07 12 2024

Դրամն արժեզրկվում է. Առաջին հերթին կթանկանան լայն սպառման ապրանքները․ 168․am

Դրամն արժեզրկվում է. Առաջին հերթին կթանկանան լայն սպառման ապրանքները․ 168․am

 

168․am-ը գրում է․ 

Վերջին օրերին արժութային շուկան անհանգստության նշաններ է ցույց տալիս։ Բացառությամբ ռուսական ռուբլու, մյուս բոլոր հիմնական արժույթների փոխարժեքները բարձրացրել են։ Գուցե ոչ շատ մեծ չափով, բայց դրամի նկատմամբ թանկացել է՝ ինչպես դոլարը, այնպես էլ՝ եվրոն։ Եթե մեկ շաբաթ առաջ դոլարի վաճառքի գինը 388 դրամ էր, հիմա անցնում է 400-ից։

Մի քանի օրում գրեթե 13-14 նիշով բարձրացել է։ Սա շուրջ 3,5 տոկոսանոց թանկացում է։

Թանկացել է նաև եվրոպական արժույթը։ Եվրոյի փոխարժեքը, վերջին օրերի արժևորումից հետո, տատանվում է 420-425 դրամի սահմաններում։

Փոխարենը՝ էժանացել է ռուսական ռուբլին։ Ռուբլու փոխարժեքը կրկին իջել է 4 դրամից։ Փոխանակման կետերում առք ու վաճառքի գինը տատանվում է 3,7-3,8 դրամի միջակայքում։

Ի տարբերություն դոլարի ու եվրոյի, Հայաստանում ռուբլու էժանացումը կապված է Ռուսաստանի արժութային շուկայի զարգացումների հետ։ Վերջին 10 օրերին ՌԴ-ում ռուբլու արժեզրկումը կրկին արագացել է՝ պայմանավորված նոր պատժամիջոցներով, որոնք ներառում են նաև բանկային համակարգը։

Ռուբլու վրա տարադրամի ճնշումը թուլացնելու և հատկապես գնաճը մեղմելու նպատակով, ՌԴ Կենտրոնական բանկն ավելի վաղ կտրուկ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով աննախադեպ 21 տոկոսի։ Բայց անգամ դա չզսպեց ռուբլու հերթական արժեզրկումը։

Ռուսական շուկայում ռուբլու էժանացմամբ պայմանավորված՝ ռուբլին արժեզրկվեց նաև Հայաստանում։ Դա անհամեմատ ավելին կլիներ, եթե վերջին օրերին չարժեզրկվեր նաև դրամը։

Այն, ինչ կատարվում է Հայաստանի արժութային շուկայում տարադրամի, այդ թվում՝ դոլարի ու եվրոյի փոխարժեքների բարձրացման հետ, առաջին հերթին դրամի արժեզրկման հետևանք է։ Ավելացել է դրամի առաջարկը, մեծացել է տարադրամի պահանջարկը՝ հանգեցնելով տարբեր արժույթների նկատմամբ դրամի դիրքերի թուլացման։

Թե ի՞նչը կարող էր պատճառ դառնալ դրամի առաջարկի ավելացման, պատճառները տարբեր են։

Ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ Կենտրոնական բանկը վարում է դրամի ընդլայնողական քաղաքականություն։ Նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ փորձելով խթանել տնտեսության մեջ մտնող դրամային հոսքերը։ Չի բացառվում, որ շուկայի վրա սկսել է զգացնել տալ այս քաղաքականության ազդեցությունը՝ հանգեցնելով դրամի թուլացման։

Դրամի թուլացումը կարող է կապված լինել նաև իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության հետ։

Կառավարությունը, ինչպես միշտ, չի կարողանում համաչափ իրականացնել պետական բյուջեի ծախսերը։ Սովորաբար դրանց ֆինանսավորումը տեղափոխվում է տարեվերջին, ինչն էլ մեծացնում է շուկայում դրամի առաջարկը։

Դրամի թուլացման վրա ազդող մյուս գործոնն էլ կարող է լինել նախաամանորյա ակտիվ առևտրի նախապատրաստությունը։ Ներմուծումները ֆինանսավորելու համար՝ շուկայում ավելանում է տարադրամի պահանջարկը։ Նախորդ մեկ-երկու տարիներին դա ճնշումներ չէր առաջացնում փոխարժեքների վրա՝ պայմանավորած տարադրամի հսկայական հոսքերով։ Այս տարի այդ հոսքերն էապես պակասել են՝ դրամի առաջարկի ավելացման պայմաններում մեծացնելով ճնշումը փոխարժեքների վրա։

Բայց, որ առավել հավանական է, այս ամենի հիմքում ավելի շատ վստահության կորուստն է։

Դրամի թուլացման վրա նկատելի է սպասումների ազդեցությունը, որը բխում է՝ ինչպես տնտեսական իրավիճակից, այնպես էլ՝ արտաքին ֆինանսական հոսքերի կրճատումից։

Շուկայում սպասումներ են ձևավորվել դրամի արժեզրկման ուղղությամբ, ինչն էլ արտահայտվում է նաև տարադրամի առք ու վաճառքի գների տարբերության խորացմամբ։ Դոլարի պարագայում առքի գինը վերջին օրերին 4-5 դրամով ավելի ցածր է վաճառքի գնից։ Նույնը նաև եվրոյի պարագայում է։ Հանգիստ պայմաններում փոխարժեքների առք ու վաճառքի տարբերությունները շատ ավելի փոքր են՝ տատանվում են հիմնականում 1,5-2 դրամի սահմաններում։ Սա սպասումների ու անորոշության հետևանք է, որում հայտնվել է փոխարժեքի շուկան։ Շուկայի մասնակիցները նման իրավիճակներին արձագանքում են տարադրամի առք ու վաճառքի գների տարբերությունն ավելացնելու միջոցով՝ փորձելով իրենց ապահովագրել փոխարժեքի տատանումների հետևանքով առաջացող հնարավոր կորուստներից։

Դրամի թուլացման հետ կապված որոշակի սպասումներ առաջացան այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կառավարությունը հաջորդ տարի դոլարի զգալի թանկացում է սպասում։ Պետական բյուջեի, մասնավորապես՝ արտաքին պարտքի կանխատեսումների հիմքում դոլարի 430 դրամ միջին փոխարժեք է ամրագրվել։ Իսկ դա նշանակում է, որ տարվա ընթացքում դոլարի գինը դրանից շատ ավելի բարձր կարող է լինել։

Փոխարժեքի այս վայրիվերումները և հատկապես դրամի արժեզրկումը, որը վերջին օրերին նկատվում է արժութային շուկայում, պահպանվելու դեպքում կմեծացնի ճնշումը գնաճի վրա։ Որքան էլ Հայաստանում պաշտոնապես գնաճ չկա կամ շատ ցածր է, դա հանգեցնելու է ներմուծվող ապրանքների գների որոշակի թանկացման։ Այդ թանկացումը, ինչպես սովորաբար լինում է, առնչվելու է առաջին հերթին՝ լայն սպառման ապրանքներին։

Անգամ ցածր գնաճի պայմաններում, այս ապրանքների գները Հայաստանում երբեմն չափից դուրս բարձր են ու դրամի թուլացման պայմաններում՝ սպառնում են ավելի բարձրանալ։

Թվում է, թե դրամի այս տեղաշարժերը նպաստավոր են տնտեսության արտահանելի հատվածի համար, որը վերջին տարիներին ազգային արժույթի էական ամրապնդման հետևանքով հասցրել է լուրջ կորուստներ կրել։ Բայց եթե հաշվի առնենք, որ հայկական արտադրության ապրանքների արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, իսկ ռուսական ռուբլին էլ ավելի է արժեզրկվում, դրանից հայկական արտադրողներն ավելի են տուժելու։ Ռուբլին ոչ միայն արժեզրկված է մնում դրամի նկատմամբ, այլև այդ երևույթի խորացում է տեղի ունենում, ինչն էլ հավելյալ կորուստներ է առաջացնում հայկական ապրանք արտադրողների ու ռուսական շուկայում իրացնողների համար։

Ռուբլու թուլացումը դրամի նկատմամբ տնտեսական առումով ձեռնտու չէ այս շուկայում աշխատող հայաստանյան ընկերությունների համար։

Այն մեծապես հարվածում է նաև Հայաստանի այն բազմաթիվ քաղաքացիներին, որոնց եկամուտները ձևավորվում են ռուբլիով։ Այդպիսիք հաստատապես տասնյակ, եթե ոչ՝ հարյուր հազարներ են, որոնք կորուստներ են ունենում դրամի նկատմամբ ռուբլու արժեզրկման  հետևանքով։

Ինչ վերաբերում է դոլարի ու եվրոյի նկատմամբ դրամի վերջին օրերի թուլացման տնտեսական նշանակությանը, ապա վաղ է խոսել դրա մասին։ Դրամի այսքան ամրապնդումից ու արժևորումից հետո, շատ ճանապարհ պետք է անցնել փոխարժեքի շուկայից վերջին տարիներին թելադրված անգամ կորուստները վերականգնելու համար։

Հատկապես որ, արժութային շուկայում վերջին օրերի շարժերը բազմաթիվ անորոշություններ են պարունակում։ Ու դեռ վաղ է հեռուն գնացող հետևություններ անել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ