Այս հոդվածը քաղաքագիտության մասին չէ, ոչ էլ քաղաքականության, ոչ էլ այն մասին, թե երբ է իր պաշտոնը թողնելու ջրի աղբյուրի վրա նստած դևը: Վաղը կամ մեկ այլ օր նա ստիպված է լինելու դա անել, քանի որ առանց ջուր ապրել չի լինում, բայց կա մի գլխավոր կամ կարևոր հարց՝ արդյոք միայն նա՞ է նստած մեր երկրի ջրի աղբյուրի վրա:
Այս հոդվածն ապրելու մասին է: Ավելի անկեղծ ասեմ՝ մենք ուզո՞ւմ ենք որպես միասնություն, որպես միասնական ազգ, որպես պետություն ունեցող ազգ ապրել, թե բռնել ենք, այն էլ ամուր, ինքնասպանության տանող ճանապարհը:
Պատերազմներում պարտվել են գրեթե բոլորը: Պարտվել են ավստրիացիները, հունգարները, թուրքերը, ռուսները, գերմանացիներն ու ֆրանսիացիները, անգամ անգլիացիները: Պարտվել է նաև Ադրբեջանը: Պարտվել է հենց մեզ: Իսկ ի՞նչ են արել պարտվածները: Արագ կամ ոչ արագ վերակազմակերպվել են, ձգել գոտիներն ու բռնել վերելքի ճանապարհը: Ոմանք շատ են վեր բարձրացել, ոմանք քիչ, բայց բարձրացել են ու ապրել: Ապրել:
Իսկ ինչ ենք անում մենք: Առաջինը. մենք նեղ անձնական ու թիմային շահերն այնքան վեր դասեցինք ազգային ու պետական շահից, որ երկիրը պարտության ու աղետի տարած վարչախումբն ու նրա առաջնորդը հրաժարական չտվեցին ու շարունակում են չտալ: և այստեղ մեղքի բաժինը միայն չտվողինը չէ, այլ նաև նրանցը, որոնք այս կամ այն նեղ անձնական կամ նեղ թիմային շահերից ելնելով հայրենիքի համար պայքարում են ամառային անձրևիկի նման՝ պայքարում են տեղ-տեղ:
Բայց սա էլ դեռ ամենակարևորը չէ, այլ այն, որ տպավորություն է ստեղծվում, որ ժողովրդի մի ստվար զանգված սնվում է բացասական էներգետիկայով, սնվում է վատ լուրերով և գոյատևում վատ լուրերի սպասելով:
Այս մասին շատ եմ խոսել, շատ եմ գրել ու հիմնականում հանդիպում եմ չհասկացվածության պատին: Մի՞թե մենք չենք նկատում, թե ինչով ենք հիմա զբաղվում: Մենք մահվան դեսպան ենք աշխատում: Մենք դժբախտությունը, պարտությունը, կորուստը հրավիրում ենք մեզ մոտ:
Հետևե՞լ եք ֆեյսբուքյան գրառումներին, հետևել եք այս կամ այն հասարակական ու քաղաքական գործիչների հոդվածներին ու հարցազրույցներին: Եզակի բացառություններով ամբողջը ողբ է, սարսափ ապագայի նկարագրություններ: Ամենասարսափելին բացասական ապագայի հաստատական պնդումներն են՝ «Ադրբեջանը վերցնելու է Արցախը», «Արցախում հայ չի մնալու», «Սյունիքը անցնելու է Ադրբեջանի վերահասկողության տակ», «Սյունիքում հայ չի մնալու», «Ադրբեջանը հասնելու է իր պահանջին և ստանալու է միջանցքը», «Տավուշի յոթ գյուղեր անցնելու են Ադրբեջանին», «Թուրքիան Հայաստանը թուրքացնելու է», «Թուրքերը գրավեցին Գանձասարը» և այսպես շարունակ:
Վստահ պնդում եմ, եթե ավստրացիները, հունգարները, ռուսները, գերմանացիները, ճապոնացիները պարտությունից հետո այսպես վարվեին, նրանք հաստատ ոտքի չէին կանգնի: Եթե ձեզ թվում է նրանք ողբերգություն չեն ապրել կորուստների համար, ապա սխալվում եք, բայց նրանք լինելով ապրող ազգեր, ենթագիտակցաբար կամ և ենթագիտակցաբար, և գիտակցաբար այնպես չեն վարվել, ինչպես հիմա՝մենք: 1994-95 թվականներին, դրանից հետո ադրբեջանցիները չեն արել այն, ինչ հիմա մենք ենք անում: Նրանք երգչախումբ կազմած չէին ասում՝ հայերը շուտով հասնելու են Կուր, հայերը գրավելու են Գանձակը, հայերը կմտնեն Բաքու և այսպես շարունակ: Ինչ արեցին նրանք, բոլորիս աչքի առաջ է: Իսկ մենք... Մենք դարձել ենք մահվան դեսպաններ ու գովազդում ենք մեր երկրի կործանումը, ավելին, պնդում, որ դա անխուսափելի է:
Գուցե սա նաև նրանից է, որ հունգարներն ու գերմանացիները, ռուսներն ու ճապոնացիները կոլեկտիվ արտագաղթելու հակում չունեն: Գուցե: Գուցե նրանից է, որ նրանք տուն ու տեղ ծախելով Մեքսիկայով Ամերիկա չեն հասնում, որ մի օր իրենց երեխան թանկարժեք ավտոմեքենա վարի: Գուցե կյանքի և արժանապատվության մասին նրանց պատկերացումները տարբերվում են մեր այն հայրենակիցների մտածողությունից, որոնք կյանքի նպատակ են դնում թանկ ավտո քշելը, ընդ որում, նշանակություն չտալով, թե որ երկրում դա կանեն:
Մենք շատ հիվանդություններ ունենք: Մենք շատ վատ գծեր ունենք, որ անգամ հայրենիքի փրկելու գործը հարմարացնում ենք մեր նեղ անձնական և թիմային շահերին: Եթե համընկնում է, պայքարում ենք հանուն հայրենիքի, եթե ոչ՝ գնում ենք արձակուրդ կամ Կուրիլյան կղզիներ:
Մենք մինչև հիմա չհասկացանք ինչ է հայրենիքը, պետությունը: Գուցե դա էր նաև ծանր պարտության պատճառը: Գրում եմ մենք, գիտակցելով, որ ոչ բոլորն են այդպես: Գրում եմ մենք, որ որևէ մեկին չառանձնացնեմ: Բայց մի լուսավոր խումբ կա, որոնց պարտադիր այդ մենքից պետք է դուրս դնեմ: Դրանք մեզ ապրել սովորեցնողներն են: Դրանք 44-օրյա պատերազմում նահատակ դարձած մեր տղերքի քույրերն ու եղբայրներն են ու առաջին հերթին ծնողները: Այն ծնողները, որոնք իրենց մեջ հաղթահարելով անհաղթահարելին նոր կյանքեր պարգևեցին մեզ, սովորեցնելով մեզ ապրել:
Հերոս Կարենի մայրը մեզ նոր Կարեն պարգևեց, հերոս Մխիթարի մայրը մեզ Մխիթար պարգևեց, հերոս Տիգրանի մայրը մեզ լույս աղջիկ Լյուսի պարգևեց, նահատակ Ռադիկին Ռադիկ անունով եղբայր ծնվեց, հերոս Պապին Պապ անունով եղբայր ծնվեց: Թվարկումը կարելի է շարունակել ու շարունակել: Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում: Նահատակների ընտանիքները մեզ սովորեցնում են ապրել: ԱՊՐԵԼ: Հերոս Դավիթի մայրը՝ Ալիսը Հանրային ռադիոյում ռեպորտաժներ է պատրաստում պատերազմով անցած, վիրավորում ստացած տղերքի մասին: Նա ևս սովորեցնում է ապրել: Առուշանյան Դավիթի մայրը, տիկին Լիդան ամեն օր հանրահավաքներում էր ու սովորեցնում էր պայքարել ու ապրել: Հերոս տղերքի ծնողները, ընտանիքի անդամները, նրանց ճնշող մեծամասնությունը աննկարագրելի տառապանքների միջով անցնելով սովորեցնում են ԱՊՐԵԼ:
Մի՞թե կարծում եք նրանք ևս չէին կարող բռնել արտագաղթի ճանապարհը կամ ոչինչ չանել ու անդադար սգալ: Մի՞թե կարծում եք հեշտ է տրվել երեխա ունենալու որոշումը, եղբոր զոհվելուց հետո ամուսնանալու ու երեխա ունենալու որոշումները: Ոչ, դրանք հեշտ որոշումներ չեն, բայց այդ որոշումները կայացվել են հանուն ԿՅԱՆՔԻ:
Ապրել սովորեցնողների կողքին, ցավոք շատ են մահվան դեսպանները: Որոնք, չգիտես ինչու չեն բավարարվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում կատարվածով և պնդում են, որ զոհերի թիվը ավելի մեծ է ու չգիտես ինչու համառորեն ցանկանում են, որ տեղի ունեցած ողբերգությունը ահաբեկչություն լինի: Այնպիսի հաստատակամությամբ են պնդում ահաբեկչության մասին, կարծես հենց իրենք կազմակերպած լինեն: Մյուս ծայրահեղությունը նրանք են, ովքեր առանց հետաքննության, առանց մասնագիտական գնահատականի հայտարարում են, թե քանի որ փախչող մարդիկ կան և ծուխ, ուրեմն սա ահաբեկչություն չէ:
Մի ֆեյսբուքյան ակտիվիստուհի ինձ ամենավերջին վիրավորանքները հասցրեց միայն նրա համար, որ հորդորել էի ձեռնպահ մնալ ապագա կորուստների մասին հաստատական պնդումից: Նա պնդում է, որ եթե Աննա Հակոբյանը դրել է Սևանի ալեկոծվող լուսանկարը, ուրեմն Սևանը հաստատ տալու են Ադրբեջանին: Ու նա պատրաստ էր ինձ պատառոտել միայն նրա համար, որ գրել էի՝ ինչ հեշտությամբ եք բաժանում հայրենիքը:
Գիտեմ, կասեք, թե իսկ ինչպես ահազանգենք, բարձրաձայնենք հնարավոր սպառնալիքների մասին: Դրանից հեշտ գո՞րծ: «Տավուշը հանձնելու են թշնամուն», «Ադրբեջանը վերցնելու է միջանցքը» գրելու փոխարեն կարող եք գրել կամ ասել՝ «Այս վարչախումբը մտադիր է Տավուշից տարածքներ հանձնել, բայց թույլ չենք տա», «Վարչախումբը պատրաստ է միջանցք տալ, բայց դա կկանխենք նրանց հեռացնելով»: Ու երբ դա չեք անում, այլ հաստատական պնդում եք, որ նոր կորուստներն անխուսափելի են, ապա դուք ոչնչով չեք տարբերվում հանձնողներից:
Սահմանում ապրող, արարող մարդը, լինի Արցախում, Տավուշում, թե Սյունիքում, իր ամենօրյա կենցաղով սովորեցնում է ԱՊՐԵԼ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե Արցախում, սահմանի գծի մոտ այգի մշակողը, Տավուշում սահմանին հացահատիկ հավաքողը կամ Սյունիքում անասուն պահողը դրա փոխարեն մտներ ֆեյսբուք ու գրեր՝ «Հաստատ ինձ խփելու են ու այգիս խլեն», «Հաստատ ինձ էլ, այս տարածքներն էլ հանձնելու են Ադրբեջանին», «Անիմաստ է այս ամենը, քանի որ անասուններիս ու ինձ տանելու են Ադրբեջան»: Նորմալ չէ այս ամենը: Ավելին, շատ վատ է: Ու եթե չսթափվենք, ապա նոր, ավելի մեծ աղետ կբերենք մեր գլխին, բայց սահմանում ապրողները, պետության գինն իմացողները և հայրենիքին որդիներ ու դուստրեր պարգևող հերոսների մայրերն ու քույրերը թույլ չեն տա մահվան դեսպաններին կործանել այս երկիրը: Մենք հաղթահարելու ենք այս մղձավանջը, մենք բուժելու ենք մեր հիվանդությունները ու այլևս երբեք իշխանության մոտ չենք թողնելու արկածախնդիրներին, ըստ տրամադրության հայրենիքի փրկության համար պայքարողներին և անհայրենիք բոլոր տարրերին, որոնց համար մի արժեք կա՝ փողը: Մեր լույս տղերքը Երկնքից օգնելու են մեզ այս գործում, չկասկածեք:
Գեղամ Նազարյան
ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցություն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը