21 07 2022

Դե՜, գեներալներ են, էլի...

Դե՜, գեներալներ են, էլի...

Բոլոր ժամանակների ամենից շատ հայհոյված վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա հավատարիմ ըսպարապետ Պապիկյանը գեներալներին «բերման էին ենթարկել»: Գեներալներն էլ, կաշվից դուրս գալով, զգաստ ու ձիգ ցցվել էին նրանց առաջ, ասես՝ իրենց համազգեստի ամեն մի կոճակով ցանկանալով ընդգծել իրենց գետնատարած հնազանդությունն ու Նիկոլ Փաշինյանի կոշկի կեղտերը լպստելու պատրաստակամությունը: Զզվելի տեսարան էր, ինչ խոսք:

Դե՜, գեներալներ են, էլի...

Արցախն ու Հայաստանը աղետի մատնելու թուրքական ծրագրի առաջին փուլը՝ 2020 նոյեբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունն իրագործելուց հետո, նիկոլական «տապոռ» քարոզչությունը պատերազմի հետևանքները, պարտությունը գցում էր և գցում է սրա-նրա գրպանը: Ով ասես՝ մեղավոր է, միայն ոչ Նիկոլը: Ի՜նչ եք ասում, Նիկոլ Փաշինյանը սուրբ է, իսկ իր կինը՝ սրբուհի: Դա դեռ մի կողմ: Հիմնականը, ում մեղադրում էին, բանակային գեներալներն էին:

Այնպես չէ, իհարկե, որ նրանցից յուրաքանչյուրն իր որոշակի մեղքի բաժինը չունի: Եվ, երբևէ, եթե Հայաստանում վերականգնվի հայկական իշխանություն, եթե Հայաստանը, որպես պետություն այդ ժամանակ դեռ գոյություն ունենա, այդ գեներալներից շատերն էլ պիտի կանգնեն դատարանի առջև:

Բայց կոնկրետ այս դեպքում հարցն ահա թե ինչի մասին է: Ենթադրենք, իսկապես էլ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ոչ մի կապ չի ունեցել պատերազմից առաջ ու պատերազմի ընթացքում ընդունված կարևոր որոշումների հետ, ոչինչ չի կարգադրել, ոչինչ չի արել՝ իր ասած «մոդերատորությունից» բացի: Ենթադրենք, թե բանակային գեներալներն իսկապես էլ իրենցուգլխու են կարևոր որոշումներ կայացրել: Ենթադրենք, որ տաղի ունեցածի համար, ավելի քան 5000 զինվոր ու սպայի զոհվելու, ավելի քան 10000-ի վիրավորվելու և հաշմվելու, Արցախի մոտ 80 տոկոսը, ապա անմիջականորեն ՀՀ տարածքի 40-45 քառակուսի կիլոմետր տարածքը թուրքերին տալու համար մի՛միայն հենց գեներալներն են մեղավոր:

Լավ, բա ո՞ւր են «կտրված գլուխները»: Պատերազմի կոպիտուլյացիոն ավարտից անցել է գրեթե 2 տարի, ավելի կոնկրետ՝ 1 տարի և 8 ամիս: ԱԱԾ-ն, դատախազությունը, քննչական մարմինները, դատարանները բոլորը Նիկոլ Փաշինյանի կրնկի տակ են, եթե ոչ՝ ավելի ցածր վիճակում: Հարց. քանի՞ բանակային՝ 2020-ի սեպտեմբերից նոյեմբեր գործած գեներալի է ներկայացվել պատերազմը պարտվելու մեղադրանք, դրանցից քանի՞սն է արդեն դատվել ու պատերազմական ժամանակների օրենքներով՝ դատարանի որոշմամբ գնդակահարվել:

Ո՛չ ոք: Ի դեպ, ոչ մի գեներալ նաև ինքնասպան չի եղել՝ պարտության և հազարավոր լուսավոր տղաների Փաշինյանի հրամաններով կոտորածի մատնելու մեղքի ծանրությանը չդիմանալու հետևանքով: Լավ էլ ճոխ, ուրախ ու երջանիկ ապրում են՝ մինչև կոկորդներն արյան մեջ կորած՝ իրենց լպստած վարչապետի հետ:

Կան ինչ-որ քրեական գործեր, կան անգամ ձերբակալվածներ, ի դեմս, օրինակ, 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանի «ձեռքը լպստած» պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, բայց չկան հրապարակային դատավարություններ, առավել ևս՝ դատավճիռներ: Ի դեպ, Տոնոյանի քրգործը ամենևին էլ պատերազմի հետ կապված չէ, այն վերաբերվում է ինչ-որ գնումների և չարաշահումների հետ՝ ոչ թե 44-օրյայի ժամանակ կայացրած որոշումների։

Ի դեպ, եթե Նիկոլ Փաշինյանը, ըստ նիկոլական «տապոռ» քարոզչության բացարձակապես կապ չի ունեցել պատերազմի ու պատերազմական որոշումների հետ, ապա Դավիթ Տոնոյանի փաստաբանը հանգիստ կապացուցի, որ իր պաշտպանյալն ընդհանրապես որևէ առնչություն չի ունեցել որևէ բանի, այդ թվում՝ հայությանը միտումնավոր խաբելու, մոլորեցնելու հետ:

Ավելին, նախօրեին Պապիկյանի ու Փաշինյանի առաջ նորակոչիկից էլ ջանասիրաբար, այս դեպքում նաև՝ ծառայամտորեն ձգված գեներալների մեծ մասն ընդամենը 2021թ. փետրվարին պահանջել էին նրա հրաժարականը:

Եվ ովքե՞ր են նրանք այդքանից հետո: Դե, գեներալներ են, էլի:

Ու առհասարակ, անհասկանալի է, թե Հայաստանի ինչի՞ն է անհրաժեշտ ունենալ բանակ ու անիմաստ բարձր վարձատրություն ստացող գեներալներ: Նրանք ո՞ւմ են պետք: Միայն թե չասեք՝ թշնամիներից Հայաստանը պաշտպանելու համար: Ո՞ր թշնամիներից: Թուրքերի՞ց: Բայց մի՞թե թուրքերը Նիկոլ Փաշինյանի ու Պապիկյանի ու նրանց իշխանության համար թշնամի են: Ոչ, թշնամի չեն, այլ Փաշինյանի ու Պապիկյանի, նաև՝ ԱԽՔ-ի սիրելի գործընկերն ու միգուցե գործատուներն են:

Հետևաբար, Հայաստանին ոչ բանակ է պետք, ոչ էլ՝ գեներալներ, մանավանդ՝ այդպիսի:

 

Արմեն Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ