Նիկոլ Փաշինյանի համար ԶՈՒ ԳՇ պետ աշխատող, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հունվարի 28-ին, լրագրողների հետ շփման ժամանակ աչքի ընկավ բավականին տգեղ ու անտակտ, վերին աստիճանի անշնորհք ու անբանիմաց պահվածքով:
Մասնավորապես, Բանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելելության ժամանակ, մեր գործընկերներից մեկը ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին հարց ուղղեց, թե նա արդյոք իրեն մեղավոր չի՞ համարում Ազատ գյուղում կատարված ողբերգության՝ հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան մեջ:
Նիկոլ Փաշինյանին հավատարիմ, ի դեպ, Արցախի Հադրութի շրջանի հանրահայտ Ազոխ գյուղում ծնված-մեծացած գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը բորբոքվեց առճակատ տրված դիպուկ ու տեղին հարցից: Այնպես բորբոքվեց, որ սկսեց պահանջել, որ իրեն ճանապարհ տան, չնայած նրա շեշտակի ընթացքը ոչ ոք չէր էլ փորձում խոչընդոտել: Այնուհետև, Արցախի համալսարանը հեռակա ավարտած գեներալ-մայորը, չգիտեմ ինչու, որոշեց, թե ինքը նաև լրագրության մագիստրոս է և ի՛ր մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողի հասցեին ատամների արանքից հետևյալ ֆրազը նետեց, թե՝ գնացեք ձեր գործին: Երևի պրն. Ասրյանի շրջապատում կգտնվի քիչ թե շատ ավելի բանիմաց մեկը, ով նրան գոնե կհուշի, որ տվյալ դեպքում լրագրողը «կակ ռազ» հենց իր գործին էր, ի՛ր գործն էր անում:
Հետո էլ, լրագրողին դիմեց, թե բա՝ «քուրիկ ջան… …մամուլի քարտուղարի միջոցով դիմեք» (կամ կարող եք դիմել): Չգիտեմ, հրապարակավ նման վարք դրսևորող որևէ մեկին, ով ուզում է լինի, հետագայում արժե՞ դիմել, առհասարակ, էլ չասած՝ «մամուլի քարտուղարի միջոցով»: Եվ, եթե Նիկոլ Փաշինյանի ՊՆ-ում կա մամուլի քարտուղար, ապա նա ավելի լավ կլինի, որ ՊՆ ղեկավար անձնակազմի «լիկբեզ» անցկացնի՝ սովորեցնելով լրագրողների հետ հաղորդակցվելու, ընդհանրապես, մարդկանց հետ զրուցելու տակտի ու քաղաքավարության տարրական կանոններ, ինչպես նաև այն, որ լրագրողը ո՛չ «քուրիկ ջան…» է, ո՛չ էլ՝ «ապե՛…»:
Եթե չեք ցանկանում, չեք կարողանում ձեզ ուղղված դիպուկ ու տեղին հարցին պատասխանել, եթե ասելու բան չունեք, գոնե լռեք կամ ասեք՝ «չեմ պատասխանում»:
Իսկ մեծ հաշվով, որևէ քաղաքակիրթ երկրում այդպես դրսևորվող պաշտոնյային ուղղակի պաշտոնանկ կանեին, էլ չասած այն մասին, որ նա կվաստակեր «մամուլի համար անցանկալի անձի» պիտակ՝ դրանից բխող անուրախ հետևանքներով:
Ամենից կարևորը. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, իրեն այդպես հունից հանած հարցի վերաբերյալ մասնավորապես հայտարարեց. «Դուք դատավոր չեք ինձ համար, որ եկել ինձ նմանատիպ հարցեր եք ուղղում»։
Ու այդ հարցում էլ, կարծում ենք, կոպտորեն սայթաքեց: Սխալվում է Նիկոլ Փաշինյանի մոտ ԳՇ պետի պաշտոն զբաղեցնող Էդվարդ Ասրյանը, այն էլ ինչպես է սխալվում: Լսե՛ք, պարոն, որ վարձատրություն ու չվաստակած պարգևավճարներ եք ստանում ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ ձեզ հարց ուղղող լրագրողի վճարած հարկերից, տո հենց մենք ենք ձեր դատավորը, հենց ձեզ իրենց զավակների կյանքը վստահած, իսկ այժմ իրենց զավակներից մնացած մոխիրն ու մարմնի մասերն ստացող ծնողնե՛րն են ձեր ամենից անողոք դատավորները, հենց հասարակությո՛ւնն է ձեր դատավորը, բա հո ձեր սիրելի Փաշինյանն ու կառավարությո՞ւնը չեն:
Թե՞ կարծում եք, որ այդքան արագ մոռացվել է, թե ինչպես էիք 2021-ի փետրվարին, ի շարս ձեր այլ կոլեգա-գեներալների, պահանջում կառավարության ու Փաշինյանի հրաժարականը, ապա մեկ էլ՝ հո՛պ, այդ նույն կառավարության նույն վարչապետի ձեռքից պաշտոն ստանում, դեմը զգաստ ձգվում, նրան պատվի առնում ու ինչ-որ բաներ զեկուցում:
Չնայած, ինչի՜ մասին ենք խոսում: Ի՞նչ պահանջել մի մարդուց, ով, վերը նշվածից բացի, լինելով արցախցի, պատրաստակամորեն ծառայում է մի «քաղաքական ռեժիմի», որն, ըստ էության, իր ծննդավայրը հանձնել է դարավոր թշնամուն:
Ինչ ասել տասնամյակներով Հայոց բանակում ծառայած, գեներալական ուսադիրների հասած այն մարդուն (ու ոչ միայն նրան), ով ծպտուն չի հանում, երբ օրվա իշխանության նկատելի ներկայացուցիչները զազրախոսում են այդ՝ տասնամյակներով ձևավորված ու ստեղծված բանակի հասցեին:
Թե բա՝ «դուք դատավոր չեք ինձ համար…»:
Միգուցե, չնայած՝ ե՛նք: Բայց նախ՝ թող տնազրկված, հայրենիքազրկված, իրենց նախնյաց շիրիմներին խոնարհվելուց զրկված հադրութցինե՛րը, արցախցինե՛րը լինեն ձեզ դատավոր: Թող 2020-ի սեպտեմբեր-նոյեմբերին զոհված տղերքը լինեն ձեզ դատավոր: Ազատամարտի զոհված հերոսներն ու ու օրերս ողջ-ողջ այրված զինվորներն ու Աստված ձեզ դատավոր, պրն. ԳՇ պե՛տ:
Կդժվարանամ կռահել, թե մամուլի քարտուղարը ի՛նչ կհուշի պարոն գեներալ-մայորին, բայց զուտ հիշեցման կարգով, թույլ տամ ինձ նկատել. վերևն Աստված կա, և թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրան ծառայողների Աստծո դատաստանը լինելու է: Չկասկածե՛ք:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը