Օգոստոս ամսին նույնպես շարունակվել է մի քանի ամիս առաջ սկսված բյուջեի հարկային եկամուտների նվազումը։ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակման համաձայն, օգոտոսին հավաքվել է մոտ 97 մլրդ դրամի հարկային եկամուտներ, իսկ հունվար-օգոստոս ամիսներին՝ 887 մլրդ դրամ։ Հասկանալու համար, թե ի՞նչ թավագլոր անկման հետ գործ ունենք, դիտարկենք անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները, ապա այս տարվա նախնական և նվազեցված՝ ճշտված պլաններով սահմանված ցուցանիշները։
Այսպես, անցյալ տարվա օգոստոսին հավաքված հարկային եկամուտները կազմել էին 105 մլրդ դրամ, իսկ հունվար-օգոստոսին՝ 937 մլրդ դրամ։ Այսինքն, այս տարվա օգոստոսին պակաս է հավաքվել շուրջ 8 մլրդ դրամ, իսկ հունվար-օգոստոսին՝ շուրջ 50 մլրդ դրամ։ Եթե հաշվի առնենք, որ սովորաբար յուրաքանչյուր հաջորդ տարի ծրագրվում են բյուջեի ավելի բարձր եկամուտներ քան նախորդ տարում, ապա այս տարվա բյուջեի հարկային եկամուտների նվազումը խոսում է կառավարության ձախողման մասին։
Այժմ հարկային եկամուտների փաստացի պատկերը համեմատենք այս տարվա պլանավորվածի հետ։ Տարեկան պլանով հարկային եկամուտները պետք է կազմեին 1 տրլն 602 մլրդ դրամ, իսկ առաջին կիսամյակում՝ մոտ 770 մլրդ դրամ։ Սակայն վերջին թվի համեմատ, առաջին կիսամյակում պակաս է ստացվել 90 մլրդ դրամով՝ 680 մլրդ դրամ, իսկ հուլիս-օգոստոս ամսիներին եկամուտների հավաքման ցուցանիշը շարունակել է վատթարանալ։
Բյուջեի եկամուտների ճշտված պլանով, տարեկան հարկային եկամուտները նվազեցվել են և պետք է կազմեն 1 տրլն 447 մլրդ դրամ, իսկ առաջին կիսամյակում՝ 688 մլրդ դրամ։ Սակայն, ինչպես արդեն նշեցինք, տարվա առաջին կիսամյակում հավաքվել է մոտ 680 մլրդ դրամ։ Այսինքն, ճշտված՝ էապես նվազեցված պլանով նախատեսված հարկային եկամուտները կառավարությունն այս պահի դրությամբ չի կարողանում հավաքել։
Ի՞նչ է անում այս կացության մեջ վերոնշյալ կառավարության ղեկավարը։ ՀԴՄ կտրոն «խփելու» ռեպրեսիվ մեքենան է գործարկում փոքր բիզնեսի նկատմամբ, այդպիսով հույս ունենալով և պետական բյուջեն լցնել, և տնտեսությունը զարգացնել։ Տնտեսության մասին նրա ունեցած պատկերացումները սահմանափակվում են այսքանով։ Նիկոլ Փաշինյանին ոչ ոք չի ասում, որ ՀԴՄ կտրոնով տնտեսություն չեն զարգացնում, իսկ ճգնաժամային վիճակում, երբ բիզնեսի շրջանառությունը նվազում է՝ առավել ևս դա սխալ է անել։ Արդյունքում, տեղի է ունենում այն, ինչ պետք է տեղի ունենա՝ տնտեսական անկումը շարունակվում է, բյուջեի եկամուտները՝ նվազում։
Այսպիսով, ճշտված՝ նվազեցված հարկային եկամուտների պլանը կատարելու համար տարվա վերջին չորս ամիսներին անհրաժեշտ կլինի հավաքել մոտ 560 մլրդ դրամ կամ միջին ամսական՝ մոտ 140 մլրդ դրամ։ Մինչդեռ, վերջին չորս՝ մայիս-օգոստոս ամիսներին միջին ամսական հավաքված գումարը կազմել է մոտ 96 մլրդ դրամ։ Ներկայիս տեմպի պարագայում, ճշտված՝ նվազեցված պլանով տարեկան հարկային եկամուտները կառավարությունը չի կարողանալու հավաքել, և դրանք առնվազն 30-40 մլրդ դրամով պակաս կլինեն նախատեսվածից։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը