Հետաքրքիր է, բայցև՝ կանխատեսելի, որ Բերձորի, Աղավնոյի ու հայրենիքի այդ հատվածն էլ թշնամուն հանձնելու հետ կապված դրամատիկ-ողբերգական ընթացիկ զարգացումներին զուգահեռ, այս օրերին շրջանառության մեջ են դրվում նիկոլական խմբավորման զանազան ներկայացուցիչների «բլթոցներ»: Դե անհնար է, օրինակ, հայտարարություն որակել նրանց արտաբերած որոշակի ձևակերպումներ: Դրանք իսկապես էլ «բըլթոց» են, այն է՝ անհեթեթ արտահայտություն: Իսկ որոշների արտաբերածի բովանդակությունը թույլ է տալիս գերադրական որակել՝ «բը՛լթ-բըլթոց»:
Այդ մարտավարության հիմնական խնդիրը թիվ 1 մեղավոր-պատասխանատուից հնարավորինս ուշադրությունը շեղելն է, զայրույթի ու վրդովմունքի նետերն այլ կողմ ուղղելը, ինչին անդրադառնալու առիթ արդեն ունեցել ենք:
Նման «շեղող մանևր» կարելի է համարել կարկառուն քպ-ական, Նիկոլի ԱԺ խմբակցության պանծալի ներկայացուցիչ, բազմակուսակցական (կոմկուսից մինչև էլ ինչ ասես, լիբերալ-դեմոկրատիան էլ ձեզ՝ փեշքեշ) Վիգեն Խաչատրյանի՝ Բերձորի վերաբերյալ դեմագոգիկ հարցազրույցից արտաբերված այն ֆրազի շրջանառումը, թե՝ «Զիջում ես այն, ինչը քոնն է. պատմականորեն մերը չեն. Խաչատրյանը՝ Բերձորը, Աղավնոն հանձնելու մասին»: Վերը նշված տակտիկայի տեսանկյունից հատկանշական է այն, որ տվյալ հարցազրույցը տեղի է ունեցել հունիսի 29-ին, ի դեպ, այն օրերին էլ աննկատ չմնալով: Բայց առավել ակտիվ այդ վրդովեցուցիչ արտահայտությունն սկսեց շրջանառվել այն հնչեցնելուց ավելի քան մեկ ամիս անց: Սա՝ պարզապես տակտիկական նրբերանգներ արձանագրելու համար:
Այնուամենայնիվ, թեթևակի դիտարկենք այդ՝ «պատմականորեն մերը չեն»-ը, որը հանգիստ կարող է համարվել «Տեղ գյուղից այն կողմ ադրբեջանական տարածք է»-ի քույր-«բըլթոց»:
Անկեղծ ասած՝ Վիգեն Խաչատրյան ՔՊ-ական պատգամավորի անձը բացարձակապես անկարևոր է, էականը նրա արած արտահայտությունն է: Ինչ վերաբերում է անձին, ապա հետաքրքիր կլիներ որևէ հանրային հարթակում հետևել հիշատակվածի առերես բանավեճին՝ պատմաբան, նախկին պատգամավոր ու, ամենից կարևորը՝ ավելի քան 20 տարի Բերձոր կենտրոնով Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանի հետ: Է՛լ ավելի մեծ է ցանկությունը, որ հնարավոր լիներ Վիգեն Խաչատրյանի հրապարակային հանդիպումը 1996-2008թթ. Բարձորի շրջանային բուժմիավորման գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանի հետ: Ցավոք, լեգենդար Արցախը մոտ տասը տարի առաջ լքել է այս մեղավոր աշխարհը, բարեբախտաբար՝ անտեղյակ մնալով վերջին տարիներին ու հենց այս օրերին ծավալվող դավաճանական անցուդարձին, շարունակական հանձնումներին ու զիջումներին:
Թե բա՝ «պատմականորեն մերը չեն»: Սա ուղիղ նիկոլական քարոզչություն է՝ հիմնված բացարձակ ցինիզմի, ակնհայտ ստի վրա, պայմանով, որ լսարանը կատարյալ ապուշ է կամ վերջին ստադիայի աղանդավորական կախվածության մեջ գտնվող ինչ-որ բազմույթ:
Այն, որ կոնկրետ Բերձորը, Աղավնոն, առհասարակ, Հայաստանի կամ Արցախի այդ տարածքները ընդամենը մի 100 տարի առաջ են ինչ-որ կուսակցական մարմնի որոշմամբ, «ընդհանուր պետության մեջ», ի դեպ, նվիրվել բոլշևիկացված Ադրբեջանական կազմավորմանը և Ադրբեջանական ԽՍՀ տիրապետման տակ են եղել հազիվ 70 տարի ու ազատագրվել են 1992-ին, հանրահայտ փաստեր են: Ու՝ ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ եթե ադրբեջանական կողմը մի 70 տարի վերահսկողություն է ունեցել հատուկ Արցախի անկլավայնացման նպատակով կտրված այդ տարածքի վրա, ուրեմն այն այլևս պատմականորեն մե՞րը չի՞: Հասկանո՞ւմ եք, եթե «մի բան» մի 5000 տարի քոնն է եղել ու, ինչ-ինչ դեպքերի բերումով, թշնամական մի ցեղ մի 70 տարի այն զավթել է, ուրեմն, ըստ նիկոլաքպական «բըլթոցի», այն այլևս «պատմականորեն մերը չի»: Թերևս ճիշտ կլիներ, որ նշված նիկոլականը դա հայտարարեր, օրինակ, Ծիծեռնավանքի գմբեթին կանգնած, իսկ ասելուց հետո էլ, Նիկոլի նախընտրական մուրճով սկսեր ջարդել եկեղեցու գմբեթի խաչը:
Թեպետ, ինչ-որ տեղ կարելի է ասել, որ Բերձորը, Աղավնոն, տո՛ նույնիսկ Իջևանն ու Երևանն էլ պատմականորեն Նիկոլինն ու իր ՔՊ-ականներին չեն այնքանով, որքանով նրանք թշնամիների՝ արևմտյան ու արևելյան թուրքերի շահերն են սպասարկում: Բայց երբ նրանք հանդգնում են ներկայանալ որպես ՀՀ քաղաքական գործիչ ու ՀՀ անունից հայտարարում են, թե այդ տարածքները մերը չեն, ուստի՝ չեն զիջում, այլ տալիս են այն, ինչը մերը չէր ու չեն կարող պահել, ապա նույնիսկ ամենից կիրթ անձնավորությունը «մոռանում» է գրական հայերենն ու նորմալ խոսքը և անցնում գրավոր ոչ մեջբերելի արտահայտությունների:
Այս «պատմականորեն մերը չեն»-ի մեջ ամենից ցցունը ցինիզմն է: Քանզի երկիրը կտոր-կտոր թշնամուն նվիրելը սրանք փորձում են փաթեթավորել «խաղաղության», «զարգացման», «հեռանկարի», «ապագայի» մասին դատարկախոսություններով:
Նիկոլիզմի տեսանկյունից բնութագրական ու կարևոր է, որ իրենք ոչ միայն կաշվից ելնելով իրականացնեն սեփական Հայրենիքում Հայաստանի ու հայության ապագան զրոյացնելու թյուրքական ծրագրերը, այլև դա անեն՝ «Ապագա կա, ապագա» կարգախոսով, որ ոչ միայն թշնամուն կտոր-կտոր հանձնեն Հայրենիքը, այլև որ դրա համար իրենց փառաբանեն, օվսաննա կանչեն, մի խոսքով՝ «ծափ տան, արա՛...»:
Ի դեպ, կոմկուսի կենտկոմի տեսուչ, կոմկուսի Գուգարքի շրջկոմի երբեմնի (1988-90թթ., այսինքն՝ Արցախյան շարժման մեկնարկին կուսակցական կարիերա էր անում ինքը) առաջին քարտուղարը վստահաբար կիմանա, որ իր ծննդավայր Իջևանն էլ են թուրքերը համարում «պատմականորեն իրենցը», չնայած, ինքը պատմականորեն ի՜նչ խնդիր պիտի ունենա ադրբեջանական թուրքերի հետ, որ...:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը