Արևելքում, ասենք՝ ամբողջ աշխարհում ու բոլոր ժամանակներում միշտ էլ գնահատվել են ուժը, կամքը, համարձակությունը: Ներկայում Հայաստանի կործանման թրքահպատակ կառավարիչները, կհիշեք, ավելի քան 4 տարի առաջ, անարյուն հեղաշրջմամբ Հայաստանում իշխանությունը զավթեցին «դուխով» գլխարկներով, կոչերով, ղալմաղալով: «Դուխով», ասել է թե՝ համարձակ են, անվեհեր, քաջ:
Գործնականում ու շատ արագ ակնհայտ դարձավ, որ «թավիշների» «դուխապետը» վախկոտ, ստախոս, թույլիկ մեկն է, որը մշտապես դողում է թե՛ իր զավթած աթոռի, թե՛ իր՝ անարժեք կյանքի ու մաշկի համար: Այն աստիճան, որ կոպիտուլյացիոն հայտարարություն ստորագրելուց հետո ծլկում է բունկեր, ապա հասկանալով, որ ոչ մեկն իրեն շանսատակ անելու ցանկություն կամ վճռականություն չունի, ելնում ու, ասես ոչինչ չի արել, ոչինչ չի եղել, շարունակում է կառավարել, բայց տեղից տեղ շարժվում է ահռելի ու մարդասպան ավտոշարասյամբ՝ թիկնապահների մի վաշտի, իսկ առանձին դեպքերում՝ 500-1500 ոստիկանների ուղեկցությամբ միայն:
Նիկոլ Փաշինյանի սիրելի գործընկերն ու քիրվան՝ հակահայ Ալիև Իլհամը, գիտեք, վերջին օրերին հարձակվել է Արցախի մնացորդների վրա: Ուզում է ՀՀ-ն Արցախին կապող արահետն էլ վերացնել, լիովին զավթել Բերձորը՝ մերձակա բնակավայրերով հանդերձ, ձեռքի հետ էլ՝ պոկել այս կամ այն կտորը, որքան որ ուժը կպատի:
Ի՞նչ տեղի ունեցավ: Մի քանի օրվա լարվածությունից, թշնամու նախահարձակ մարտական գործողություններից, որոնց հետևանքով թե՛ թշնամին, թե՛ Արցախի Պաշտպանության բանակը ունեն կորուստներ և վիրավորներ, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մի երկարաշունչ ճառ արտասանեց, որի ամբողջ իմաստն այն էր, որ «դուխովները», կներեք, «տակներն են արել»:
Ըստ էության ի՞նչ էր քպ-ոների կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի ասածը: Նրա ասածը կամ, ավելի ճիշտ՝ ասածի բովանդակությունը հետևյալն էր.
Ա) բայց Իլհամ Հեյդարիչ, ախր մենք, լիովին կզած, կատարել ենք 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության բոլոր կետերը (որոնք բոլորը հակահայկական են, բացի գերիների վերադարձից, որը չի կատարվել ու անկասկած չի էլ կատարվելու),
Բ) Արցախից մենք, որպես ՀՀ, բոլոր առումներով «յան ենք տվել», «ձեռ ենք քաշել», «ձեռքներս լվացել ենք», հա, սիրելի ու կիրթ, կառուցողական Իլհամ, ՀՀ-ից զորակոչված զինվորներին էլ արագի մեջ, խուճապահար հանեցինք Արցախից,
Գ) ախր, այ եղբայր ադրբեջանցիներ, էդ ե՞րբ եք ուզեցել գալ՝ Հայաստանով ֆռֆռալով, քեֆ քաշելով, մուղամ զռռացնելով գնալ Նախիջևան կամ Նախիջևանից, Օրդուբադից գնալ Ղազախ կամ Բաքու, որ մենք՝ Նիկոլ Փաշինյանս, իմ քպ-ոները, իմ աած-ն ու իմ հայատյաց մլիցեքը չեն թողել: Խնդրե՜մ, համեցե՜ք, իմ հարազատ ու հոգեհարազատ ադրբեջանական թուրքեր, երբ ուզեք, որտեղով կուզեք՝ եկեք, գնացեք, կուզե՞ք էն դժբախտ ու դժգույն Իջևանով եկեք-գնացեք, կուզե՞ք՝ անպետք ու ավելորդ Վարդեն… կներեք, Բասարգեչարով, կուզե՞ք… որտեղո՞վ կուզեք: Ձեզ ո՜վ է բան ասելու…
Միով բանիվ, Նիկոլ Փաշինյանի այդ վերջին ելույթը ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ թուրքի առաջ կզած լինելու և ավելի կզելու հավաստիացում՝ հասցեագրված Ալիև Իլհամին:
Հիմա նման «դուխով» վերգոներին ո՞վ լինի, որ բանի տեղ դնի, սկսած՝ թշնամուց, վերջացրած՝ հարևաններով կամ Հայաստանի երբեմնի բարեկամներով: Ո՞վ, առհասարակ, մարդու տեղ կդնի մի հասարակության, որը կազմված է մշտակապիտուլյանտ նիկոլներից, որոնց հուզող միակ հարցն այն է, որ փորները կուշտ լինի, տակները՝ չոր, գլուխները՝ դինջ, ջհաննամը, թե Հայաստան չի լինի կամ իրենց տան դռան շեմին իրենց կմորթեն:
Ի դեպ, ասում են, որ վարդենիսցիները նեղսրտել են, որ իրենց սրտի փրչապետը, առանց իրենց հարցնելու, թուրքերին ազատ ելումուտի ճամփա է տալիս: Նկատենք, որ աջուձախ թրքահաճո հայտարարություններ է անում, որոշումներ է արձակում մեկը, ով 2018-ի օգոստոսին դայլայլում էր, թե չի կարող հանկարծ այնպիսի բան լինել, որ Արցախի հարցը լուծվի ժողովրդից թաքուն, ժողովրդի թիկունքում, որ նման ծրագրերը նախ ժողովրդի դատին կհանձնվեն…
Իսկ այսօր, ի՜նչ Արցախ, ի՜նչ Բերձոր: Ուղղակիորեն Հայաստանի Հանրապետության դռները կրնկի վրա բացում է ադրբեջանական թուրքերի առաջ, «էստի համեցե՜ք» է անում, Հայաստանը դարձնում է թուրքերի «պռախադնոյ դվոր»՝ առանց որևէ մեկին որևէ բան հարցնելու: Ասենք, ո՞ւմ հարցնի, իր «ընտրազանգվածի՞ն», իր ձեռքը պաչպչող անձա՞նց, իր՝ թալանից ու պարգևավճարներից ճարպակալած, բոխաղակալած «դուխիկների՞ն»:
Շատերն են ընդգծում, որ Նիկոլ Փաշինյանը, նրա մանկլավիկները, իրենց վերջին հայտարարություններով գործնականում ձևակերպում են Արցախից վերջնական հրաժարումն ու Արցախի բեկորներն էլ թշնամուն, ծայարահեղ դեպքում՝ ռուսական ողորմածությանը հանձնելը: Սակայն ինչի՜ մասին է խոսքը, երբ գործնականում արդեն Հայաստանն է թշնամուն հանձնում Նիկոլ Փաշինյանը:
Այդպես է լինում, երբ իդիոտիկ թմբիրի մեջ հայտնված «հասարակությունը» ոչ միայն դատարանի առաջ կամ պատկերավոր ասած՝ «պատի տակ» չի կանգնեցնում իրեն աղետի ու ողբերգության մատնածին, այլև՝ վերընտրում է երկիրն ու ժողովրդին միտումնավոր պարտության մատնած հրեշին: Նման ժողովուրդները ոչ միայն այլևս չեն ունենում խաղաղություն, ապահովություն, անվտանգություն, այլև ընդհանրապես չունեն ու չեն կարող ունենալ ապագա:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը