Պատերազմական հրադադարի վիճակում ապրող, ամեն օր ողջ սահմանային գոտում թշնամու սադրիչ կրակոցներն ու դիվերսիոն գործողությունները դիմագրավող Հայաստանի Հանրապետության վարչապետը` Նիկոլ Փաշինյանը, քաղաքացիական պատերազմ սկսելու ուղղակի կոչ է ամում։ Իր իշխանությունը պահելու համար վարչապետ Փաշինյանը կոչ է անում` կաթվածահար անել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, քաղաքական կուսակցությունների գործունեությունը, մայրաքաղաք Երևանի ներքին կյանքը։
Սա նեոբոլշևիզմի ամենաիսկական դրսևորում է։ Իշխանությունը հեղաշրջման ճանապարհով բռնազավթելու համար մեկ դար առաջ ճիշտ նույնը արեցին բոլշևիկները Առաջին համաշխարհային պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանում։ Հայաստանի հեղափոխական վարչապետ Փաշինյանը հակահեղափոխական ու թշնամի է հայտարարում առանց բացառության բոլոր նրանց, ովքեր իր հետ համաձայն չեն, այլ կարծիք ունեն։ Իսկ մենք պարտավոր ենք գիտակցել, որ նա հեղափոխական չէ, այլ հեղաշրջման պարզ արդյունք է։ Հեղափոխություններ, ըստ էության, երբեք էլ չեն լինում, ուղղակի թուլացած իշխանությունը տապալվում է արտաքին ուժի ազդեցության ներքո` ներքին ուժի իրագործած հեղաշրջման միջոցով։ Բոլշևիզմն ինքնին սրա հաստատումն է։
Ստեղծված իրավիճակը ճշգրիտ գնահատելը ճակատագրական անհրաժեշտություն է։
Հիմա վարչապետ Փաշինյանը բացահայտում է իշխանատենչական իր նկրտումները։ Նա խաղ է անում ժողովրդի ու երկրի ճակատագրի հետ։ Վարչապետ Փաշինյանն իր նոր համակարգն է ուզում ստեղծել և ժողովրդին նոր խաղ է պարտադրում` սահմանելով իր նոր օրենքները։ Հինգ ամիս առաջ նա այլ` իշխանությանն ընդդիմանալու խաղ էր առաջարկել` որպես ընդդիմություն, և խաղի կանոնները տրամագծորեն այլ` ընդդիմադիր էին։ Հիմա նոր խաղ պարտադրողը վարչապետն է, իսկ խաղի կանոնները հակասահմանադրական են ու հակաօրինական։
Գիտակից անհատը միշտ պետք է որոնի ու գտնի իրեն պարտադրվող խաղի կանոնները շրջանցելու ձևերը։ Այս պրոցեսն անընդհատ է։ Բանն այն է, որ համակարգը, (այս դեպքում` իշխանությունը) ժողովրդին խաղ է առաջարկում իր սահմանած որոշակի օրենքներով։ Վարչապետ Փաշխնյանը բոլորին խոստանում է, որ խաղն իրեն դուր կգա ու իր համար շահավետ կլինի։ Իրականում, վարչապետ Փաշինյանի սկսած խաղը բոլորին իշխանության նպատակին ծառայեցնելն է, բոլորի հետաքրքրությունները, շահերը, հավակնությունները կառավարելն է, բոլորի հավաքական ներուժը շահագործելն է։
Վարչապետ Փաշինյանի խաղը ժողովրդին հարկ եղած ասեղի վրա նստեցնելու միջոց է։ Եթե դա նրան հաջողվի, ապա նա կկարողանա կառավարել ու ուղղորդել ողջ հասարակությունն ընդհանրապես ու սոցիալական յուրաքանչյուր խմբի` մասնավորապես։ Պարտադրելով իր խաղը` վարչապետ Փաշինյանը իր հայեցողությամբ քաղաքացիական հասարակությանը թելադրելու է որոշակի վարք ու մտածողություն։ Նեոբոլշևիկյան ավանդույթի դուխով նա միանձնյա սահմանելու է պետությունը կառավարելու իր ցանկալի ձևը ու հաստատելու է իր սահմանած օրենքների իրավական դիկտատուրան։
Հիմա վարչապետ Փաշինյանի պարտադրած խաղի յուրաքանչյուր մասնակից, հենց ընդունի խաղի թելադրված կանոնները, տարվելու է իր անհատական խաղով ու իր անձնական շահերն է սպասարկելու։ Եթե բոլորն այդպես զոմբիանան, բոլորը միասին մեկ ընդհանուր խաղն են խաղալու` միաժամանակ ու նույն ձևով կառավարվելով վարչապետ Փաշինյանի թելադրանքով։ Իր այս խաղը հաջողելու դեպքում նա կաստատի իր ինտերնետային կամ թվային դիկտատուրան։ Վարչապետ Փաշինյանի ամբոխավարական ու նեոբոլշևիկյան ժողովրդավարությունը միայն այն մարդկանց համար է, ում պարզամտությունը հիմարության մակարդակում է։
Բոլոր ողջամիտներին նա թշնամի է հայտարարել և նրանց դեմ քաղաքացիական պատերազմի է դուրս գալու հենց այս պարզամիտների բանակով։
Գոռ Հարությունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը