Այս օրերին համաժողովրդական ընդվզումը, իսկ ավելի ճիշտ՝ ապստամբությունը գնալով ավելի մեծ թափ է հավաքում: Դա այնքան ակնհայտ է, որ չնկատելու համար պետք է պարզապես կույր լինել, չհասկանալու համար՝... քպ-ական:
Ի դեպ, այն, որ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդվածով հանդես եկավ, որի հիմնական կետերից մեկը նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև ինչ-որ բանակցությունների կամ նրանց հանդիպման մասին առաջարկն էր, նույնպես վկայում է, որ հականիկոլական, հակակապիտուլյացիոն պայքարը կտրուկ մոտեցել է անդառնալիության կետին: Իր փորձառությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը դա հստակ հասկացել է և գործնականում փորձեց ինչ-որ կերպ աջակցել այլևս ռեալ իշխանություն չունեցող Նիկոլ Փաշինյաին, ով շատերի կողմից ընկալվում է ոչ այլ կերպ, քան հենց Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակ:
Տեր-Պետրոսյանի այդ փորձը, կարելի է ասել՝ ձախողվեց: Հեքիաթ ու մանիպուլյատիվ ձևակերպում է տեր-պետրոսյանական թեզը, թե՝ ով էլ գա, ստիպված է լինելու շարունակել Նիկոլի անարժան «գործը»: Չկա նման բան, առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համաժողովրդական պահանջի առանցքային պատճառներից մեկը նրա ստանձնած այդ «գործն» է՝ կոնկրետ Հայաստանը թուրքական լծի ու ադրբեջանական օկուպացիայի տակ դնելու ծրագիրը, որը նա ու իր քպ-ները որքան կարողանում՝ իրանկանացնում են:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուն կամ բանակցելուն, ապա էլի անհասկանալի է, թե Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն ինչո՞ւ է մի կողմ կամ «վերին արբիտրի» դերում դնում (ակամայից մտաբերում ես նրա հոգեզավակի չսիրած «Կնքահայրը» ֆիլմը, որտեղ ավագ Կորլեոնեն որդուն՝ Մայքլին ասում է, որ ով գա և քեզ առաջարկի հանդիպում Բարզինիի հետ, նա է դավաճանը): Մի նախկին նախագահ էլ հենց Տեր-Պետրոսյանն է, ինքը ոչինչ չունի՞ ասելու իր քաղաքական հոգեզավակին, ում որպես ազգակործան պատուհաս էր բնորոշել 2020-ի 9.11-ից հետո:
Այս իրավիճակում, ի դեպ, շատերի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելն ու ինչ-որ բաներ բանակցելը ամենից սխալ քայլը կլիներ, առհասարակ: Եվ ամենակարևորը. ոչ միայն, ասենք, նախկին նախագահները, ընդհանրապես իրական ընդդիմության, «Դիմադրության» շարժման ղեկավարներից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանի հետ կարող է հանդիպել մի՛միայն 1 հարց քննարկելու համար: Այդ հարցն է Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը թողնելու հայտարարությունը, նրա ֆիզիկական ապահովության պայմանները: Վե՛րջ: Նրա հետ քննարկելու այլ հարց արդեն չկա: Ու վաղուց չկա:
Մինչ այս, մինչ այն, համաժողովրդական շարժման թափի մեծացմանը զուգահեռ, «բլթոցով» պայթում են նիկոլական քարոզչության զանազան պղպջակները: Հատկապես այն պղպջակները, որ այդքան սիրում են անկապ կրկնել «վագրանախշ» հագուկապով նիկոլական 50-անց կանայք, նիկոլական ֆեյքերը, «իրեք ինիստուտ պրծած» տաքսիստներն ու այլ քարոզիչներ: Օրինակ, նրանք շատ են սիրում ցուցարարներին հանդիմանել, թե՝ «բա խի չեն գնում սահման...»:
Մինչդեռ այս օրերին ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն իրեն շրջապատել է մի քանի հազարանոց ոստիկանական զորքով, մինչև ատամները զինված, հանդերձավորված, ամեն կերպ տեխնիկայով ապահովված զորքով: Տրամաբանական հարց է ծագում. «բա խի՞ դրանց չի ուղարկում սահման»: Այսինքն, սահմանները պահելու առումով պատրաստված զինուժի խնդիր չկա, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հենց միայն այն է անում, որ Հայաստանի տարածքը կտոր-կտոր նվիրում է իր սիրելի գործընկեր Ալիևին:
Մյուսը ոմն տխրահռչակ «իրավապաշտպան»-նիկոլականի սիրած պղպջակն այն է, թե «ընդդիմության հավաքներին շատ քիչ մարդ է մասնակցում»: Բոլոր նորմալ մարդիկ ամեն ինչ շատ պարզ տեսնում են: Տեսնում են տասնյակ ու տասնյակ հազարավոր, եթե ոչ արդեն ավելի քան հարյուր հազար հայրենակիցների, որ շարունակում են բողոքի անդադար երթերը, տեսնում են ավտոմեքենաներից, տների պատուհաններից ու պատշգամբներից ողջունող հարյուրավոր ու հարյուրավոր հայրենակիցների: Այսինքն, «քիչ մարդ լինելու» մասին նիկոլականների պղպջակներն այնքան ակնհայտ սուտ են, որ երևի չարժե էլ դրա մասին խոսել:
Կան նաև այլ նման «պղպջակներ», բայց տվյալ դեպքում էական է այն պահը, որ նիկոլական ստերն ու նիկոլականների, այդ թվում՝ քպ-ական պատգամավորների զանազան-զարմանազան հայտարարություններն այլև ոչ միայն լուրջ չեն ընկալվում, այլև ընդհանրապես բանի տեղ չեն դրվում: Այո, նրանք ջանում, կաշվից դուրս են գալիս ինչ-որ մարդկանց ինչ-որ բան համոզելու համար, բայց հասարակության մեծամասնությունն արդեն բանի տեղ չի այդ փրփրաբերան ու անտակուգլուխ «բլթոցները»:
Ռեժիմը կտրուկ մոտենում է լիարժեք տապալման կետին: Ի դեպ, նաև կարմիֆեսավոր ու «սևհարյուրակային» նիկոլական «ոստիկանների» բուռն ջանքերով, պետք է նկատել:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը