03 10 2018

Երկրի ղեկավար, որը ժողովրդին մղում է վճռական բախման

Երկրի ղեկավար, որը ժողովրդին մղում է վճռական բախման

Այն, ինչ կատարվեց հոկտեմբերի 2-ին Հայաստանում, դեմ էր ոչ միայն ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները գերակայություն հռչակած Հայաստանի հպարտ իշխանությանը, այլև առաջին հերթին՝ երկրի սահմանադրությանը։

ՀՀ-ում իշխանությունը բաժանված է օրենսդիր, գործադիր և դատական մարմինների, որոնցից յուրաքանչյուրն անում է իրեն վերապահված գործունեությունն ամբողջությամբ՝ չխառնվելով և չմիջամտելով մյուսի գործերին, և այդ երեք ճյուղերի բնականոն, համակարգված աշխատանքը, միմյանց հակակշռումն ու զսպումը երկրում ստեղծում է դինամիկ զարգացող իրավիճակ։ Համարվում է որ, հենց երկրում տեղի ունեցած հեղափոխական գործընթացների գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ այս երեք ճյուղերի գործունեությունը խախտվել էր։

ՀՀ կառավարությունը, որը, իր խոսքով, երկրում վերականգնել էր տապալված սահմանադրական կարգը, ի՞նչ արեց հոկտեմբերի 2-ին․ գործադիրն ամբողջ կազմով տապալեց օրենսդիր մարմնի աշխատանքը՝ գերազանցելով իր լիազորությունները և ճնշում գործադրելով խորհրդարանի վրա։ Գործադիր իշխանությունը օրենսդիրին պարտադրեց իր կամքը՝ այն ներկայացնելով որպես ժողովրդի ցանկություն։ Կասեք՝ բայց ժողովուրդը, կամ գոնե մի մասն իրոք հավաքվել էին։ Այո, բայց ոչ նրա համար, որ օրինագծի փոփոխությանն էին դեմ, այլ՝ որովհետև Փաշինյանն էր այդպես կամեցել, կոչ արել հավաքվել և պաշարել, ճնշում գործադրել և այլն։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այդպիսով երկիրը մոտեցնում է քաղաքացիական բախումների շեմին։ Նա հանրությանը հետևողականորեն տանում է այդ ճանապարհով՝ մերթ սրացնելով իրավիճակը, մերթ մի փոքր թուլացնելով։ Բայց ինչպես երևում է՝ արտաքուստ խաղաղ ամբոխն ամեն վայրկյան մեկ հրամանով պատրաստ է սևերին հոշոտելու։

Հոկտեմբերի 2-ի երեկոյան 9-ից պաշտոնապես սև հռչակված ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ահազանգում է իրենց խմբակցության կին պատգամավոր Ռուզան Առաքելյանի՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի նշած՝ խաղաղ ցուցարարների կողմից ծեծի ենթարկվելու մասին։

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարում է սիրով ու հանդուրժողականությամբ տոգորված ցուցարարների՝ պատգամավորների մեքենաներ վնասելու, ապակիներ կոտրելու մասին։

Հոկտեմբերի 2-ին իրավիճակը թեժացավ և հասավ բախումների շեմին, ընդամենը մի քանի ժամում։

Չի կարող երկրում խոսք գնալ սիրո և հանդուրժողականության մասին, երբ նույն միտքը ավտոմատ ռեժիմով կրկնող վարչապետը խորհրդարանի 106 պատգամավորներից առնվազն 90-ին անվանում է հակահեղափոխականներ, սև ուժեր ու չարիք։ Չի կարող խոսք գնալ հանդուրժողականության մասին, երբ վարչապետը կոչ է անում արշավել ԱԺ-ի վրա, փակել մուտքերը։ Չի կարող խոսք լինել սիրո և հանդուրժողականության մասին, երբ վարչապետը պահանջում է շտապ ճարել բոլոր պատգամավորների անունները, որոնք կողմ են քվեարկել նախագծին։ Չէ՞ որ նրանց անուններն ուզում էին ոչ թե Մեսրոպ Մաշտոց շքանշան տալու համար, այլ՝ թիրախավորելու համար։ Սա հենց քաղաքացիական անհանդուրժողականությունն է։ Իսկ այդ պատգամավորների կողմ քվեարկելը, կարծեմ, տրամաբանական էր։

Այս հակասահմանադրական գործընթացին մասնակցում էր ամբողջ կառավարությունը։ ՀՀ կառավարության ՔՊ-ական անդամները, որ մշտապես հայտարարում են, թե երկիրն այնքան է թալանված, կոռումպացված, պարապուրդի մատնված, որ իրենք պետք է գիշեր ու զօր աշխատեն՝ գոնե ինչ-որ պատառիկներ փրկելու համար, փոխանակ վերջ իվերջո գործեն, մոմի պես կանգնած են ցանկացած բողոքի ցույցեր կազմակերպելու համար։ Անգամ ԱԱԽ քարուղարը, որ երկրի ներսում ծայրաստիճան լարված պահին պետք է զգոն լիներ՝ դրսից եկող վտանգները կանխելու համար, կանգնել էր բեմին։

Ինչո՞ւ։ Որովհետև միտինգից բացի այլ բան անելու անընդունակ կառավարության միակ գործը դարձել է հենց միտինգն ու արտահերթ ընտրությունները՝ իշխանությունը դարձնելու միահեծան։

Ակնհայտ է մի բան՝ այս պահին Նիկոլ Փաշինյանը վայելում է ժողովրդի որոշակի աջակցությունը։ Նրանց մի մասը դա անում է հասկանալով, մի մասը՝ անգիտակցաբար, էյֆորիկ վիճակում։ Այ հենց այդ երկրորդ հատվածի վրա էլ խաղում է վարչապետը։ Նրա ամեն շվոցից էյֆորիայի մեջ գտնվող մարդիկ դուրս են գալիս փողոց, մի կոչից պատրաստ են փայփայելու կամ ջարդելու ում որ կասի ՆԱ, որովհետև մտածելակերպն անդառնալի կորցրել են, կամ չեն ունեցել։ Իրենց մոտ հարցեր չեն առաջանում, հերիք է միայն կոչ լսելը։

Այդ մարդիկ մեծ սպասում ունեն վարչապետից և այդ սպասումները զուտ սոցիալ-տնտեսական վիճակի հետ է կապված։ Իսկ անճար կառավարությունը, մարդկանց կերակրում է միայն թշնամանքով։ Այդ թշնամանքը եթե ոչ հիմա, ապա առաջիկայում, ինչ-որ մի ժամանակ բերելու է բախումների, քաղաքացիական պատերազմի։ Դա մենք չենք ասում, պատմությունն է հուշում։ Հայաստանի կառավարության ղեկավարը շարժվում է ամեն ինչ միայն ինձ սկզբունքով, դա քողարկում է ժողովրդի թիկունքում, իսկ իր հետևից գնացողներին ամեն վայրկյան պատրաստ է գործադրել որպես բութ գործիք։

Երկրի ղեկավար որը ժողովրդին մղում է վճռական բախման․ այսպես ենք վերնագրել վերլուծականը, որը ենթադրում է նաև հարց․ Ի՞նչի համար, կամ հանուն ի՞նչի․ որ հանրապետականները այլ վարչապետ չընտրե՞ն, իրենք դրա մասին չեն էլ խոսել, մայիսից սկսած։ Որ տապալեն առտահերթ ընտրությո՞ւնը, կարծես նրանք չեն դիմադրում այդ հարցով ևս։ Հարցը միայն ժամկետների մեջ է, որը պլանավորվում էր քննարկել։ Այդ չարաբաստիկ օրենքի փոփոխությունը պետք է դիտարկել որպես ինքնապաշտպանական՝ հաշվի առնելով վարչապետի բանակցելու ոճը՝ դուք ոչինչ եք, արեք այսպես, թե չէ՝ ժողովրդին կկանչեմ, ձեզ ցույց կտամ․․․ Բնական է, որ քաղաքական ուժերը չեն ցանկանում այդ դիրքից բանակցել ժամկետների շուրջ։ Բնական է, որ ուզում են իրենք ևս խաղաքարտ ունենան՝ պարզունակ շանտաժի զոհ չդառնալու համար։

Ահա սա է պատկերը, ինչում հայտնվեցինք երեկ երեկոյան և հաջորդող գիշերը։ Ունենք քաղաքական ֆրակցիաներ, որոնք փորձում են գործել իրենց լիազորությունների սահմանում և ունենք գործադիրի ղեկավար, որը բանակցելուց առաջ դեմ է տալիս ժողովուրդ, որ թելադրի՝ երբ և ինչ պայմաններում ինքնասպանություն գործի օրենսդիրը։

Սա էր, այլ բան չկար։

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ