Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման, ինչպես ասում են, դեռ երկար ջուր կպահանջեր, եթե չլիներ խորհրդարանի ՀՀԿ, Ծառուկյան և ՀՅԴ ֆրակցիաների կազմակերպած և անցկացրած վերջին օրենսդրական փոփոխությունը։
Երբ վարչապետը Նյու-Յորքից հայտնեց, որ վերադառնում է և սկսի կոնսուլտացիաներ արտահերթն անցկացնելու շուրջ և դրանք տեղի կունենան ոչ թե մայիս-հունիսին, այլ ինչքան հնարավոր է շուտ՝ դեկտեմբերին, մեր խորհրդարանական ուժերը սկսեցին ավելի արագ մտածել, թե ինչ է հնարավոր, որ իրենց առաջարկի վարչապետը։ Ըստ ամենայնի՝ հանգեցին միևնույն մտքին, որ իրենց մի տարբերակ է առաջարկվելու՝ առանց նախապայմանների կապիտուլյացիա։
Պարզ էր, որ վարչապետն իրենց առաջարկ անելու փոխարեն ենթարկելու էր պարզ շանտաժի՝ ժողովրդին կբերեմ կկանգնեցնեմ դռների առաջ, չեք կարողանա ներս մտնել, որ մի բան էլ՝ այլ թեկնածու ընտրեք։ Խորհրդարանը կարձակվի կամ ստորագրեք ղազագիր և գնացեք գրողի ծոցը։
Այս երեք ֆրակցիաներն օրենքում մի փոքր, բայց այս իրավիճակում՝ կարևոր փոփոխություն մտցրեցին, որ եթե իրենց նիստը խաթարվում է, այն չի կարող համարվել կայացած, հետևաբար երկիրը կարող էր երկար մնալ առանց վարչապետ, մինչ այդ դռնապահ ժողովուրդը կհոգներ Նիկոլի կոչերից, պատգամավորները կվերադառնային և կկայացնեին իրենց՝ Սահմանադրությամբ տրված լիազորությունը։ Հետո արդեն պարզվեց, որ վարչապետը սիրում է անելիքը թելադրել ոչ միայն պատգամավորներին, նաև, ինչու ոչ, Նախագահին: Զանգահարել է, որ հանկարծ չհամարձակվի ստորագրել այդ օրենքը, թե չէ՝ կհայտարարի ժողովրդին դեմ կամ հակահեղափոխական՝ իր ողջ հետևանքներով։ Իսկ հետևանքները շրջափակումն են ու բութ ճնշումները։
Արդարության համար փաստենք, որ մեր պատգամավորները, որոնք սկսած մայիսի 8-ից՝ ինքնուրույն չէին գործել կամ գործել էին իրենց կամքին հակառակ, այս դեպքում ցուցաբերեցին խիզախություն՝ գործելով ազատ, իրենց համոզմունքին համահունչ։
Որոշակիորեն քննադատվեցին, բայց արդեն տեսել էին ավագանու ընտրության դառը փորձը, որ ոչ միայն դուրս են մնում գործընթացներից, այլև հայտարարվում են հակահեղափոխական և այլն, և այլն...
Բայց այստեղ պետք չէ պարզեցնել իրենց մոտիվացիան. բոլորս տեսանք, թե իշխանության տեղեր զբաղեցրած ուժը ինչ որակի ներկայացուցիչներով է փոխարինում նախկիններին։ Կարգին Հայկոյին դնենք մի կողմ, երևանցիներին ավագանու «իմքայլական» 57 հոգու շարքից համարյա թե ծանոթ մարդ չկա։ Կարելի է ուղղակի դիտարկել այսօրվա կառավարության և արդեն հաստատված ավագանու ցանկը և պարզ կերևա, թե պառլամենտում ինչ որակի գործիչներ կհայտնվեն հետագայում։ Պարզ է, չէ՞, որ որևէ որակական փոփոխություն դեպի լավը չի կարող լինել, դեռ ավելին՝ շատ ավելի վատ, ընդամենը ապահովվելու է Նիկոլ Փաշինյանի մենիշխանությունը երկրի բարձրագույն մարմնում։ Նրան այդ որակը պետք էլ չէ, ինչպես արդեն փաստվում է, մեկ է՝ բոլորի փոխարեն խոսում է ԻՆՔԸ, որ և՛ դատախազ է, և՛ նախարար, և՛ նախարարի տեղակալ, և՛ պատգամավոր, և՛ անգամ՝ ավագանի։ Ստացվելու է այնպես, որ փոխարինելու ենք մի մենիշխանություն, մյուսով։ Ընդամենը։ Եվ անգամ՝ ավելի վատ մենիշխանություն՝ ուղղակի պաշտամունք։
Երևի թե այդ տրամաբանությունն էր, որ ստիպել էր ներքաղաքական, հասարակական այս ոչ ռացիոնալ մթնոլորտում նախաձեռնել այդ օրենքի փոփոխությունը։ Հիմա եկել ենք բոլորս մի հանգրվանի, որ մի կողմից սպասում ենք՝ տեսնենք, թե էլ ի՞նչ են անելու խորհրդարանականներն այդ ամենը թույլ չտալու և ուրեմն՝ հնարավոր շտկումներ մտցնելու, երկիրը, գոնե, բռնապետություն չդարձնելու համար։ Մյուս կողմն էլ մտածում է հրաժարական տալու և սկիզբ դնելու մասին այն ամենին, ինչի մասին խոսում էինք մինչ նախորդ պարբերությունը։
Վերջին օրերին շատ է խոսվել, թե, այնուամենայնիվ, ինչ գործողության կդիմի պատգամավորների սթափ և առողջ հատվածը, տեղի կտա ամբոխավարությա՞նը, թե՞ օգտագործելով իր վրա դրված սահմանադրական իրավունքներն ու պարտականությունները, կդիմակայի և կառաջադրի թեկնածու՝ վարչապետի հրաժարականի դեպքում։ Շատերն են ասում՝ կարևոր էլ չէ, թե ում. ում ուզում են՝ առաջադրեն, միայն թե ցույց տան, որ իրենց տրված լիազորությունն ու պարտականությունը գիտակցում են, գոնե այս տեսակ ճգնաժամային դեպքերում։ Նման դեպքերում լավագույն լուծումը այլընտրանքային թեկնածուներն են, որոնք տվյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չեն, պատասխանատվությունն էլ կարելի է նրանց վրա գցել՝ մենք ընտրենք, դուք տակից դուրս եկեք։
Իմ կարծիքով, այդ այլընտրանքը պետք է լինի միանշանակ, ոչ թե ում է ուզում «ժողովուրդը», ում՝ ոչ, կամ ՀՀԿ-ինը, Ծառուկյանինը, այլ միանշանակ լինի պատասխանատվությունը իր վրա վերցնելու կարող, խնդիրներին տիրապետող մեկը, որը, ամենակարևորը, կարողանա կուտակված հազարավոր խնդիրներին լուծումներ տալ։ Պետք է ձևավորվի ուժեղ անհատականությունների և հեղինակությունների կառավարություն, որը ժողովրդին կբացատրի՝ ինչ է պատրաստվում անել, կներկայացնի իր իրատեսական ծրագիրը, անելիքները, մարդկանց, ժամկետները, թե ի՞նչ և ե՞րբ կլինի։
Դժվար բաներից ենք խոսում, շատերն են խոսում, բայց այդտեսակ այլընտրանքը, մանավանդ այսօրվա ջահելների ֆոնին, շատ տրամաբանական որոշում կլինի խորհրդարանականների կողմից։
Ասում են՝ բա ասել է, որ ժողովուրդ կհանի փողոց։ Է՝ դուք էլ հանեք։ Ասում են՝ դուխները կարող ա չհերիքի։ Ուզում եք ասել, որ պետության կործանման հեռանկարում համոզված լինելով՝ կրիտիկական պահերին չե՞ն կարողանալու ազատ գործել։ Այստեղ շատ կարևոր է արձանագրել մի բան. պատգամավորների մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, համոզված են, որ երկիրը «վարի են տալիս», և այստեղ գալիս է, կարելի է ասել, իրենց կյանքի ամենակարևոր և պատասխանատու պահը. կայացնել որոշում՝ իրենց խղճին համահունչ կամ տուրք տալով ամբոխների գոռոցներից ծնված էմոցիաներին։
Գիտե՞ք, իսկ ես մտածում եմ՝ եթե ոչ խիղճը կամ հայրենասիրությունը պետք է դրդի կայացնելու վարչապետի թեկնածու առաջադրելու որոշում, այլ գոնե ինքնապաշտպանության բնազդը։ Արդեն կարծում եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ ստանալով իշխանության արդեն բոլոր գործիքները, չեն հապաղելու և անցնելու են բացահայտ ռեպրեսիաների, գործեր են հարուցելու անցումային արդարադատության գործիքով, օրենքները փոխելու են ինչպես ուզեն, որպեսզի մեկընդմիշտ վերացնեն իրենցից կարող գործիչներին բոլոր բնագավառներում, բնականաբար՝ առաջին հերթին այժմյան «էլիտա» հանդիսացող դեմքերին և մյուսներին։ Եվ դա նույնիսկ այն դեպքում, եթե հիմա պայմանավորվեն հետագայում ձեռք չտալ։
Պարտադիր վերաբաշխվելու են տնտեսական ակտիվները յուրայինների միջև, որին էլ հնարավորություն չի լինի դիմակայել՝ ոչ օրինական, ոչ այլ տարբերակով։
Այնպես որ, դրույքը շատ թանկ է՝ «մահն» է կամ «ազատությունը»՝ անհատների և վերջապես՝ պետության։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը