Ակնհայտ է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության առումով Հայաստանում չկա (ու դեռ երկար ժամանակ չի լինի) մունիցիպալ ընտրությունների այն հղկված ու հստակ մեխանիզմը, որն առկա է այսպես կոչված՝ «զարգացած ժողովրդավարության» եվրոպական պետություններում: Հայաստանում չարժե ՏԻՄ ընտրությունների հետ կապված առանձնապես հեռուն գնացող քաղաքական հետևություններ անել կամ դրանց վրա հաստատուն ինչ-որ ծրագրեր մշակել:
Նմանապես, հազիվ թե կարող են օգտակար լինել նախօրեին մի շարք համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների՝ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների հիման վրա սոցցանցերում տարածվող հուզական ալիքները՝ «գլխներիս մոխիր ցանենք»-ից սկսած և «Նիկոլի քպ-ն ջախջախիչ պարտություն կրեց»-ով վերջացրած:
Իհարկե, մեծ է, օրինակ, Սիսիանում կամ Իշխանասարում, կամ վերջին 4 տարվա մեջ նիկոլապաշտությամբ փայլատակող Լոռվա առանձին համայնքներում Նիկոլ Փաշինյանի ու նրա քպ-ի գրանցած իրենց ձեռնտու արդյունքների վերաբերյալ մի երկու քաղցր խոսք ասելու գայթակղությունը:
Հատկապես սիսիանցիներին է պետք ողջունել և շնորհավորել՝ վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ կապված: Դե, ինչպես չշրջվես ու չասես նրանց, որ այն ամենը, այն բոլոր վտանգները, որ այսօր ուղղակիորեն կախված են իրենց գլխին, ոչ միայն արդարացված են, այլև հիմնավոր ու տեղին: Եվ, եթե վերջին 2 տարվա մեջ, Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի պատճառով կիլոմետր առ կիլոմետր Սիսիանին մոտեցած ադրբեջանական թուրքերը վաղը, մյուս օրը արդեն ուղիղ նշանառությամբ հրետակոծեն ու ռմբահարեն Սիսիանը, ապա սիսիանցիներն ուղիղ գծով կստանան այն, հանուն ինչի որ քվեարկել են: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ու նրա սիրելի գործընկեր Ալիևի համատեղ ջանքերով այս սեպտեմբերին հրետակոծված ու ռմբահարված Ջերմուկում էլ 2021-ի հունիսին բավականին միահամուռ քպ էին ընտրել: Այնպես որ, Նիկոլ Փաշինյան ընտրած ջերմուկցիները լիուլի ստացել են իրենց բաժին «ապագան»՝ հրետակոծված տների, զոհերի, վիրավորների, սեփական տունուտեղից փախչելու տեսքով: Ինչ ընտրել են, հանուն ինչի քվեարկել են, այն էլ ստացել են:
Այնպես որ, տեղահանվելու և հրետակոծվելու հերթը սիսիանցիներինն է:
Իսկ օրինակ, Քաջարանում անկասկած հաղթանակ է տարել գործող ոչ նիկոլական քաղաքապետը, որի՝ Աննա Հակոբյանին մատուցած վարդափունջը ժամանակին բուռն կրքեր էր հարուցել ֆեյսբուքներում:
Մյուս կողմից, մի ամբողջ շարք ու բավականին խոշոր համանքներում Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-ոները կտրուկ մերժվել են: Այսպես. բացի արդեն հիշատակված Քաջարանից, Նիկոլն ու իր ՔՊ-ն պարտվել են Բերդում, Չարենցավանում, Բյուրեղավանում, Ալավերդիում, Տաշիրում: Տպավորիչ է, ինչ խոսք:
Բայց ի՞նչ կարելի է սպասել ՏԻՄ ընտրություններից հետո, հատկապես այն համայնքներում որտեղ Նիկոլ Փաշինյանն ու իր քպ-ն «սյունաց ողջույններ» են ստացել: Սկզբունքորեն, հազիվ թե կարելի է որևէ լավ բան սպասել: Ամենից հավանականն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը համակարգված տեռոր կսկսի Չարենցավանի, Տաշիրի, Ալավերդու, Բյուրեղավանի, Քաջարանի ու մյուս բոլոր համայնքների դեմ, որոնցում պարտվել է:
Չենք նշել Բերդը, քանի որ այնտեղ նիկոլական իշխանությունը նախքան այս էլ տեռորի էր դիմել: Հիշեցնենք, որ մոտ 1 տարի առաջ, նիկոլական իշխանությունը, ակնհայտ քաղաքական հետապնդման տարրերով, կալանավորել է Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանին, քանի որ նա, ըստ հրապարակումների, 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ հրաժարվել է գործել Նիկոլի ու նրա ՔՊ-ի օգտին: Բնութագրական է, որ սեպտեմբերի 25-ին Հարություն Մանուչարյանը, գտնվելով անազատության մեջ, վերընտրվել է՝ ջախջախիչ պարտության մատնելով Նիկոլին էլ, «Բերդում ապագա կա» երկիմաստ կարգախոսով ընտրապայքարի մեջ մտած նրա թեկնածուին էլ:
Այո, բայց ի՞նչ է լինելու հետո: Կանխատեսելի է, որ կլինի այն, ինչը արձանագրվել է «դեմոկրատական հաղթարշավի» վերջին 2 տարիներին, երբ Նիկոլ Փաշինյանին ու նրա ՔՊ-ին այս կամ այն համայնքում «կերակրել» են նրանց արժանի միակ ուտեստով՝ մերժել են, պարզ ասած: Օրինակ, երբ Նիկոլն ու ՔՊ-ն պարտվեցին Վանաձորում, ափալ-թափալ կալանավորեցին ընտրված քաղաքապետին: Երբ պարտվեցին Վեդիում, այնքան մզմզացրին, մինչև այդ ընտրությունների արդյունքները գործնականում չեղարկվեցին, նոր ընտրություններ արվեցին ու, կարելի է ասել՝ զոռբայությամբ ՔՊ-ն վերազավթեց Վեդին:
Ուստի միանգամայն սպասելի է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քպ-ն այս ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքական տեռորի մի նոր ալիք կհրահրեն: Ի վերջո, եթե Վանաձորում դա իրենց ներվել է, եթե մինչև այս արած ապօրինություններն ու աղետաբեր քայլերը մարսել են, ի՞նչն է կամ ո՞վ է նրանց խանգարելու, որ նոր կալանավորումներ, հետապնդումներ և այլ այլանդակություններ չիրականացնեն: Անպատժելիությունը միշտ հանգեցնում է ավելի մեծ ոճրագործությունների:
Հա, սիսիանցիներին ու Արենիի քվեարկողներին կարող եք սրտանց շնորհավորել:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը