Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ում «բլբուլ է կտրել»: Բավականին վտանգավոր բլբլոց է, ի դեպ: Մանավանդ, որ Փաշինյանը ադրբեջանական ձևակերպումներով է արտահայտվում՝ «Նախչիվան», «Արևմտյան Ադրբեջան» (դա ո՞րն է): Ասենք, նա, երբ իր ընտանեկան հակա-«Հայկական ժամանակ»-ում էր բլբլագրում, էլի ադրբեջանական քարոզչության տարածիչ-բազմապատկիչ դերում էր:
Բայց առավել ուշագրավ է այլ բան: Այն, որ և՛ գլխավոր Նիկոլ Փաշինյանը, և՛ նրա մյուս նիկոլփաշինյանները վերջին օրերին միաձայն կռավում են, թե՝ ադրբեջանաթուրքական տանդեմին Հայաստանի տարածքով «միջանցք» տրամադրելու հարց չեն քննարկել, նման «միջանցքի շուրջ» որևէ համաձայնություն չունեն, ոչ մի նման բան իրենց ստորագրած կապիտուլյացիոն հայտարարության մեջ չկա և այլն և այդպես շարունակ: Ի՛նչ են հուշում նիկոլփաշինյանների այդ հայտարարությունները:
Նախ, Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ուղիղ գծով հետևում է, որ նա հենց «միջանցք» տրամադրելու վերաբերյալ Ալիևի հետ, հավանական է, ունի շատ կոնկրետ պայմանավորվածություն: Չմոռանանք, որ խոսքը Նիկո՛լ Փաշինյանի, այսինքն՝ նրա մասին է, ով Վերածննդի հրապարակում ծղրտում էր, թե «Արցախը Հայաստան է, և՝ վերջ«, իսկ հիմա, իր բոլոր մանկլավիկներով հանդերձ, Արցախի անունն անգամ չի համարձակվում տալ:
Խոսքը նրանց, այն նիկոլփաշինյանների մասին է, որոնք սրտաճմլիկ ֆոտոսեսիաներ էին անում Ակնայում, Շուշիում, հայտարարում էին, որ դա իրենց հայրենիքն է, և ովքեր ուղղակի պատասխանատվության են ենթակա Հադրութը, Շուշին, Արցախի մեծ մասը թշնամուն հանձնելու, իսկ հիմա էլ, թշնամու հետ քիրվայություն անելով, Արցախի հայությանը ցեղասպանության ենթարկելու համար: Հետևաբար, երբ սրանք ասում են, թե այս կամ այն հարցը չեն քննարկել, ապա կարելի է գրեթե ապացուցված համարել, որ հենց այդ հարցն էլ քննարկել են:
Եվ հետո, ովքեր ինչից են խոսում: Նայենք ներկա պահի քարտեզին: Նիկոլ Փաշինյանի վարած թրքահաճո և ադրբեջանամետ «քաղաքականության», եթե ուղիղ չասվի՝ դավաճանության հետևանքով, այժմ ադրբեջանական զինված հրոսակի վերահսկողությանն են հանձնվել այնպիսի ռազմավարական բարձունքներ ու կետեր, որ Հայաստանի տարածքը, Երասխից սկսած մինչև Մեղրի, վերածվել է նեղլիկ միջանցքի: Ըստ որում, այնպիսի միջանցքի, որը միջանցիկ կրակվող է թշնամու զինուժի համար: Այսինքն, Երասխից Մեղրի այլևս չկա որևէ ապահով կետ, գյուղ, քաղաք, որը թշնամին, ցանկության դեպքում, չկարողանա ոչ միայն հրետակոծել, այլև գնդակոծել: Ընդհանուր տպավորությունն այն է, որ դա ավելի շուտ թշնամին է «միջանցք» թողել՝ Արցախի, Սյունիքի, Վայոց ձորի հայաթափման համար: Իսկ սրանք թշնամուն «միջանցք» չտալու մասին են թվիթերներում շաղակրատում:
Եթե խիստ հակիրճ, ապա՝ «միջանցք» չտալու կամ դրա վերաբերյալ Ալիևի հետ էն գլխից պայմանավորված չլինելու մասին Նիկոլ Փաշինյանի ու նրա դամքաշների հայտարարությունները հուշում են, որ նրանք, իրենց գործակից ադրբեջանաթուրքական հրոսակապետերի հետ արդեն կոնկրետ պայմանավորվածություն ունեն Հայաստանի մնացորդների վրա նոր հարձակում կազմակերպելու, էլի մի քանի հարյուր, եթե ոչ՝ մի քանի հազար հայ մարդկանց կոտորելու վերաբերյալ:
Ի դեպ, այս օրերին բավականին ակտիվ շրջանառվեցին նաև հոկտեմբերի վերջին օրերին այսպես կոչված՝ «Համահայկական գագաթնաժողով» անցկացնելու նիկոլական նախաձեռնության մասին տեղեկությունները: Բանն այն է, որ նիկոլական ռեժիմը մի նոր բան է մոգոնել, համահայկական վերտառությամբ հավաք, առանց... համահայկական կառույցների ներգրավման: Համենայն դեպս, Հայ Առաքելական եկեղեցին, ի դեմս Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների, հայտարարեց, որ չի մասնակցում և ներգրավված չէ այդ «համահայկական գագաթնաժողովում»: Ու ոչ միայն:
Տվյալ դեպքում նշված նիկոլական նախաձեռնության բուն նպատակը չափազանց թափանցիկ է: նիկոլ Փաշինյանին բավարար չէ, որ 2021-ին զարտուղի ճանապարհներով, ահաբեկումներով, սուտ խոստումներով վերարտադրվել է, նստած մնալով վարչապետի աթոռին և կապիտուլյացիայի հանցակից դարձնելով ավելի քան 680 հազար ՀՀ բնակչի: Նիկոլին պետք է, որ Արցախի վերացման ու արցախահայության կոտորածի (կամ Արցախի հայաթափման), ապա և՝ Հայաստանի ոչնչացման իր ոճիրը հնարավորինս շատերի վրա տարածվի, տվյալ դեպքում, դրան մեղսակից հռչակվի նաև Սփյուռքը՝ իրենց «բերման ենթարկած» «սփյուռքի ներկայացուցիչների» միջոցով:
Ճի՛շտ է, հիմա երևի շատերին ավելի շատ հուզում է Բրյուսովի համալսարանի ու ֆիզկուլտինստիտուտի միավորումը, քան թե այն, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբոնը անցել են Հայաստանի վերացման և այն «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու իրենց ծրագրի ավարտական փուլին:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը