Արցախն ու Հայաստանն աղետած Նիկոլ Փաշինյանը, նիկոլականների կառավարության վերջին նիստում ինչ-որ բաներ է ասել կարուսելների հնության և դրա հետ կապված՝ «իքս պահի» հնարավոր աղետի մասին: Դե, նա խոշոր մասնագետ է... աղետների գծով, այնպես որ՝ չարժե անլուրջ վերաբերվել նրա ասածին: Ի վերջո, Նիկոլն ու իր քպ-ները նրանք են, որոնք կանխամտածված պատերազմ բորբոքեցին, մահվան բերանը նետելով ազգի երիտասարդության ծաղիկը՝ հազարավոր զինվորների ու սպաների, հետո էլ, ասես՝ ոչինչ չէր եղել, ասացին, թե՝ դե նույն բանն էր լինելու, բայց առանց զոհերի...
Իսկ Նիկոլ Փաշինյանը, որ տեղով փորձանք է, ի լրումն ամենի, նաև բոլոր ժամանակների մեծագուն ահաբեկչագետն է: Այ, վիզուալ տեղեկատվություն էր դիտել, տեսել էր ծուխ և փախչող մարդկանց ու ձեռաց «փորձագիտական» եզրակացությունը տվել էր, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն չէր: Քանքա՜ր...
«Սուրմալուի» հրդեհ-պայթյուն-ավերումից մի երկու օր անց, թիկնապահներով ու յուրայիններով շրջապատված, Նիկոլ Փաշինյանը, գիտեք, գնացել էր դեպքի վայր՝ «ֆոտոսեսիա» անելու: Ձեռքն այսուայնկողմ տնկած նկարվել էր: Բայց ամենից բնութագրականը հետնապատկերը կամ խորապատկերն էր. պայթյունից ավերված ու ավելի քան մեկ տասնյակ կյանքեր խլած առևտրի կենտրոնի ծռված ու ծխացող բետոնե կմախքը...
Ի՛սկը: Դա թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրա ոչ բարով՝ վարչապետության ամենից բնութագրական պատկերն է: Հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, Հայաստանի Հանրապետության՝ մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքների կորուստ, ցեղասպան թշնամու հետ սիլի-բիլիով՝ Հայաստանը ադրբեջանաթուրքական «կարիդորի» վերածելու ընթացիկ ծրագրեր, համաճարակ ու անձեռնահաս «կառավարմամբ» դրա դաժան հետևանքներ՝ հազարավոր մարդկանց մահ:
Հիմա էլ՝ «Սուրմալու»-ի պայթյունը, որպես անգրագետ կառավարման, բարձիթողի վիճակի, անփութության խտացված ու ողբերգական հետևանք: Եվ նա դեռ կարուսելներից է խոսում...
Միամիտներ կամ միտումնավոր միամիտ ձևացողներ կան, որոնք կարծում են, թե «Սուրմալու»-ի ողբերգությունը կքննեն ու նման բաներ:
Իսկ, օրինակ, ո՞վ է հիշում, որ երկու տարի առաջ, այս օրերին, էլի տասնյակից ավել մարդիկ մահացան, որովհետև «լևի արաղ լցնող» մեկի օգտագործած սպիրտը այդ անգամ տեխնիկակակն էր: Ո՞վ քննեց այդ թունավորումների գործը, ո՞վ պատժվեց դրա համար: Ինչի՜ մասին է խոսքը: Մի՞թե հիշող կա, որ նման բան է եղել, առհասարակ:
Չնայած, ի՜նչ «երկու տարի առաջ». այս տարվա ապրիլի 26-ին նիկոլականների պաշտելի վարչապետի ավտոշարասյունը վրաերթով սպանեց 29-ամյա Սոնա Մնացականյանին ու նրա՝ ծնվելիք երեխային: Մի՞թե ինչ-որ մեկը ձերբակալված է, մի՞թե ինչ-որ մեկը դատարանի առաջ պատասխան է տալու այդ սպանության համար:
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու նրա մահաբեր կառավարությունն է՝ ո՛չ, ոչ մեկն էլ ոչ մի բանի համար իրական պատասխանատվության չի ենթարկվելու: Ինչպես անձամբ Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավոր շրջապատը պատասխանատվության չենթարկվեցին պատերազմ բորբոքելու և կանխամտածված կերպով թշնամուն ձեռնտու կերպով այն վարելու կամ՝ պետական դավաճանության մեղադրանքներով: Նրանք պետք է 2020-ի նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերն արդեն ձերբակալված լինեին ու մեղայական ցուցմունքներ գրելիս: Բայց նրանք այսօր իշխանության ղեկին են, վայելում են կյանքը, մսխում են պետական միջոցները, անձնական հարստություն են դիզում, տժժում և երջանկության մեջ ծփծփում են ու ծաղրում, ձեռ են առնում թե՛ զոհվածներին, թե՛ ողջերին:
Ու, որպես հավելյալ ծաղր, Նիկոլ Փաշինյանը դեռ մի բան էլ «իքս պահի» աղետներից է խոսում: Նա, ով ինքը ցանկացա՛ծ պահի աղետ է, ով Արցախի ու Հայաստանի գերեզմանափորն է, ով պարտության ու մահերի, ավերների, կորուստների, փորձանքների խորհրդանիշ է, ցավոք՝ դեռևս կենդանի խորհրդանիշ:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը