27 09 2018

Ո՞վ հաղթեց իրականում....

Ո՞վ հաղթեց իրականում....

Ըստ ժողովրդական իմաստուն ասացվածքի՝ «Ամեն փորձանք մի խրատ է. ո՛չ փորձանքը կվերջանա, ո՛չ խրատ...»: Այս անգամվա հայաստանյան փորձանքը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն էին: Ընտրությունների արտահերթ լինելու հանգամանքն ինքնին երկրի հասարակական կյանքի ոչ բնականոն վիճակի արտահայտություն է, և այս ընտրությունները լիովին տեղավորվում էին մայիսյան իշխանափոխության տրամաբանությանմեջ: Ոչ ոք չէր կասկածում, որ նոր իշխանավորներն իրենց հետագա նպատակների իրականացման համար անպայմանորեն պետք է իրենց ձեռքը վերցնեին մայրաքաղաքի կառավարումը: Փորձանքն ամեն գնով այդ ցանկությունն իրականացելու մեջ էր...

Փորձանք էր վարչապետի գլխավորությամբ վարչական ռեսուրսների օգտագործումը, և բացահայտորեն վախի մթնոլորտ սերմանելով՝ իր թեկնածուին ընտրել պարտադրելը:

Փորձանք էր նախընտրական միտինգային քարոզարշավն անձնապես անցկացնող վարչապետի հոխորտանք-սպառնալիքներն իրեն չաստվածացնող «սևերի» նկատմամբ:

Փորձանք էր երկրի փաստացի ղեկավարի կողմից ժողովրդի մի մասին մյուս մասի դեմ հանելու սպառնալիքը... էլ չենք խոսում ասֆալտին փռելու-պատին ծեփելու ջղաձիգ բառապաշարի մասին:

Ճիշտ նկատեցիք, որ քաղաքապետի թեկնածուի անձին չեմ անդրադառնում... ի՞նչ իմաստ ունի... չէ որ ընդամենը «Նիկոլի մարդու» ընտրությունն էր: Բա փորձանք չէ՞ արդեն նշանակած մարդու համար ՏԻՄ ընտրություններ անցկացնելը: Իսկ գուցե ավելի նպատակահարմար է Երևանի քաղաքապետին նշանակե՞լը, այլ ոչ թե անտեղի գումնար և ժամանակ վատնել: Ի վերջո՝ ցանկացած ընտրության դեպքում անցնում է իշխանության ղեկին կանգնածի թեկնածուն:

Իսկ մեծագույն փորձանքն այն էր, որ Ընտրական օրենսդրության պահանջները բոլորի աչքի առաջ անպատիժ խախտեց օրենքի գերակայության մասին տարփողող Փաշինյանը: Արդյո՞ք սույն անպատժելիության պայմաններում երիտասարդական կառավարությունը վաղը չի փորձի իր ուզած սցենարով իրականացնել խորհրդարանի ցրումը՝ ապավինելով անձի պաշտամունքից կուրացած ագրեսիվ զանգվածին: Մանավանդ որ արդյունքներից խանդավառված Փաշինյանն օվկիանոսի այն ափից արդեն հայտարարեց ԱԺ արտահերթ ընտրությունների շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին: Իսկ ո՞վ պետք է այդ իրավիճակում հանդիսանա Սահմանադրության երաշխավորը... Հաստատ ո՛չ վարչապետը, ով ՏԻՄ այս ընտրությունների հաղթական փորձն օգտագործելով՝ ոչնչի առաջ կանգ չի առնի՝ ավելի ու ավելի ահագնացնելով վախի մթնոլորտը: Մեծ հաշվով, արդյոք շա՞տ է տարբերությունը, թե ինչ եղանակով ես ընտրություններում հաղթում՝ ընտրակեղծիքի՞, թե՞ սպառնալիքի: Երկուսն էլ անթույլատրելի են: Եթե այսօր աչք փակենք նշված փորձանքների վրա, հաջորդ ընտրություններում արդեն բռնապետական 94 տոկոս կունենանք: Փոքր փորձանքները ժամանակի ընթացքում մեծ չարիքներ են դառնում... Անկախության 27 տարիներին   բազմիցս համոզվել ենք դրանում:

Մի խրատ պիտի քաղե՞նք դրանցից, թե դարձյալ նույն խոտոր ճամփեն պիտի բռնենք:

2018-ի Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ տարատեսակ, անգամ ամենահակադիր հետևություններ և վերլուծություններ են արվում՝ հիմքում դիտարկելով դրանք որպես ապագա համապետական ընտրությունների մանրակերտ:

Ինչևէ, մայրաքաղաքը գործիմաց կառավարելու դժվարին ևծայրաստիճան պատասխանատու գործում հաջողություն մաղթենք նորընտիր քաղաքապետին, ում ձայն է տվել ընտրողների 81 տոկոսը... շեշտենք՝ ընտրությանը մասնակցածների, այլ ոչ թե երևանցիների: Եթե ընտրության իրավունք ունեցող 848 343 երևանցիների 81 տոկոսի ձայները ստանար հաղթող ուժը, ապա լիակատար իրավունք կունենար առնվազն մայրաքաղաքային ժողովրդի անունից հանդես գալու: Սակայն երևանցիների 57 տոկոսն ընտրության ընդհանրապես չի գնացել: Այսինքն՝ մայրաքաղաքում «ժողովրդի կուռքի» ընտրազանգվածը 294 109 է... քիչ չէ՞, արդյոք, ողջ ժողովրդի կամքի արտահայտիչը լինելու համար: Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլ»-ի 34 տոկոսը խորհրդարանում ունեցած «Ելք»-ի 7 տոկոսի հնգապատիկն է, և մեկ տարում իրոք մեծ առաջընթաց է երիտասարդ հեղափոխականների համար, սակայն դա ողջ ժողովուրդը չէ՛ և առնվազն մանկամտություն է հույսը դնել չքվեարկածների վրա: Իսկ նրանք շա՛տ են, և իրենց ձայնի արժեքը լավ գիտեն... քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆանտաստիկ բնորոշմամբ՝ Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների» կուսակցությունը...

Ակնհայտորեն, «տանը նստածները» կարևորագույն գործոն են դառնալու առաջիկա քաղաքական գործընթացներում, քանի որ կորցնելու բան առանձնապես չունեն՝ բիզնեսներ ու օֆշորներում միլիոններ չունեն, հարկերից խուսափելու համար հսկայական եկամուտներ չունեն... նրանք միայն մեկ վախ ունեն՝ Հայաստանի և Արցախի անվտանգությունը հարցականի տակ դնելու վախը, որին դիմակայելը վեր է ամեն կարգի անձնական հարցերից: Անսահման չէ դրական փոփոխություներին հատկացված սպասման և համբերության   ժամկետը... իսկ 57-ը 34-ից մեկ ու կես անգամ շատ է... այս պատկերն իրականին ավելի մոտ է:

 

Լիա Իվանյան

Գրող, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ