24 06 2022

ԱՄՆ-ն է որոշել․ Ադրբեջանին պետք է զինվել, իսկ Հայաստանին՝ խաղաղության պատրաստվել

ԱՄՆ-ն է որոշել․ Ադրբեջանին պետք է զինվել, իսկ Հայաստանին՝ խաղաղության պատրաստվել

ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, իսկ Հայաստանին էլ կտրամադրի 120 մլն դոլար ժողովրադավարությունն ավելի ամրապնդելու և տնտեսական մարտահրավերները հաղթահարելու համար: Մեկ օրվա տարբերությամբ այս երկու լուրերը շատ կասկածելի իրավիճակ են ստեղծում: Հասկանանք՝ ինչու:

Այսպես, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է շրջանցել 907-րդ բանաձևը: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում 907-րդ բանաձևը:

«Ազատության աջակցության ակտի» 907 բանաձևը արգելում է աջակցություն տրամադրել Ադրբեջանին, բացառությամբ այն դեպքերի, երբ դա «կարևոր է Ադրբեջանի սահմանային անվտանգության համար» և չի խոչընդոտի կամ խանգարի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացին կամ օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»: Իսկ կարևորությունը պետք է ապացուցի ԱՄՆ նախագահը և զեկուցի Կոնգրեսին:

Բանաձևը ընդունվել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992-ի օգոստոսին, շուրջ տասը տարի Ադրբեջանը ԱՊՀ միակ պետությունն էր, որ ԱՄՆ կառավարությունից ուղղակի օժանդակություն չէր կարողանում ստանալ։

2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական իրադարձություններից հետո Ջորջ Բուշը դիմեց Կոնգրեսին՝ հնարավորություն խնդրելով յուրաքանչյուր բյուջետային տարի շրջանցել 907 բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին:

2002 թվականից ի վեր Ադրբեջանը ստացել է շուրջ 411,6 մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն: Այս գումարը բաշխվել է անվտանգության ոլորտին վերաբերող 20-ից ավել ծրագրերի միջոցով:

Իսկ 2002 թվականից ի վեր Հայաստանին տրամադրված օգնությունը այս նույն ծրագրերի շրջանակներում եղել է մոտ երկու անգամ ավելի քիչ՝ կազմելով շուրջ 196 մլն դոլար։

Եվ ահա, 2020թ. պատերազմից հետո ռեալ հնարավորություն կար այս գործընթացի դեմն առնելու համար: Ադրբեջանը իր բանակն ու ահաբեկիչներին հանել էր Արցախի և Հայաստանի դեմ, օգտագործում էր արգելված զինատեսակներ, կրակում խաղաղ բնակչության վրա, դասասենյակներում նստած երեխաների սպանում, տարեցների խոշտանգում և գերի վերցնում: Վայրագությունների շարքը կարելի է անվերջ շարունակել:

Բայց այդ 44 օրերին մենք չլսեցինք դատապարտող որևէ խոսք հումանիստ արևմուտքից, այդ թվում ԱՄՆ-ից: Իսկ հիմա իրեն ժողովրդավարության կենտրոն համարող երկիրը, որտեղ մարդը իբր բարձրագույն արժեք է հռչակված, որոշել է շարունակել զինել Ադրբեջանի պես ագրեսորին, որ երկու տարի առաջ սանձազերծեց պատերազմ, որը խլեց հազարավոր մարդու կյանք:

Իհարկե նաև հարց է առաջանում, թե այդ ինչպես է կարողացել Բայդենը ԱՄՆ Կոնգրեսին համոզել, որ Ադրբեջանի սահմանները վտանգված են, կամ որ տրամադրված օգնությունը չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով, երբ ընդամենը օրեր առաջ սահմանին Ադրբեջանի կողմից հայ զինծառայող զոհվեց:

Փաստ է, որ ԱՄՆ Ադրբեջանին գումար է տալիս նորից զինվելու, իսկ Հայաստանին՝ խաղաղություն մուրալու համար: Աչքերն ու ականջները փակած արևմուտքը, այս դեպքում ԱՄՆ գլխավորությամբ, աշխարհում իր պլաններն ու խնդիրներն ունի, ծրագրերն էլ իրագործում է ըստ այդ պլանների, որի մեջ հայաստանյան այսօրվա իշխանությունները բավականին հարմարավետ տեղավորվել են:

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ