16 05 2022

Նիկոլ Փաշինյանն այլևս իշխանություն չէ, նա լեգիտիմ չէ և ընդհանրապես՝ չէ՛

Նիկոլ Փաշինյանն այլևս իշխանություն չէ, նա լեգիտիմ չէ և ընդհանրապես՝ չէ՛

Արդեն ավելի քան երկու շաբաթ է, ինչ ծավալվել է «Դիմադրության» շարժման անհնազանդության կամ, եթե կուզեք՝ ապստամբային, բայց՝ խաղաղ գործողությունների փուլը՝ իշխանությունից Նիկոլ Փաշինյանի ու նրա «թիմի» հեռացման պահանջով ու նպատակով:

Հանրահավաքներ, տասնյակ հազարավոր հայրենակիցների մասնակցությամբ երթեր, մայրաքաղաքի ծանրաբեռնված փողոցներում և խաչմերուկներում, նաև քոշոր մայրուղիների երթևեկության կարճաժամկետ արգելափակումներ, պետական-կառավարչական շենքերի արգելափակումներ, ֆլեշմոբային բնույթի ակցիաներ...

Շարժման էպիկենտրոնը մնում է Ֆրանսիայի հրապարակը, որտեղ «վրանային ավան» է ձևավորվել: Ֆրանասիայի հրապարակում ամփոփվում են օրվա արդյունքները, անցուդարձը, հնչում են ելույթներ, կազմակերպվում են մասնագիտական քննարկումներ, «ապաքաղաքական» ժամերին հանդես են գալիս հայկական երգարվեստի գնահատված ներկայացուցիչներ...

Ու պայքարը շարունակվում է: Ավելին, այս ընթացքում մեծապես ընդլայնվել է շարժումը, այդ թվում՝ աշխարհագրորեն: Ամենից կարևորն այն է, որ շարժումը չի դադարում, չի մարում, հակառակը՝ օրեցօր ավելանում են Ֆրանսիայի հրապարակ ու փողոցներ ելած հայրենակիցների համակիրները, ի դեպ, ոչ միայն Հայաստանում կամ Երևանում: Հարկավ, այս ընթացքում եղել են նաև որոշ տեղատվություններ՝ առանձին օրերին զանգվածային ակցիաների մասնակիցների քանակի առումով, ինչը ևս բնական է ու անխուսափելի: Սակայն հաջորդ իսկ օրը տեղի ունեցած երթը կամ հանրահավաքը եկել են փաստելու, որ տեղատվություններին հաջորդում են մակընթացությունները:

Մեծ հաշվով, շարժումն արդեն իսկ կարողացել է շատ ու շատ բաների հասնել: Ու դա շարժման ակտիվ գործողություններին մասնակցող յուրաքանչյուր քաղաքացու շնորհիվ է:

Առաջին հերթին, գործնականում արդեն բոլորին է պարզորոշ տեսանելի, որ սա նաև վերքաղաքական պայքար է՝ երկրի պետական կառավարման համակարգը  թրքահպատակ, օտարի կամակատար ռեժիմից ազատագրելու և այդպիսով՝ Հայաստանի ու Արցախի մնացորդներն այս նիկոլամղձավանջային կործանման ընթացքից դուրս բերելու հիմք ձևավորելու համար: Հարկավ, կան կոնկրետ քաղաքական ուժեր, որոնք նախաձեռնել են այս շարժման ակտիվ փուլը, բայց սա ապակուսակցական պայքար է: Կարելի է ասել, որ սա ազգային համաձայնության պայքար է, հանուն՝ ազգային-պետական լինելիության, ընդդեմ թրքացման և կործանման:

Երկրորդը. երկրում իրապես թե՛ իրավիճակ է փոխվել, թե՛ տրամադրություն է փոխվել: Իրավիճակի փոփոխության առավել ցայտուն վկայություններն են նիկոլփաշինյանական ռեժիմի կողմից պայքարող հայերի դեմ ամենավայրագ ռեպրեսիաների կիրառումը, ոստիկանական ամենաստոր ու հակամարդկային մեթոդների դիմելը, և իշխանական քարոզչագառշոկներից հանրային հարթակները ստի, զազրախոսության, ապուշագույն ու նույնքան էլ մերկապարանող ձևակերպումներով հեղեղելու փորձերը:

Իսկ տրամադրությունների փոփոխությունը առավել ակնհայտ երևում է հուժկու երթերի ընթացքում: Մասնավորապես, եթե մայիսի 1-ին կամ 2-ին երթի մասնակիցներինի մի քանի ավտոմեքենայի վարորդ էր ձայնային ազդանշանով ողջունում, ապա մայիսի 9-10-ին, առավել ևս՝ 15-ին արդեն տասնյակ ու տասնյակ մեքենաների վարորդներ էին միանում այդ կերպ ողջունելուն: Ավելին, վերջին երթերի ժամանակ բազմիցս եմ նկատել վարորդների, որ «սիգնալը» քիչ համարելով, մեքենայի միջից վանկարկում են՝ «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան»: Շատ եմ նկատել դեպքեր, երբ երթի անցնելու պատճառով խցանման մեջ լռված մեքենայի վարորդը Հայաստանի կամ Արցախի դրոշ է պարզել՝ ի նշան երթավորների պահանջներին միանալու: Հատկանշական է նաև, որ կտրուկ ավելացել են իրենց բնակարանների պատուհաններից կամ պատշգամբներից երթը ողջունող, այդպիսով նաև միացող հայրենակիցները, թե՛ դրոշներով, թե՛ առանց դրոշների: Նմանապես ավելացել են Հայաստանի կամ Արցախի դրոշներով առանձնացված պատուհաններն ու պատշգամբները: Կան հայրենակիցներ, որ դրանով չեն բավարարվում և հականիկոլական կարգախոսներով պաստառներ են ամրացնում նկատելի վայրերում, ասենք՝ պատուհանին:

Այս ամենը, ինչպես նաև շարժման ընթացքը, դինամիկան, առկա ոստիկանապետական քստմնելի ռեժիմի հոգեգար ու հիստերիկ ծամածռությունները պարզորոշ հուշում են. Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այլևս իշխանություն չունի, Նիկոլ Փաշինյանը, իր ռեժիմով հանդերձ, լեգիտիմ չէ, Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը, և ընդհանրապես՝ չէ՛, չկա՛... Մնում է հասնել մահաբեր ու աղետային, կործանարար ու հակահայ այս ռեժիմի, այս քաղաքական ժանտահոտ դիակի քաղաքական հուղարկավորությանը:  Ու այդ ժամը մոտ է:

Որքա՞ն մոտ է: Շա՛տ մոտ է: Բայց եթե իրեն հայ համարող յուրաքանչյուր քաղաքացի ելնի փողոց ու անմիջականորեն միանա պայքարին, նշված ժամը՝ փաշինյանական ռեժիմի հեռացման հետհաշվարկը արդեն րոպեներով կընթանա:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ