02 12 2024

Հազարավոր աշխատատեղերի փակում, համատարած թանկացումներ․ 2025-ի մռայլ հեռանկարները

Հազարավոր աշխատատեղերի փակում, համատարած թանկացումներ․ 2025-ի մռայլ հեռանկարները

168.am-ը գրում է.

Հարկման ընդհանուր համակարգին անցնելու անվան տակ կառավարությունը փոքր բիզնեսի հարկային բեռն անգամներով ավելացնում է, հանում է շրջանառության հարկի դաշտից, փոխարենը՝ նույն դաշտում գործող խոշոր բիզնեսին արտոնություններ է տալիս, նվազեցնում է շրջանառության հարկը։ Այսքանից հետո փորձում են համոզել, թե շրջանառության հարկը վնասակար է պետության համար, ու պետք է հրաժարվել դրանից։

Այնտեղ են հասել, որ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարում է, թե շրջանառության հարկն ապապետական հարկատեսակ է, իսկ հարկային օրենսգիրքը խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը։

«Մեր հարկային օրենսգիրքը չի խրախուսում զարգացումը, ավելի շատ փող աշխատելը: Ինչքան էլ տհաճ է հնչում, բայց շրջանառության հարկն ու շրջանառության հարկի համակարգն ապապետական հարկային համակարգ է»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Երբ քաղաքական նպատակներով փոքր բիզնեսին արտոնություններ էին շռայլում, այն ժամանակ շրջանառության հարկն «ապապետական» չէր, իսկ հարկային օրենսգիրքը չէր խոչընդոտում բիզնեսի զարգացմանը, հիմա սկսեց խոչընդոտել։ Կարծես օրենքներն իրենք չեն գրել ու ընդունել։

Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականը հաշվել է, որ 2018 թվականից ի վեր հարկային օրենսգիրքը 119 անգամ փոփոխել են։ 533 էջ փոփոխություններ են կատարել։

Ու այդքան փոփոխություններից հետո են միայն հասկացել, որ շրջանառության հարկն «ապապետական» է, իսկ հարկային օրենսգիքը խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը։

Եթե համարենք, որ այդպես է, նշանակում է՝ միտումնավոր կամ չիմացությամբ ձևավորել են մի հարկային համակարգ, որն արգելել է տնտեսության զարգացումը։

Վեց ու կես տարի հետո գլխի են ընկել, որ տնտեսությունը զարգացնելու համար հարկավոր է վերացնել փոքր բիզնեսի արտոնությունները։

«Կառավարության քաղաքականությունն այս փուլում ուղղված է հարկման ընդհանուր համակարգերին, շրջանառության հարկի համակարգի և միկրոձեռնարկատիրության կիրառության շրջանակի կրճատմանը: Դրա նպատակը հարկման հավասարության ու արդարության սկզբունքների ամրապնդումն է»,- փոքր բիզնեսն ընդհանուր հարկի դաշտ տեղափոխելն այսպես է հիմնավորում ֆինանսների նախարարի տեղակալը։

Ասում է՝ անարդար է, որ մասնագիտական աշխատանք կատարող բուժաշխատողը կամ ուսուցիչն իր աշխատավարձից վճարում է 20 տոկոս եկամտահարկ, իսկ, օրինակ, անհատ ձեռնարկատերը՝ կա՛մ հարկ չի վճարում, եթե միկրոձեռնարկատիրական հարկման արտոնյալ պայմաններում է գործում, կա՛մ վճարում է ընդամենը 5 տոկոս շրջանառության հարկ:

Հիշում են, որ փոքր բիզնեսի ոլորտում զբաղվածներն ավելի քիչ եկամտային հարկ են վճարում, քան ուսուցիչներն ու բուժաշխատողները, բայց չեն հիշում, որ նույն ՏՏ-ում, որտեղ աստղաբաշխական աշխատավարձեր են վճարում, եկամտային հարկը կրկնակի ցածր է։ Չգիտես ինչու, չեն ասում՝ անարդար է, որ ուսուցիչներն ու բուժաշխատողները 20 տոկոս եկամտային հարկ են վճարում, իսկ ՏՏ-ում զբաղվածները՝ 10 տոկոս։

Ավելին՝ փոքր բիզնեսի հարկային բեռն ավելացնում են, տեղափոխում են հարկման ընդհանուր համակարգ, որպեսզի իրենց ասելով՝ վերականգնեն արդարությունը, զարգացման հնարավորություն տան, իսկ ՏՏ-ն թողնում են շրջանառության հարկի դաշտում։ Շրջանառության հարկը պատրաստվում են ՏՏ համար նույնիսկ կիսով չափ նվազեցնել։

Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ մի դեպքում շրջանառության հարկն «ապապետական» է ու պետք է վերացնել, իսկ մյուս դեպքում՝ «ապապետական» հարկի արտոնության չափն  ընդլայնվում է։ Փոքր բիզնեսը հանում են «ապապետական» հարկման համակարգից, տեղափոխում ընդհանուր հարկման դաշտ, պատրաստվում հարկել ԱԱՀ-ով ու շահութահարկով, իսկ ՏՏ-ում շրջանառության հարկը 5 տոկոսից իջեցնում են 2,5 տոկոսի։

Փոքր բիզնեսի հարկային բեռն անգամներով ավելացնում են, որ ՏՏ-ինը նվազեցնեն։ Դա էլ քիչ է, ընդամենը մի քանի միլիոն դրամի շրջանառություն ունեցող փոքր բիզնեսի արտոնությունները վերացնում են, մինչդեռ ՏՏ խոշոր ընկերությունների համար պետական բյուջեից միլիարդավոր դրամների արտոնություններ են պատրաստվում տալ։ Այդքանից հետո, ուզում են հավատացնել, թե այս փոփոխություններով հարկային անարդարություններն են վերացնում, որպեսզի բժիշկն ու ուսուցիչն ավելի շատ հարկ չվճարեն, քան փոքր բիզնեսում զբաղվածները։

Մասնագիտական գործունեությանը, որը որոշել են հարկման ընդհանուր համակարգ տեղափոխել, սպասվում է 6 անգամով հարկային բեռի ավելացում։ Այսօրվա 5 տոկոսից կհասնի 30 տոկոսի, որոշ դեպքերում՝ ավելի շատ։

Փոքր բիզնեսը նույնիսկ չի էլ պատկերացնում, թե ինչ փորձանք են բերելու իր գլխին։ Մինչ շատերը կողքից լուռ հետևում են, կառավարությունն իր սև գործն է անում։

Ժամանակին անգամ շրջանառության հարկի շեմերի փոփոխությունների փորձերը մեծ վայնասուն էին առաջացնում առևտրի, ծառայությունների, մասնագիտական ոլորտում գործող փոքր բիզնեսի ներկայացուցիչների շրջանում։ Այսօր հարկային բեռն անգամներով բարձրացնում են, բայց բիզնեսը քնած է։ Դեռ չեն գիտակցում, թե ինչ է իրենց սպասվում։ Վաղը, երբ կզգան այս փոփոխությունների ազդեցությունը, կհասկանան, թե ինչ աղետի առաջ են կանգնեցրել իրենց։ Դրան շատ չի մնացել։

Հունվարի 1-ից հարկային բեռի ավելացումները փոքր բիզնեսի բազմաթիվ տեսակների, այդ թվում՝ առևտրով զբաղվողների համար, կմտնեն գործողության մեջ։ Ստիպված կլինեն անհամեմատ ավելի շատ վճարել, քան վճարում էին մինչև հիմա։ Հարկադրված կբարձրացնեն գները՝ դրանից բխող հետևանքներով։

Ի՞նչ եք կարծում, դրանից հետո սպառողները կշարունակե՞ն օգտվել փոքր առևտրի օբյեկտների թանկացած ծառայություններից, թե՞ նախապատվությունը կտան խոշորներին, որտեղ հարկային բեռը կմնա նույնը։

Փոքրերը դուրս կմղվեն, բիզնեսը կտեղափոխվի խոշորների մոտ։

Սպասվում է տասնյակ-հազարավոր աշխատատեղերի փակում ու աշխատողների կրճատում, համատարած թանկացումներ։ Կառավարությունը փոքր բիզնեսին շնչահեղձ է անում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ