Արդեն երևի մի ամբողջ օր է, ինչ սոցցանցերի չ-նիկոլական օգտատերերը, բառի ամենաուղիղ իմաստով՝ ղժժում են Նիկոլ Փաշինյանի վերջին կադրային ոպոշումների վրա: Առանձնապես մեծ ուշադրության է արժանացել ԱԳ նորանշանակ փոխնախարարը՝ իր էքստրավագանտ լուսանկարներով, «սիստեմը ֆաք» անելու գրությամբ թիթեռնիկ-փողկապով ու ներբաններին «քիսս մի» գրությամբ գուլպաների պատկերներով: Կարճ և համահասկանալի բառամթերքով ասած՝ չ-քպ-ական ու չ-նիկոլական հայրենակիցները, գոնե սոցցանցերում «կայֆ են բռնում» Նիկոլ Փաշինյանի ու նրա վերջին նշանակումների վրա:
Մինչդեռ, կարծում ենք, բուն իրավիճակը տրամագծորեն հակառակն է: Իրականում այդ հենց Նիկոլ Փաշինյանն է, կներեք, «կայֆ բռնում» ու «ղժժում» բոլորի վրա՝ կատարելով նման նշանակումներ:
Մեծ հաշվով, մի երկրում, որտեղ Նիկոլ Փաշինյանը համարվում է պետության ղեկավար, Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, չգիտես, թե ով էլ՝ նախարարու քպ-ն էլ՝ իշխող ուժ, մի՞թե կարող է զարմանք հարուցել այս կամ այն պաշտոնում այս կամ այն նիկոլականի նշանակումը, եթե անգամ վերջինս անգրագետ ու ոչ մի մասնագիտության չտիրապետող մեկը լինի: Ու, ինչպես կարելի է նկատել, նշանակումները մոտավորապես հենց այդ մոտեցմամբ էլ արվում են: Մի խոսքով՝ «թեկուզ պոլի փետ լինի, բայց մերոնցից» հի՜ն, հհշ-ական տարբերակն է գործում:
Ու, առհասարակ, այնպես են ամենատարբեր հայրենակիցներ հրապարակավ զարմանում, որ կարելի է կարծել, թե այս 4-5 տարվա մեջ, մինչև այս եղած նշանակվածները մի այլ կարգի սուպեր-պուպեր մասնագետներ էին ու, ժողովրդական բառուբանով ասած՝ վեր էին վառում: Կարճ ասած, անտեղյակ մեկին կարող է թվալ, թե մինչև հիմա նման բան չէր եղել ու մեկ էլ հոպ՝ նորից կրկնվեց (օղորմի Չեռնոմիրդինին):
Նիկոլ Փաշինյանի աննման կադրերն ուղղակի «կադր» են, կինո, եթե ոչ՝ մուլտֆիլմ...
Այդ նշանակումների ծիրին մեջ, տողերիս հեղինակին, օրինակ, ավելի շատ հետաքրքրեցին տարածվող հրապարակումներն ու խոսակցություններն առ այն, որ Նիկոլ Փաշինյանի համար «մարդու իրավունքների պաշտպան» աշխատող Քրիստինե Գրիգորյանը նշանակվելու է ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար:
Սա իսկապես հետաքրքիր է այն տեսանկյունից: Նախ, հնարավոր կադրային «թռիչքն» է զմայլելի՝ մարդու իրավունքների պաշտպանությունից... արտաքին հետախուզություն: Այսինքն՝ մի ոլորտ, որտեղ գործունեությունը ենթադրում է «մարդու իրավունքների» վրա, մեղմ ասած՝ թքած ունենալ, ենթադրում է գաղտնալսումներ ու հետևել: Մի խոսքով:
Երկրորդ հրաշագեղ հանգամանքն այն է, թե ե՞րբ է արևելագիտության բակալավր (ԵՊՀ, 1998-2002թթ.), ապա մագիստր (2002-2004թթ), իրավագիտության բակալավր (Հյուսիսային համալսարան, 2006-2008թթ.) Քրիստինե Գրիգորյանը տիրապետել հետախույզի վտանգավոր, բարդ, բայց գայթակղիչ մասնագիտությանը (դե, էդ անտերը, միևնույն է, մասնագիտություն է, էլի):
Իսկ միգուցե 2004-ից 2014 թվականների միջակայքո՞ւմ: Այն ժամանակ, երբ իր ու իր ներկայացրած Նիկոլի կողմից այդքան ատելի նախկինների օրոք առոք-փառոք աշխատում էր ԱԺ աշխատակազմում, հասնելով ԱԺ նախագահի օգնականի պաշտոնին, ահա այդ ամբողջ ընթացքում նա նաև հմտանում էր հետախուզության մե՞ջ:
Իսկ միգուցե այդ ամենը պարզապես քողածածկո՞ւյթ էր Քրիստինե Գրիգորյանի համար, այսպես ասած՝ «պրտկռիտիե», և գործ ունենք Մարգարետ Գերտրուդա Չելլեին, նույն ինքը՝ Մատա Հարիին տված-անցած հայկական տարբերակի՞ հետ...
Շատ ծիծաղելի կլիներ այս ամենը, եթե այսքան դժոխային չլիներ Նիկոլ Փաշինյանի ու իր աննման կադրերի ձևավորած մղձավանջ-իրավիճակը:
Ինչևէ: Մնում է սպասել, թե երբ կհայտարարվի «Ջոնի-բռջոնիին» ՀՀ մշակույթի նախարար կամ նման մի բան նշանակելու մասին:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը