30 11 2024

Դատավորին թվում էր, թե նստած է իրենց հայաթի «բեսեդկայում» և զրուցում է «պադեզդի» հարևանների հետ․ «Հրապարակ»

Դատավորին թվում էր, թե նստած է իրենց հայաթի «բեսեդկայում» և զրուցում է «պադեզդի» հարևանների հետ․ «Հրապարակ»

 

Հակակոռուպցիոն դատարանում օրերս շարունակվում էր Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի  դատավարությունը։ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի վրդովմունքը, թե` «իմ համբերության բաժակը լցվել է»` 7 տարի գործ են քննում դատարանները, անմիջապես ազդեց այս դատավարության վրա, և դատավորը, որ 2018-ին ՔՊ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու էր առաջադրվել, ապա դատավոր դարձել, անմիջապես որոշում կայացրեց բերման ենթարկել «մեղադրյալներին»: Այս գործի ողջ աբսուրդն այն է, որ չկա մեղադրանք, չկա հոդված, որով ընթանում է դատավարությունը, և մեղադրյալները չէին ներկայանում դատարան` ի նշան բողոքի: Այդ որոշումից հետո` նոյեմբերի 28-ին կայացած դատական նիստին նրանք կամովին ներկայացել էին:

Քանի որ կարծես թե երկրում նախընտրական քարոզարշավ է մեկնարկել, մենք պետք է պատրաստ լինենք առաջիկայում շատ նման տեսարաններ տեսնելու: Այդ շարքում էին նաև վերջին պաշտոնանկությունները ուժային և մյուս կառույցներում, նոր նշանակումները, Գյումրիում փրայմերիս անելը: Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նման քայլերով դեռ կարող է խաբել մարդկանց ու ձայներ փախցնել: Եվ այդ շոուների պարտադիր մաս է կազմում նախկինների ու հատկապես Ռոբերտ Քոչարյանի հրապարակային «խոշտանգումը»: Երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանը, որը շատ լավ է ընկալել հրահանգը, փորձում էր ՀՀ նախկին նախագահին նվաստացնել, վերաբերվել որպես շարքային հանցագործի, պահանջում էր, որ նա ոտքի կանգնի, հանի ականջակալը: Դատավորի կեցվածքում, խոսքում նկատելի էր, որ նա հարգանքի զգացում չունի և չի գիտակցում, որ երկիրը 10 տարի ղեկավարած անձի հետ է խոսում: «Հրապարակը» զրուցել է նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի հետ:

- Դատավոր Սարգիս Պետրոսյանը դատական նիստի ընթացքում Քոչարյանին նվաստացնելու փորձեր էր անում: Սրանից առաջ էլ Հրայր Թովմասյանի գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանն էր ՍԴ դատավորին փորձում նվաստացնել: Թեպետ մարդու իրավունքները հավասար են, և պետք է բոլորի հանդեպ հարգալից լինել, բայց պետական բարձր պաշտոն զբաղեցրած, վաստակ ունեցող անձանց հանդեպ առավել հարգալից է պետք լինել, տարբերություն չկա՞ նախկին նախագահի ու շարքային ամբաստանյալի միջև` դատավորների տեսանկյունից: Էթիկապես ճի՞շտ է այդ պահվածքը:

- Ականատես եղանք, մեղմ ասած, անհասկանալի դատավարության: Ուզում եմ դատավորին արդարացնել, ասեք՝ ինչո՞ւ:

- Ինչո՞ւ:

- Դուք պատկերացնո՞ւմ եք` մի անփորձ դատավորի տվել են անօրինական մի գործ, որն իրավաչափ չէ: Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մեկ քրեական գործ, որտեղ մեղադրանք չառաջադրվի: Նա շատ լավ գիտակցում է, որ ոչ իրավաչափ դաշտում է գործում, իրեն ուղղակի տվել են, հանձնարարել են այդ գործը: Սա մի գործ է, որն էն գլխից անօրինական է և չունի օբյեկտիվ քննության հեռանկար: Այդ վիճակում ի՞նչ է մնում այդ դատավորին, մնում է դերասանություններ անելը, դատավորին ոչ վայել պահելը, մանր-մունր հարցեր քննարկելն ու կռիվներ տալը, որը ո՛չ դատարանին է վայել, ո՛չ էլ դատավորին: Բայց ի՞նչ անի այդ դատավորը, նրան դրել են անհասկանալի իրավիճակի մեջ: Նա օրինաչափության պակասը լրացնում է անհասկանալի պահվածքով: Ես նման բան չէի տեսել: Դատարանում չկա նման բաներ անելու իրավունք: Ոչ ոք իրավունք չունի այնտեղ իր տղայի նկարից պատմել կամ խոսել հայրենասիրությունից: Այդ մարդը, լինելով դատավոր, չի պատկերացնում իր առաքելությունը: Նա մտածում է, որ նստած է իրենց հայաթի «բեսեդկայում» և զրուցում է իր «պադեզդի» հարևանների հետ: Խայտառակություն է ուղղակի, ես, որպես դատավոր, ցավով եմ արձանագրում այդ ամենը: Այս մոտեցմամբ ուղղակի ծաղրում են դատական իշխանությանը:

- Դատավորի անկախ լինելն ամենակարևոր հանգամանքներից է, բայց Սարգիս Պետրոսյանը ՔՊ-ական է եղել: Այս առումով ի՞նչ խնդիրներ են առաջանում:

- Սա էլ է խայտառակություն: Արդեն նախկին ԲԴԽ նախագահի քաղաքական հայացքներն իրեն չարգելեցին դառնալ ԲԴԽ նախագահ: Այնպես որ, այս դեպքում էլ զարմանալի ոչինչ չկա: Առաջ ո՞վ գիտեր՝ կուսակցությունն ինչ բան է: Կուսակցական դատավորի մասին խոսելն ավելորդ է: Ի՞նչ տեսանք մենք` տեսանք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը բոլորին հրեց ու առաջ անցավ, որ շուտ հրաժարական տա: Այդ քայլին գնաց SMS ստանալուց հետո: Բայց նա հաշվի չառավ, որ դատական իշխանության առաջ պատասխանատվություն ունի: Ինչո՞ւ լքեց իր պաշտոնը, այդ դեպքից հետո ո՞ր դատավորն ինչ կարող է անել: Դա օրինակ էր` նվաստացրին ամբողջ դատական իշխանությանը: Բոլոր դատավորները վիրավորված են, դեռ ոչ ոք նման ձևով չէր նվաստացրել դատավորներին: Նույնիսկ պատգամավոր Աղազարյանի չափ համարձակություն չունեցավ դիմադրելու` մեկ շաբաթ սպասելու: Անգամ չմտածեց, որ այդ քայլով նսեմացնում է բոլորին:

- Ի դեպ, Եվրոպական դատարանը քննում է լիազորությունները դադարեցված դատավորների գործերը: Կարո՞ղ է Կարեն Անդրեասյանի այս քայլն այդ գործերի վրա ազդել: Սա ապացույց չէ՞, որ ԲԴԽ-ն գործադիր իշխանությունից կախված մարմին է եղել այս ընթացքում:

- Այդ գործերն իրենց բնականոն հունով գնում են: Այստեղ խոսքը միայն մեր մասին չէ, խոսքն այն մասին է, որ դատական իշխանության վիճակը խայտառակություն է:

- Ձեր կարծիքով` Ռոբերտ Քոչարյանի գործն ի՞նչ ընթացք կստանա: Ինչպե՞ս կհանգուցալուծվի այդ գործը:

- Այդ գործի իմաստը ոչ մեկը չի հասկանում: Նույնիսկ մեղադրական եզրակացություն այդտեղ չկա: Եթե չկա մեղադրանք, չկա գործ: Ստացվում է, որ արդեն երեք նիստ է՝ պաշտպանական կողմը «խնդրում» է դատարանին ասել, թե ինչի մեջ են մեղադրում Քոչարյանին, դատարանն ասում է` համբերեք: Նման բան պատմության մեջ, դասագրքերի մեջ, որպես վատ օրինակ անգամ, չի եղել: Եթե օբյեկտիվ լինի դատարանը, ապա այս գործը կա՛մ պետք է կարճվի, կա՛մ Քոչարյանը պետք է արդարացվի:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ