Ոչ անհայտ նիկոլա-քպ-ական Էդուարդ Աղաջանյանն օրերս էլի է կրկնել բառացիորեն վերջերս արտաբերած իր այն հայտարարությունը, թե՝ «...44-օրյա պատերազմի արդյունքում ՀՀ-ն զրկվել է ռազմական միջոցով արցախցիների իրավունքները պաշտպանելու հնարավորությունից»: Եթե նման անհեթեթություն ասեր որևէ փաբի մշտական այցելու որևէ «դի-ջեյ», կարելի էր առհասարակ բանի տեղ չդնել:
Բայց տվյալ դեպքում անկարելի է անտեսել նշված հայտարարությունը, քանի որ այն արտասանողը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի քպ-ական բազմաթիվ «մամուլի խոսնակներից» մեկն է, այլև ԱԺ արտաքին հարաբերույթունների հանձնաժողովի նախագահը, այսինքն՝ կարգավիճակով ԱԳ նախարարից բարձր կանգնած պաշտոնյա (խորհրդարանական կառավարման մոդելում այդպես է ստացվում): Այս անգամ «Պետրոսի մոտ» նշված հայտարարությունն արած Էդ. Աղաջանյանին, ի դեպ, ձայնակցել է նրա գլխավորած հանձնաժողովի անդամ, բնականաբար, նմանապես քպ-նիկոլական Հռիփսիմե Գրիգորյանը: Կրկնել է, գրեթե բառ առ բառ՝ «Հայաստանը չունի ռազմական հնարավորություն՝ ապահովելու Արցախի անվտանգությունը»:
Կարելի է չկասկածել, որ թե՛ Էդ. Աղաջանյանը, թե՛ նրա գործընկերուհին ուղղակի սերտել և կրկնում են իրենց ֆյուրերի ձևակերպած և նրա կնոջ խմբագրած ֆրազը: «Զուբրիտ են արել» ու պատեհ-անպատեհ կրկնում են:
Ինչո՞ւ: Ի՞նչ է հուշում մահացու «խաղաղության» բոթաբերների սերտած այս կռավոցը: Սրանց՝ արդեն աներեսաբար կրկնվող այդ հայտարարույթունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ուղիղ ազդանշան Ալիևին, որ Արցախի բեկորների վրա հայության ֆիզիկական ոչնչացման մի նոր արյունահեղություն սկսի:
Նաև շատ պարզ հարցեր են ծագում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ՀՀ-ն զրկվեց ռազմական միջոցներով Արցախի հայության իրավունքները պաշտպանելու հնարավորությունից: Ո՞վ է դրա համար մեղավոր, առաջինա հերթին: Իսկ դրա համար, առաջին հերթին ու նաև՝ անձնապես մեղավոր են Նիկոլ Փաշինյանը, տո հենց նույն Էդ. Աղաջանյանը, նույն Հռիփսիմե Գրիգորյանը, առհասարակ, քպ-ական ամբողջ «վերնախավը», որպես վերջին 4,5 տարվա ընթացքում եղած ՀՀ իշխանություն: Ուղղակիորեն մեղավոր են, և հենց միայն այդքանը բավարար է, որ քաղաքական առումով, պատկերավոր ասած՝ դրանց «վզակոթին տալով» հեռացնեն իշխանությունից, իսկ քրեաիրավական առումով՝ անհապաղ կալանավորեն ու պետական դավաճանության ու նման այլ ծանր հոդվածներով մեղադրանքներ առաջադրեն:
Էդ. Աղաջանյանը, միգուցե ու ինչ-որ տեղ իրականությունն է ասում` նշելով, թե ՀՀ-ն չունի կամ զրկվել է Արցախի հայության իրավունքները պաշտպանելու հնարավորությունից (դե, եթե ռազմական հնարավորություն չունի, մնացած բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ դրանց ասած «դիվանագիտական լծակները», «միջազգային հանրության» ճնշումները երևութական ու անիրատեսական բաներ են, այն էլ մեր օրերում, այն էլ՝ երբ այդ իրավունքները ոտնատակ տալ ցանկացողը թուրքն է): Այո, քանի դեռ Նիկոլն ու թուրքական հրահանգներ կատարողներն են ՀՀ-ում իշխանության, ՀՀ-ն այդ հնարավորությունները չի էլ ունենալու, անգամ Հայաստանի բնակչության անվտանգությունն ապահովելու հնարավորությունը չի ունենալու:
Հա, բայց ինչո՞ւ, ինչի հետևանքով (քպ-ում եթե գոնե մեկ կիսագրագետ կա, թող այդ դի-ջեյ-ին հուշի, թե «արդյունք» ու «հետևանք» բառերը ինչ ենթատեքստ ունեն) է ՀՀ-ն զրկվել կամ կորցրել նշված հնարավորությունը:
Այսօր Էդ. Աղաջանյանն ասում է, թե «Հայաստանը չունի ռազմական ներկայություն Արցախում...»: Առհասարակ, Հայաստանը Արցախում պաշտոնապես չի էլ ունեցել ռազմական ներկայություն», այլ Հայաստանը հանդես է եկել որպես Արցախի ու արցախահայության անվտանգության երաշխավոր ու, բոլոր հնարավոր միջոցներով իրականացրել է իր այդ սուրբ պարտավորությունը, քանի դեռ 2018-ին, ամենայն հավանականությամբ՝ թուրքական աջակցությամբ Հայաստանում անարյուն հեղաշրջման միջոցով իշխանության չբերվեց Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս ջանքերով, ի դեպ, միայն 2018-2020թթ. միջակայքում ԼՂՀ ՊԲ 3 հրամանատար է փոխվել, ինչը ևս առանձին քննության նյութ է:
Գանք այն հարցին, թե այդ ինչո՞ւ հիմա ՀՀ-ն չունի «ռազմական ներկայություն Արցախում» այն իմաստով, ինչ նկատի ունի դիտարկվող Էդ. Աղաջանյանը: Նա համեստորեն լռում է այն մասին, որ իր շեֆի ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությունից հետո, իրենց իշխանությունը ոչ միայն ոչինչ չի արել Արցախի պաշտպանունակությունը գոնե նվազագույնս ապահովելու համար, այլև՝ հակառակը: Մասնավորապես, բառացորեն վերջերս Նիկոլ Փաշինյանի իշխանության հրահանգով Արցախից արագ-արագ դուրս հանվեցին ԼՂՀ ՊԲ-ում ծառայող, դեռևս 2020-ին զորակոչված ՀՀ քաղաքացի զինծառայողները: Արցախից, որոշ տեղեկություններով, դուրս է բերվել նաև ռազմական տեխնիկա, ըստ էության, է՛լ ավելի թուլացնելով թուրքական հրոսակի դեմ պաշտպանվելու հնարավորությունները:
Եթե շատ երկար-բարակ չանենք ու չվերարծարծենք հանրահայտ փաստերն ու իրողությունները, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Էդ. Աղաջանյանով ու քպ-ական մյուս նիկոլփաշինյաններով հանդերձ, այս տարիներին արել է հնարավոր ու անհնար ամեն բան՝ Արցախն անպաշտպան թողնելու, Արցախը թուրքական հրոսակի հոշոտմանը հանձնելու համար: Իսկ այսօր էլ, այդ հրեշավոր «քաղաքականության» կատարածուները հրեշտակային դիմակներ դրած, չքմեղանալով ասում են, թե՝ հնարավորություններ չունենք: Էհ, ինքներդ եք «կերել» այդ հնարավորույթունները...
Նիկոլ Փաշինյանն ու նրա նիկոլփաշինյանները ավելի ու ավելի են նմանվում ծնողներին սպանած այն անեկդոտային պերսոնաժին, որ դատարանին խնդրում է իրեն մեղմ վերաբերվել, քանի որ... որբ է:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը