարձրեցին ու ներողություն էլ խնդրեցին: Հաջորդ օրը բակում բոլորն արդեն գիտեին այդ մասին: Ու Ավոյի հանրգանքն ու համարումը բակում բազմապատկվել էր:

Վերջին մեկ շաբաթը նա աննախադեպ ակտիվացել էր: Ում հանդիպում էր՝ քաղաքական զրույցների մեջ էր ներքաշում ու ոգևորված պայծառ ապագայի պատկերներ էր նկարագրում, որոնք անպայման, իր այդ պահի կարծիքով, պետք է լինեին խորհրդարանական ընտրություներից հետո: Երկու օր առաջ Ավոյին պատահաբար հանդիպեցի կառավարության շենքի մոտ: Սա արդեն անակնկալ էր, քանի որ մինչ այդ երբեք նրան թաղի տարածքից դուրս չէի տեսել: Սփրտնած էր ու թվաց՝ լացը հազիվ է զսպում: Չսպասեց էլ, որ ինչ-որ հարց տամ ու սկսեց պատմել:

Պարզվեց, որ մեր Ավոյին մի տասն օր առաջ նոր իշնանության մեջ եղած ծանոթները կանչել ու խոստացել են՝ ընդգրկել նախընտրական ցուցակում: Նաև ինչ-որ կուսակցական առաջադրանքներ են տվել ու բաներ են պահանջել՝ ընտրական հաղթանակի ու հեղափոխական գործի հաջողության համար: Հարևանս ոգևորված՝ արել է պահանջվածը ու լծվել է թաղային ագիտացիայի գործին: Մինչև այն պահը, երբ դարձյալ նրա վաճառակետ են եկել արդեն ծանոթ հարկային տեսուչները ու նոր պահանջներ են ներկայացրել՝ անմիջապես կատարելու պարտադրանքով: Դե, մեր Ավոն էլ ասել է՝ «բա գիտե՞ք ես ով եմ, հեսա ձեր հալը կտեսնեք» ու նախ զանգել է իշխանության մեջ եղած իր ծանոթներին: Անհասանելի դարձած ծանոթներին տեսնելու համար հետո հասել է կառավարություն: Տեսնվել են, զրուցել են, բայց շատ կարճ՝ «ո՞վ է այս տուժածը, դավայ՝ հաջող» ոճով:

Պատմությունը ավարտելուց հետո, երբ Ավոն հարցրեց՝ «բա հիմա ի՞նչ անեմ», փորձեցի իրեն հիշեցնել Աստվածաշնչից ու իր կարդացած գրքերից ուրիշների համար իր իսկ բերած մեջբերումները: Արձագանքից ես սփրտնեցի, իսկ Ավոն կարմրակապտել էր ու գոռում էր. «ախր դու ով ես, որ ինձ խելք սովորացնեց, հո ինձնից լավը չես»: Շրջվեցի ու լուռ հեռացա՝ անցորդների զարմացած հայացքների ուղեկցությամբ: Ավոն հասավ հետևիցս, բայց արդեն կառավարության շենքին նայելով՝ դարձյալ սկսեց գոռալ. «հասկանում ես, ինձ խաբել են, լակոտի տեղ են դրել, ու դու ուզում ես, որ ես դա հասկանամ ու ընդունեմ: Չեմ կարողանում, դժվար է, չէ՞»:

Տիգրան Ուզունյան    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ