12 04 2024

ՔՊ սկանդալային դրամահավաքը ներառվել է միջազգային զեկույցում

ՔՊ սկանդալային դրամահավաքը ներառվել է միջազգային զեկույցում

«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության դրամահավաքների ընթացքում կասկածելի եղանակներով կատարված հանգանակությունների թեման չի վրիպել միջազգային կազմակերպությունների տեսադաշտից։ Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը տարեկան զեկույցում անդրադարձել է ՔՊ կուսակցության ֆինանսական աղբյուրների թափանցիկությանը՝ նշելով․ «Թեև հեղափոխության ամենահայտնի ձեռքբերումներից մեկը քաղաքականության տարանջատումն էր խոշոր բիզնեսից և օլիգարխներից, 2023 թվականին այս ճակատում շրջադարձի մտահոգիչ նշաններ են նկատվել։ Մասնավորապես, երկու առանձին զեկույցներ լույս են սփռում «Քաղաքացիական պայմանագրի» ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ թափանցիկության բացակայության վրա»:

Միջազգային կազմակերպությունը մտահոգիչ է համարում այն, որ իրավապահ մարմինները քննությունից հետո քրեական գործ չեն հարուցել սկանդալային բացահայտումների կապակցությամբ, իսկ Փաշինյանն էլ հայտարարել է, թե իր կուսակցությունը որևէ օրենք չի խախտել:

Հիշեցնենք՝ 30․01․2024թ․ infocom.am-ը հրապարակեց հետաքննություն,  թե ինչպես Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի կազմակերպած՝ 2023թ․ հուլիսի 31-ի դրամահավաքի ժամանակ հանգանակված 506,5 մլն դրամի շուրջ 90 տոկոսը հավաքվել է 1-2,5 մլն դրամ «նվիրատվություններից»։ Կայքի լրագրողները կապ էին հաստատել «նվիրատուների» հետ և պարզել, որ նրանք տեղյակ չրեն նվիրատվությունից, գումար չեն փոխանցել։

Հետաքննությունը պարզել էր՝ մեծ գումարներ են նվիրաբերել բիզնես գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերություններին փոխկապակցված անձինք, պաշտոնյաները, ավագանու թեկնածուները, ներկայիս անդամները և նրանց փոխկապակցված անձինք։

Մյուսը վերաբերում է «Սիվիլնեթ»-ի՝ 07․03․2024թ․ հրապարակած հետաքննությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022թ․ ստացած նվիրատվությունների մասին, որոնք շատ կասկածելի ծագում ունեն։

Մասնավորապես, նշված թվականին ՔՊ-ն ստացել է շուրջ 170 մլն դրամի նվիրատվություն, ինչը կուսակցության տարեկան ֆինանսավորման ավելի քան մեկ երրորդն է: Հետաքննությունը պարզել է, որ կուսակցությանը նվիրատվություն կատարած անձինք տեղյակ չեն այդ մասին։

Freedom House-ի զեկույցն ամբողջությամբ՝այստեղ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ