05 11 2022

Կանադահայերն օրերս դրմահավաք-ընթրիքով հանգանակած 760 հազար դոլարն իրենք կտնօրինեն

Կանադահայերն օրերս դրմահավաք-ընթրիքով հանգանակած 760 հազար դոլարն իրենք կտնօրինեն

Կանադահայ բարերար Մկրտիչ Մկրտիչյանը գոհ  է օրեր առաջ Տորոնտոյում  իր կողմից կազմակերպված դրամահավաք-ընթրիքի հանգնակության արդյունքներից՝ 760 հազար 100 կանադական դոլար (547,272  դոլար)։ Բայց  առավելապես  գնահատում է Տորոնտոյում բնակվող մեր հայրենակիցների պատրաստակամությունը․ «Չնայելով այս օրերին  մեզ մոտ տարածվող կորոնավարակի սուր վիճակին, հայ համայնքը ակտիվորեն մասնակցեց Հայրենիքի աջակցության համար կազմակերպված «Հայաստան համահայկական հիմնադրամի» ընթրիք-դրամահավաքին և ես գոհ եմ։ Մեծ հաշվով, կանխավ մեր սպասումներն այդքան էին՝ չնչին տարբերությամբ։ Մեզանից կպահանջվի ևս երկու ամսվա ջանքեր, որպեսզի  հանգանակությունների ողջ գումարը՝ խոստումներով հանդերձ, ամբողջացնենք»։

Ուշագրավ է, որ Տոնոտոյի հայ համայնքի հանգանակությունը չի ներարկվի «Հայաստան համահայկական հիմնադրամի» մարաթոնյան դրահամահավաքի ընդհանուր կաթսա։ Փոխարենը՝ հանգանակված  միջոցները տնօրինելու են իրենք․ սեփական նախաձեռնությամբ Տորոնտոյի հայերը պլանավորում են Հայաստանի երեք մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Շիրակում  բուժկետեր կառուցել՝ տեխնիկական հագեցվածությամբ,  գումարից մի հատված էլ ուղղելու են իրենց ջանքերով ամրացրած Արցախի Իվանյան գյուղին, որպեսզի տարիներ առաջ այստեղ կանադահայերի նվիրաբերումներով կառուցված 34 տների նոր բնակիչները այսուհետ իրենց մանուկների գեղեցիկ խաղահրապարակը նաև ունենան։

Բարերարը մտահոգ է 2020 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ բարձրացած սկանդալից, որը, իր խոսքով, չէր կարող վատ ազդեցություն չթողնել սփյուռքի մեր հայրենակիցների վրա։ Բայց այդ միլիոնների փոշիացման աղմկոտ բացահայտումը, ասում է՝ գոնե իրենց պարագայում վստահաբար հետք չի թողել Կանադայի հայության վրա։

Բանն այն է, որ Մկրտիչ Մկրտիչյանը կանադահայ մյուս բարերարների հետ  այդ մարաթոնի աջակցության գումարները նպատակային ծախսելու շատ կոնկրետ խաղի կանոն է մշակել, որը բացառում է շեղումներ՝  դրամների հոսքի և այդ գումարներով կառուցապատման ցանկացած տիպի աշխատանքում։ Մշակած այն գործիքակազմը, համենայն դեպս, թույլ չի տա որևէ լումայի փոշիացում, ինչը, ցավոք, կատարվեց Հայաստանում 2020թ․ պատերազմի օրերին։

«Մենք Երևանում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամում, ունենք մեր առանձին բանկային հաշիվը, և  ամեն տարի կանխավ ծանոթանում ենք ընդհանուր մշակված նպատակների ծրագրին, ապա որոշում ընդունում ՝ընտրել այդ միջոցառումներից ծրագրե՞ր, թե առաջարկել մեր շենացման X ծրագիրը։ Ապա քննարկում ենք առաջարկների փաթեթը, մեզ հիմնադրամի կողմից հրամցվում է ծախսային մասը, ապա հավանության արժանանալու դեպքում փուլերով  Տոնորտոյից փոխանցում ենք հանգանակության միջոցները՝ ամեն անգամ ծախսերի կատարողականը, լուսանկարներ-տեսանյութերով փաստերն ուսումանսիրելուց հետո և այդպես 30 տարի շարունակ։ Այսպես անիվը ճշիտ է պտտվում  ու դրամները ծախսվում են  խիստ նպատակային և արդարացված»,- Yerevan.Today-ի հետ զրույցում իրենց գործիքակազմը բացատրում է բարերար Մկրտիչ Մկրտիչյանը՝ ընդգծելով, որ այս տարի Տորոնտոյի հայերի մարաթոնյան ճաշի ծրագիրը ընտրել և հռչակել են իրենք, բուժկետները նախատեսված չեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան պլանով։ Բարերարը վստահ է՝ այսպիսով մեր նվիրաբերումները իրապես ծառայում են  Արցախի և Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանը ու հայության կյանքի որակը բարեփոխելուն։

Հիշեցնենք, 44- օրյա պատերազմի օրերին Արցախի համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը ամենաթեժ օրերին նախաձեռնեց համայն հայության աջակցության դրամահավաք, որ օգնի Արցախին։ Սակայն տասն օր անց, երբ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձներով եթեր մտավ ու սկսեց մուրալ սաղավարտ ու զրահաբաճկոններ շարքային մահկանացուներից, ընդ որում՝ կոչ անելով, որ դրանք կամավորները իրենց տներից վերցնեն սաղավարտներ ու  հետները ռազմի դաշտ  տանեն, աղմուկ բարձրացավ։ Ընդամենը հաշված օրեր հետո Yerevan.Today-ը բացահայտեց, որ կառավարությունը համահայկական հիմնադրամի հանգանակած գումարների առյուծի բաժինը տեղափոխվել է պետական բյուջե և ճակատագիրն անհայտ է։ Ի դեպ,  մեր սկանդալային բացահայտումից հետո ու մինչ օրս Փաշինյանի կառավարությունը և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի  կազմը չի տվել պատշաճ պարզաբանում ՝ ինչ ճանապարհով է անհետացել սփյուռքահայության աջակացությամբ հավաքված 107  միլիոն դոլարը, ավելին՝  ՀՀ գլխավոր դատախազությունը չունի հարուցած գոնե մեկ քեական գործ։

Սյուզի Բադոյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ