02 11 2018

Տվյալներ, որոնց մասին չեն խոսում ոչ վարչապետը, ոչ ֆինանսների նախարարը, ոչ ՊԵԿ նախագահը

Տվյալներ, որոնց մասին չեն խոսում ոչ վարչապետը, ոչ ֆինանսների նախարարը, ոչ ՊԵԿ նախագահը

Այն, որ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած կառավարության գործելաոճի մեջ առանցքային տեղ է զբաղեցնում մեկը մյուսին հաջորդող ապատեղեկատվություն տարածելը, բազմիցս ապացուցվել է անցած ամիսների ընթացքում։ Եվ մինչ կհերքվի առաջին հայտարարվածը, հրապարակվում է հաջորդը և մոռացվում նախորդը։ Վարչապետի թիմը հատկապես «հաջողել» է հարկային եկամուտների և բյուջե մուտք գործած գումարների մասին ապատեղեկատվություններ հայտնելով։ Թե Նիկոլ Փաշինյանը, թե ԱԱԾ պետը, թե ՊԵԿ նախագահը պարբերաբար հայտարարում են ինչ-որ միլիարդների մասին, որոնք իբր թե համալրել են և գերահամալրել են պետական բյուջեն։ ՊԵԿ նախագահն այս առումով գերազանցեց բոլորին, երբ հայտարարեց, թե այս տարվա 7 ամիսներին հավաքել են 107 մլրդ դրամով ավելի եկամուտ, որքան նախատեսված է եղել լրացուցիչ հավաքել ամբողջ տարվա՝ 2018 թ․-ի ընթացքում։ Իրականում ոչ միայն 7, այլև 9 ամիսների ընթացքում դա չի արվել։ Ավելին, անգամ 9 ամիսների համար նախատեսված եկամուտը չի հավաքվել, ինչ մնաց լրացուցիչ գումարները։

Այստեղ առանձնացնենք երկու հանգամանք։ Առաջին՝ ըստ բյուջեի կատարման ծրագրի որքա՞ն զուտ հարկային եկամուտներ է նախատեսված եղել այս տարի և փաստացի որքա՞ն է մուտք գործել պետական բյուջե և երկրորդ՝ որքա՞ն զուտ հարկային եկամուտներ են հավաքվել անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Այսպիսով, հակառակ Նիկոլ Փաշինյանի՝ «թալանածը բյուջե վերադարձնելու» մասին հայտարարությունների, 9 ամիսներին բյուջե մուտք գործած զուտ հարկային եկամուտները կազմել են 887,7 մլրդ դրամ՝ նախատեսված 915,1 մլրդ դրամի դիմաց։ Սա 3 տոկոսով կամ մոտ 28 մլրդ դրամով պակաս է նախատեսվածից։ Սրանք ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներն են, բայց սրա մասին ոչ վարչապետը, ոչ ֆինանսների նախարարը, ոչ ՊԵԿ նախագահը չեն ցանկանում խոսել, քանի որ դա կնշանակի ուղղակի հերքել բյուջեն լցնելու մասին ժողովրդին մատուցած սուտը։

Այժմ համեմատությունը նախորդ տարվա հարկային եկամուտների ցուցանիշների հետ՝ ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների։

Ինչպես արդեն նշվեց, այս տարվա 9 ամիսներին հարկային եկամուտները կազմել են 887,7 մլրդ դրամ, որը չի համադրվում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, քանի որ օրենքում կատարված փոփոխություններով հարկային անցումային գերավճար հասկացությունն անցյալ տարի չկար։ Դա այն գումարն է, որ պետությունը որպես ավելացված արժեքի հարկ նախ վերցնում, ապա վերադարձնում է արտահանող տնտեսվարողներին, քանի որ արտահանումն ազատված է այդ հարկատեսակից։ Այդուհանդերձ, նշենք, որ նախորդ տարվա 9 ամիսներին հավաքվել էր մոտ 836,4 մլրդ դրամ։ Ստացվում է, որ փաստացի այս տարի անցյալ տարվա 9 ամիսների համեմատ լրացուցիչ հավաքվել է մոտ 51 մլրդ դրամով ավելի հարկեր։ Սակայն, այս տարվա ընթացքում որպես գերավճար տնտեսվարողներին հետ է վերադարձվել 55 մլրդ դրամ, որը տեղի է ունեցել հունվար-փետրվար ամիսներին, նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարության կողմից : Դրանից հետո նոր կառավարությունը գումար չի վերադարձրել տնտեսվարողներին։ Ինչո՞ւ։

Առաջին հերթին այն պարզ պատճառով, որ ներկայիս կառավարությունը չի կարողանում ապահովել անգամ այս տարվա ծրագրով նախատեսված հարկային մուտքերը, ինչ մնաց կարողանար գումար վերադարձնել։ Մյուս կողմից էլ, եթե հանկարծ քիչ թե շատ նշանակալի գումար վերադարձնի, ապա բյուջեով նախատեսված ծախսերի չկատարաման, այդ թվում աշխատավարձերի կամ թոշակների չվճարման կամ ուշացման ռիսկեր կառաջանան։ Եվ նաև եթե Նիկոլ Փաշինյանը որոշի, ի վերջո, կատարել պետության պարտավորությունը տնտեսվարողների նկատմամբ և վերադարձնի այնքան գումար՝ 55 մլրդ դրամ, որքան վերադարձրել է Կարեն Կարապետյանի կառավարությունը, ապա կստացվի, որ պետական բյուջեի հարկային եկամուտները ոչ միայն չեն ավելացել 51 մլրդ դրամով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այլ անգամ նվազել են։ Դա «ժողովրդին» բացատրելու դժվարություններ է առաջացնելու, բայց մյուս կողմից էլ գումարների հետ չվերադարձնելը տնտեսվարողների, հետևաբար և տնտեսության համար խնդիրներ է առաջացնելու։

Այսպիսին է իրականությունը հարկերի հավաքման առումով՝ տրամագծորեն հակառակն այն «իրականությունից», որը հանրահավաքներում և այլ հարթակներում ներկայացվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Թերևս նույն կարելի է ասել ոչ միայն հարկային ցուցանիշների, այլ ընդհանրապես հայտարարվող տնտեսական ցուցանիշների մասին։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ