10 09 2018

Հեղափոխական վարչապետը կդառնա՞ «հակահեղափոխական». Վերլուծական

Հեղափոխական վարչապետը կդառնա՞ «հակահեղափոխական». Վերլուծական

Կարծես թե` աղետալի ոչինչ չկատարվեց նոր վարչապետի մոսկովյան այցի շրջանակներում: Այնուամենայնիվ. սաստիկ ցավալի է, որ իմ երկրի բարձրագույն ղեկավարը խեղճացած էր ու ամեն պահի ստիպված էր արդարանալ: Տեսանելի էր, որ օրեր առաջվա «բավականին շոգ»-ից առաջացած քրտինքը հիմա աչքն է լցվում:

Պուտինը Նիկոլի հետ շփվում էր, ինչպես վարվում են մոլորյալ զավակի հետ, բայց զուսպ ու պատշաճորեն ցուցադրում էր, որ զրուցակիցը ռազմավարական գործընկեր երկրի գլուխն է: Նիկոլը ամեն կերպ ջանում էր դուր գալ, ինչպես դա անում է կրկեսի արջը` վարժեցնողից մի պատառ ևս ստանալու համար: Դեմքը պահելու համար էլ անդադար լայնատարած ժպտում էր` ինչպես արևածաղիկը արևին: Դուխով շեշտեց, թե զրուցակցի հետ անձնական հարաբերություններ ունի, որոնք փայլուն են, ինչը ակներև զարմացրեց Պուտինին:

Սելֆիի կախարդական փայտիկն օգտագործելու ու լայֆի հնարավորությունն այս անգամ էլ չունեցավ: Փոխարենն իր կարճ խոսքում Նիկոլը «օտնոշենիե» բառը հնարավոր բոլոր ձևերով հոլովեց 21 անգամ` հարաբերություններ, վերաբերմունք, առնչություն, փոխադարձ կապ, կախվածություն իմաստներով:

Նոր Հայաստանի վարչապետը, որ ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվել ընդդիմադիր պագամավորի ու լրագրող-խմբագրի հոգեվիճակից, իրեն խիստ գուրգուրված էր զգում, որ ներկա է լինելու Մոսկվայի տոնին, սեփական աչքերով տեսնելու է ճոխ հրավառություն ու էլի շատ այլ հրաշալիքներ: «Էս ու՞ր եմ հասել, ո՞ւմ հետ եմ նստում-վեր կենում» միտքը դաջվել է նրա դեմքին:

Ի դեպ. Երևանում, Մոսկվայում ու Սանկտ-Պետերբուրգում, աշխարհի այլ քաղաքների իշխանական ռեզիդենցիաներում, նախագահական նստավայրերում, պառլամենտների հարկաբաժիններում, միջազգային կառույցների կուլիսներում բազմիցս եմ «չնաշխարհիկ» բաներ տեսել: Հստակ գիտակցում եմ, որ դրանց մասին երբեք չեմ գրի, ինչպես որ հեղափոխական վարչապետը երբեք չի խոստովանի, որ հաջորդած հանդիպումը հայ գործարների հետ «հակահեղափոխական» կանվաներ, եթե չկարողանար զսպել հրապարակայնորեն արտահայտվելու ու ընկճված համակիրներին նոր դուխ հաղորդելու բուռն ցանկությունը:

Հայ գործարարները հեղափոխական վարչապետին ուղղակի սթափեցրեցին. «Գորածարար հանդիպում է, ոչ թե հանարահավաք: Խոսենք թվերով, ոչ թե` կոչերով ու կարգախոսներով: Մենք դրանք շատ ենք լսել»: Շեշտեցին, որ հեղափախական Հայաստանում ներդրումները թեև խոսքով խրախուսվում են, բայց քաղաքական քաոսի պայմաններում դրա համար չկա կայուն ու կանխատեսելի տնտեսական ու գործարար միջավայր:

Ռուսաստանի հայ բիզնեսմենները հստակ ընդգծեցին, որ նոր կառավարությունը չունի տնտեսական ծրագիր ու առաջնահերթություններ, ուղղվածություն ու նպատակ: Կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարն էլ վերածվում է հարստահարության ու հաշվեհարդարի, տնտեսական տեռորի, ինչից բիզնեսը խրտնում ու փախչում է:

Հայաստանում արդեն իսկ ներդրումներ կատարելու փորձեր ձեռնարկածները միահամուռ կրկնեցին, որ հարկային համակարգը մրցունակ չէ, հստակեցված չէ հարկային բեռն ու օրենսդրական զարգացումների հեռանկարը: Գործարարներն ու պոտենցիալ ներդրողները չունեն կառավարության պատասխանատուների հետ առարկայորեն երկխոսելու արդյունավետ հնարավորություն, իսկ պատահականորեն ստացվող զրույցներից հետո մնում են չընկալված, բախվում են անգետ, արհամարհական, անհարգալից, արկածախնդիր դրսևորումների:

Առանձնակիորեն շեշտվեց բիզնեսմեններին «սվոյ-չուժոյ»-ի, սևերի ու սպիտակների բաժանելու արատավոր երևույթի արմատավարումը: Բազմաթիվ բիզնեսմեններ ընդգծեցին, որ նախորդ իշխանությունների օրոք Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալածներին, նոր իշխանությունների հետ որոշակի անհամաձայնություններ ունեցողներին հեշտությամբ համարում են «ազգի թշնամի»:

Նոր Հայաստանի հեղափոխական վարչապետը թեև կրկնեց բազմիցս հնչեցրած կարգախոսները` պաշտպանական բնազդով, բայց նաև ստիպված եղավ գիտակցաբար սրբագրել կամ հիմնովին խմբագրել որոշ դրույթներ ու մոտեցումներ: Դե, նույն փոցխին անընդհատ կանգնելուց նույնիսկ պինդ ճակատն է ճաքում: Եթե Ռուսաստանի հայ բիզնեսմենների նման շահագրգիռ ու հետևողական լինեն նաև երևանցիները առաջիկա ընտրություններին, մենք` բոլորս այսուհետ, ապա հեղափոխական պոպուլիզը, հավատացած եմ, կնահանջի, դիլետանտներն էլ ստիպված կլինեն հեռանալ ստացած պատասխանատու պաշտոններից:

 

Գոռ Հարությունյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ