04 03 2024

Հայաստանի ճակատագիրը մազից է կախված․ վերլուծական

Հայաստանի ճակատագիրը մազից է կախված․ վերլուծական

7or.am-ը գրում է․ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու մասով վերջնագիր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին:

«Վերջապես կողմնորոշվե՛ք»,-հայտարարել է Լավրովը՝ դիմելով Փաշինյանին:

ՌԴ արտգործնախարարը նաև հայ ժողովրդին է դիմել: Ըստ նրա՝ եթե հայ ժողովուրդը համաձայն է Փաշինյանի վարած քաղաքականության հետ, ապա դա լրջագույն բաներ վերանայելու քայլերի կդրդի Ռուսաստանին: Թե որոնք կարող են լինել այդ քայլերը, դժվար չէ կռահել:

Սա աննախադեպ վիճակ է հայ-ռուսական հարաբերություններում: 1991-ի սեպտեմբերից հետո նման բան չի եղել: Դրանից առաջ եղել էր «Կոլցո» օպերացիան, որից հետո համապատասխան հետևություններ արվեցին: «Կոլցոյից» հետո հետևություն չարեց Բաքուն: Այնտեղի Նիկոլը՝ Էլչիբեյը, այստեղի Նիկոլի պես էր պահում իրեն՝ ինքնիշխանիստաբար, ինչի արդյունքում Ադրբեջանը լրջագույն խնդիրներ ունեցավ: Էլչիբեյը շփոթել էր ինքնիշխանությունը բոլորի ու հատկապես տարածաշրջանային երկրների հետ թշնամանալու հետ:

Հիմա էլչիբեյություն է անում Նիկոլ Փաշինյանը՝ առաջնորդվելով սեփական կաշվի փրկության, անձնական շահի ապահովման ծրագրերով ու կառավարվելով իր դրսի տերերի կողմից:

Նիկոլի դրսի տերերին հաջողվել է Նիկոլի միջոցով թշնամացնել հայ-ռուսական հարաբերությունները: Առնվազն դիվանագիտական մակարդակով հայ-ռուսական հարաբերությունները նմանվել են ռուս-ուկրաինական հարաբերություններին: Իսկ դա մեզ համար հղի է շատ կանխատեսելի ու սարսափելի հետևանքներով:

Արևմուտքի խնդիրը ՌԴ-ին մեր տարածաշրջանից հեռացնելն է: Իսկ թե ինչ կլինի դրա արդյունքում ՀՀ-ի հետ, Արևմուտքին հետաքրքրում է, բայց ընդամենը հայտարարությունների ու Մակրոնի գրառումների մակարդակով:

Հայ-ռուսական հարաբերությունների թշնամացումից շտապում են օգտվել Թուրքիան ու Ադրբեջանը: Նրանք են լինելու Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության թիվ մեկ շահառուները: Տուժող կողմը լինելու է բացառապես Հայաստանը:

Ի դեպ, երբ Լավրովը վերջնագիր էր ներկայացնում Նիկոլին, միաժամանակ ուղերձ էր հղում նաև հայ ժողովրդին՝ ասելով, որ արդյոք համաձա՞յն է հայ ժողովուրդը դառնալ Նիկոլի վարած քաղաքականության զոհը, արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է դառնալ աշխարհաքաղաքական հակամարտության մանրադրամ, արդյոք հայ ժողովուրդը հանդուրժելո՞ւ է Նիկոլի դավաճանությունը: Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում: Հայաստանի ճակատագիրը մազից է կախված: Այն մազից կախել է Նիկոլը՝ բառիս բուն իմաստով ծախելով Արցախն ու Հայաստանը՝ հանուն իր անձնական օգտի:

Գնդակը կամ ավելի ճիշտ՝ արկը, Հայաստանի դաշտում է: Աննուշկան ձեթն արդեն թափել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ