22 10 2018

Ո՞ւմ որոշմամբ և ինչո՞ւ է փակվել Ալավերդու կոմբինատը

Ո՞ւմ որոշմամբ և ինչո՞ւ է փակվել Ալավերդու կոմբինատը

Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատող 630 աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամները հայտնվել են անելանելի վիճակում, քանզի ձեռնարկությունը դադարել է աշխատել։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության «թեթև ձեռքով» որոշվեց հավելյալ մոտ 380 մլն դրամ տուգանել ձեռնարկությանը ծծմբային երկօքսիդի արտանետումների թույլատրելի քանակը գերազանցելու համար։

Այն, որ կոմբինատի գործունեության ընթացքում արտանետումներ են լինում և դրանք գերազանցում են թույլատրելի նորմաները, նորություն չէ։ Ավելին, դեռ խորհրդային տարիներին կոմբինատի գործունեությունը բնապահպանական խնդիրներ է առաջացրել շրջակա միջավայրի համար։ 90-ականներին Հայաստանի արդյունաբերական հզորությունների համատարած փլուզման տարիներին դադարեց գործել նաև Ալավերդու կոմբինատը։ Կոմբինատի գործունեությունը վերսկսելու ուղղությամբ ջանքեր գործադրվեցին 1997-1998 թվականներին, երբ նախ վարչապետ, ապա նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից սկիզբ դրվեց երկրի արդյունաբերության վերագործարկման քաղաքականությունը։ 1998-ից «Մանես և Վալլեքս» ընկերությունը վերսկսեց պղնձի հանքանյութի արդյունահանումն ու մշակումը։ Շուրջ 20 տարի կոմբինատը կանոնավոր աշխատել է՝ վերջին տարիներին սկսելով շահագործել նոր՝ Թեղուտի հանքավայրը։

Այդ 20 տարիների ընթացքում արտանետումների քանակը գերազանցելու համար կոմբինատը վճարել է տուգանքներ՝ տարեկան մոտ 350-400 մլն դրամի չափ, որի մի մասն ուղղվել է Ալավերդի համայնքին՝ սոցիալական, առողջապահական և այլ ծրագրերին։ Սակայն գործող նորմատիվներով արտանետումների համար տուգանքը պետք է լինի ավելի շատ, քան վերոնշյալ գումարն է։ Այս հարցը մշտապես քննարկվել է նախկին կառավարությունների և կոմբինատի սեփականատեր ընկերության միջև։ Հավաստիանալով, որ այդ դեպքում կոմբինատի շահագործումը կդառնա ոչ շահութաբեր, առաջացնելով սոցիալական լուրջ խնդիր, նախորդ իշխանությունները սահմանափակվել են տուգանքների վերոնշյալ չափով, որպեսզի կոմբինատը շարունակի գործել և ավելի քան 600 աշխատատեղերը չփակվեն։

Սակայն եկել է նոր իշխանություն, որը որդեգրել է այլ քաղաքականություն և որոշել է կոմբինատից գանձել անցած տարիներին սահմանված չափանիշներով նախատեսվածից պակաս վճարված տուգանքը՝ հավելյալ 380 մլն դրամ։ Եթե նկատի ունենանք, որ ձեռնարկության շրջանառությունը շուրջ 60 մլն դոլար է, իսկ մաքուր շահույթը մոտ 1 մլն դոլար, ապա հավելյալ 380 մլն դրամ տուգանքը նշանակում է, որ ձեռնարկությունը պետք է շահագործվի գրեթե առանց շահույթի։ Այսինքն, մի կողմում դրվում է ընդամենը 380 մլն դրամ հավելյալ գումարը պետբյուջե մուտքագրելը, մյուս կողմում՝ 630 մարդու աշխատանքով ապահովելը և կոմբինատւ կողմից պետական բյուջե կանոնավոր հարկեր վճարելը։

Ներկայիս կառավարությունը, բնապահպանության և ընդերքի տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանի բերանով ասում է, որ պետք է վճարվի հավելյալ գումարը։ Եթե հիշենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ապագան չէ, ապա վերոնշյալ տեսչական մարմնի գործողությունները տեղավորվում են այդ տրամաբանության մեջ։ Քիչ հավանական է, որ Արթուր Գրիգորյան անուն-ազգանունով ինչ որ չինովնիկ ինքնակամ այնպիսի որոշում ընդունի, որի հետևանքով փակվի մի ամբողջ քաղաք աշխատանքով ապահովող կոմբինատ։ Բնական է նաև, որ ալավերդցիների դժգոհությունը կարող է վտանգել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, ինչը պահպանելը նրա գերնպատակ է՝ անգամ եթե դրան ստորադասվում են համապետական շահերը։ Եթե Նիկոլ Փաշիյանը որոշի գոնե տվյալ դեպքում հետ կագնել ամեն ինչի մեջ կոռուպցիոն սխեմաներ որոնելու քարոզարշավից և չեղյալ համարի Ալավերդու կոմբինատին տուգանքի որոշումը, պարզ է, որ դրա համար անմիջապես պատասխանատու կդառնա վերոնշյալ պաշտոնյան, որի ինքնագլուխ գործելու հավանականությունն այս դեպքում, սակայն, մոտ է զրոյի։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ