27 11 2024

Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է. «Լույս» հիմնադրամ

Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է. «Լույս» հիմնադրամ

«Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։

Այսպիսով՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակել է դանդաղել՝ հոկտեմբերին արձանագրելով այս տարվա ամենացածր ցուցանիշը` 4.2%, որը շուրջ 2.8 տոկոսային կետով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից: Արդյունքում հունվար-հոկտեմբերի աճը ևս դանդաղել է նախորդ ամսվա կուտակային ցուցանիշի համեմատ։ Հաշվի առնելով նախորդ տարվա վերջի բարձր բազան՝ ՏԱՑ-ը կշարունակի դանդաղել նաև ընթացիկ տարվա հաջորդ՝ վերջին երկու ամիսներին։

Արդյունաբերության և արտահանման աճերը հիմնված են ՀՀ տնտեսության հետ քիչ կապ ունեցող գործոնների վրա: Ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման կառուցվածքում բարձր աճ ապահովող գործոնը ոսկերչական գործունեությունն է, որը, ըստ էության, վերաարտահանում է։ Առանց այդ գործունեության նպաստման, ընդհանուր արդյունաբերությունն անկում է ապրել 0.4%-ով, իսկ արտահանումը` 8.4%-ով։ Սա ՀՀ տնտեսության արդյունաբերական և արտահանելի հատվածի իրական միտումն է, ինչը բնականաբար մտահոգիչ է, և այս ուղղությամբ տնտեսական քաղաքականության ակտիվ քայլերի անհրաժեշտությունն առավել է մեծանում։

Գնաճը գտնվում է բավական ցածր մակարդակում, իսկ միջին գնաճը զրոյական է՝ չնայած ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության շարունակական մեղմացմանը։ Ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ ԿԲ-ն շուրջ 2.0 տոկոսային կետով նվազեցրել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը, սակայն գնաճը միջինում մնացել է 0%-ի միջակայքում։ Թեև գնաճի ցածր ցուցանիշը պայմանավորվում է նաև ներմուծված գների ցածր աճով, այնուամենայնիվ, այն արտացոլում է նաև ներքին տնտեսությունում ցածր պահանջարկը։

Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է։ Տնտեսական ակտիվության տեմպը աստիճանաբար դանդաղում է, ինչը նշանակում է, որ 2024թ. փաստացի իրական ՀՆԱ-ի աճը կլինի ավելի ցածր, քան բյուջեի հիմքում դրված 7.0%-ը (կառավարությունը նույնպես վերանայել է աճի կանխատեսումը դեպի ներքև)։ Սակայն բյուջեի եկամուտների և ծախսերի ներկա աճերի պահպանման պարագայում պակասուրդը կհասնի պլանավորված մակարդակին՝ ՀՆԱ-ի նկատմամբ լինելով ավելի բարձր, քան նախատեսվում էր։ Արդյունքում կառավարության պարտքի մակարդակը ևս կգերազանցի պլանավորված ցուցանիշը։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ