28 11 2024

Հաջորդ տարի ևս Հայաստան կներմուծվի 8000 էլեկտրաշարժիչով ավտո՝ առանց մաքսատուրքի

Հաջորդ տարի ևս Հայաստան կներմուծվի 8000 էլեկտրաշարժիչով ավտո՝ առանց մաքսատուրքի

Հայաստանի Հանրապետությանը 2024 և 2025 թվականների համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա՝ 8 հազար հատ քանակով /յուրաքանչյուր տարի/, որի շրջանակներում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։

Ներկայումս գործող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2307-Ն որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման նկատմամբ սակագնային արտոնության գործողության ժամկետն ավարտվում է այս տարվա դեկտեմբերի 31-ին։

Կառավարությունն այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում հավանություն կտա նախագծին, որով առաջարկվում է ապահովել Հայաստանի Հանրապետությանը 2025 թվականի համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 8000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ, որից՝ ոչ ավելի, քան 5000 հատ քանակով՝ ներմուծումը թույլատրվում է ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր և 3000 հատից ոչ ավելի քանակով՝ անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի, ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի և փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի (համապատասխան սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր, լուսանկարներ) առկայության պարագայում:

Ընդ որում, նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից /5000 հատ/ օգտված շահառուները չեն կարող օգտվել նույն կետի 2-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից /3000 հատ/ և հակառակը՝ 1-ին կետի 2-րդ ենթակետի սակագնային արտոնությունից օգտվածները՝ նույն կետի 1-ին ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ