Ավարտվեց նախընտրական քարոզարշավը։ Նրանք, ովքեր կհամարեն, որ քարոզարշավն անցավ սիրո և հանդուրժողականության մթնոլորտում, ուրեմն իրավիճակը չեն գիտակցում այնպես, ինչպես կա իրականում։
Իրականում քարոզարշավն անցավ ատելության մեծ չափաբաժնի առկայությամբ։ Ու գլխավոր պատճառը՝ չզարմանաք, ընտրակաշառքի բացակայությունն էր։ Նախորդիվ, երբ կար մերժելի ընտրակաշառքը, մարդիկ՝ թեկնածուները, զուր ջանք չէին թափում ակտիվ քարոզարշավ տանելու համար, միմյանց զուր տեղը չէին կոպտում, մեկ է՝ վերջում փող էին բաժանելու, ինչո՞ւ վատամարդ դուրս գային։ Իսկ այս ընտրություններում, երբ փողը մերժվեց, լայն կիրառության մտան Հայոց լեզվի բոլոր վիրավորական բառերը։ Թերևս նախորդ քարոզարշավներին միակ նմանությունն այն էր, որ անխնա կիրառվեց նաև վարչական ռեսուրսը։ Այս երկուսն էլ կիրառեց հիմնականում միայն Նիկոլ Փաշինյանը, թեև առաջինը կարող էին բոլորը, իսկ երկրորդի՝ վարչական ռեսուրսի կիրառման հնարավորություն ունեին ընտրություններին քվեարկվող առնվազն երեք ուժեր ևս։
Վարչական ռեսուրսի կիրառումը Նիկոլ Փաշինյանի ներգրավումն էր քարոզչական ողջ գործընթացին։ Լինելով վարչապետ և լինելով այս պահին հանրության աջակցությունը վայելող իշխանական միակ գործիչ՝ նա քարոզարշավը միայնակ տարավ։ Բայց այդքանով չբավարարվեց, նա որոշեց մյուս ուժերին զրկել ձայներից ամբողջությամբ ու սկսեց գործածել բառապաշար, որով անգամ փողոցայիններն իրար չեն դիմում՝ գոնե ինչ–որ չափով իրար նկատմամբ հարգանք ցուցաբերելով։
Հենց քարոզչության սկզբից վարչապետը դաշտը բաժանեց սև ու սպիտակի, սպիտակ համարեց բացառապես «Իմ քայլը» դաշինքին, սև՝ մյուս բոլորին, նա սպառնաց պատերին ծեփել, ասֆալտին փռել ու չգիտես թե ինչեր անել։ Իսկ որ ամենազավեշտալին էր, այդ ամենը շարունակ փաթեթավորում էր սիրո և հանդուրժողականության վերաբերյալ ձևակերպումներով՝ չմոռանալով այդ ամենն անել ժողովրդի անունից։
Ուշադրույթուն դարձրեք՝ բոլոր թեկնածուները հայտարարում էին, կոչ անում ընտրել ում կամենում են, բայց ընտրել խղճի մտոք, բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Նա պահանջեց ընտրել բացառապես «Իմ քայլը» դաշինքին, որովհետև մյուսները, ըստ նրա, սև ուժեր են, բանակցում են ՀՀԿ–ի հետ։ Ասաց, որ ով չընտրի իր ներկայացրած ուժին, ուրեմն դեմ է հեղափոխությանը։
Նա այս ընտրությունները վերածեց կենաց ու մահու պայքարի, ժողովրդին կոչ արեց ընտրություն կատարել կամ իր կամ նախորդ ռեժիմի միջև՝ մոռանալով, որ ինքը Ավարայրի դաշտում չէ։ Հասկացրեց, որ եթե պետք լինի՝ ամեն ծայրահեղ քայլի կգնա հանուն Երևանի քաղաքապետի պաշտոնակռվում իր թեկնածուի հաղթանակի։
Ու ամենաբացասական նվերը, որ կարող էր Փաշինյանը տալ հանրությանը, Երևանի քաղաքապետի ընտրությունը ծայրաստիճան քաղաքականացնելն էր և ատելության չափազանց մեծ դոզայով միջոցառման վերածումը։ Նա այդպես էլ չխոսեց մայրաքաղաքի որևէ խնդրից՝ տպավորություն ստեղծելով, թե միակ խնդիրը սևերն ու հակահեղափոխականներն են, որոնց ինքն է հորինել։
Հանուն ընտրություններում հաղթանակի՝ նա սևացրեց իր նախկին թիմակիցներին, որոնց մինչ այս ուզում էր ձուլել իր կուսակցությունը։
Փաշինյանն անգամ չթողեց, որ իր թեկնածուն երևա արժանի կողմերով, ինքը վերցրեց իր վրա և խոսեց բոլորի փոխարեն ու տպավորություն առաջացրեց, որ եթե ունենար նման իրավունք, վարչապետին համատեղ կաշխատեր նաև Երևանի ավագանու անդամ կամ քաղաքապետ։
Նիկոլ Փաշինյանն ընտրությունները հասցրեց բևեռացման ամենավտանգավոր գծին, եղած ատելությունը բեմերից ներարկեց շարքային կողմնակիցներին՝ պատրաստելով նրանց կիրակի բաց թողնելու։ Այս պատերազմի սերմերը, որ ցանվեց, միանգամայն հնարավոր է, որ կիրակի՝ ընտրությունների ժամանակ, ծիլ տան։ Աստված չանի...
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը