Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ մի քանի օրից՝ ապրիլի 6-ին, նախատեսված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի համատեղ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վերջինս, որ ինչպես հայտնի է` Նիկոլ Փաշինյանի համար կիրթ և կառուցողական գործընկեր է, իսկ հայատյացության առումով նաև՝ գաղափարական համախոհ, վերջին շրջանում վերստին ակտիվացրել է ռազմական ու ագրեսիվ գործողությունները ինչպես Արցախի բեկորների վրա պատսպարված հայության, այնպես էլ, անմիջականորեն ՀՀ դեմ: Հիմնական իրադարձությունները օղակված Արցախի շուրջ են: Մասնավորապես, ինչպես հայտնի է, թշնամին գործնականում հայաթափել է Ասկերանի Փառուխ գյուղը, ապա զավթել է Քարագլուխ ռազմավարական բարձունքը, վերահսկում է այն, դիրքավորվում է, իրականացնում է ռազմական տեխնիկայի և ռազմամթերքի կուտակում:
Ընդհանուր տպավորությունն այն է, որ թշնամու այդ գործողությունները փոխհամաձայնեցված են այսպես կոչված՝ «պաշտոնական Երևանի» հետ, ի դեմս՝ Նիկոլ Փաշինյանի:
Ի՞նչ է կատարվում ըստ էության: Իսկ ըստ էության, կատարվում և կատարվել է այն, որ ադրբեջանական զինուժը (թշնամին) զարգացնելով դեռ 9.11.2020-ի կապիտուլյացիայով Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ձեռք բերած ռազմական հաջողությունը, գործնականում վերահսկողություն հաստատելով Արցախի մնացորդների հիմնական ռազմավարական կետերի, բարձունքների վրա, այժմ գրավել է նաև Քարագլխի բարձունքը: Այդպիսով թշնամին հնարավորություն է ստացել ոչ միայն սրընթաց ճեղքումով առնվազն երկու մասի բաժանել Արցախի մնացած հատվածը, ասենք՝ Մարտակերտը կտրել Ստեփանակերտից, այլև առհասարակ՝ զավթել ամբողջ Արցախը, բնաջնջել բոլոր արցախցիներին:
Թշնամին դրանով հնարավորություն է ստանում լուծել միանգամից մի քանի խնդիր. Ա) Արցախի վերջնական ոչնչացում և հայաթափում, բ) Ուկրաինային ու անգլոսաքսոնական գործընկերներին ծառայության մատուցում՝ «երկրորդ ֆրոնտի» բացում՝ ընդդեմ Ռուսաստանի, գ) ռուսական խաղաղապահ ուժերի, առհասարակ, ռուսական զինուժի անվանարկում՝ հայությանը պաշտպանելու կամ ադրբեջանական ագրեսիան զսպելու անկարողության առումներով:
Տվյալ դեպքում, Ալիևի հարձակողական գործողությունները շաղկապված են նաև սպասվող բրյուսելյան հանդիպման հետ: Հասկանալի է, որ Նիկոլ-Ալիև այդ հանդիպումը երեկ կամ դրա առաջին օրը չի համաձայնեցվել: Ըստ այնմ, Ալիևը ստեղծում է այնպիսի իրադրություն, որի պայմաններում Նիկոլ Փաշինյանը, «նա օլդու» կարգավիճակով, հեզիկ-նազիկ կստորագրի «Արցախը Ադրբեջան է, և վերջ» նախադասության տակ:
Որտեղի՞ց այն տպավորությունը, որ դա արվում է փոխհամաձայնեցված: Ամենից առաջ նման տպավորության, եթե ոչ համոզմունքի հիմք են ծառայում ինչպես Նիկոլ Փաշինյանի կողմից միտումնավոր տապալած բանակցային գործընթացով և անհավասարակշիռ հայտարարություններով ադրբեջանական ագրեսիայի լեգիտիմացման, ապա 44-օրյա պատերազմի «կառավարման» ընթացքի հետ կապված անհերքելի փաստերը: Նույն տպավորության հիմք են նաև Ադրբեջանի կողմից արդեն անմիջականորեն ՀՀ տարածքի զավթումներն ու փաշինյանական ռեժիմի կողմից այդ ամենին զրո (0) հակազդումը, Ալիևի հետ Փաշինյանի ավելի վաղ կայացրած խայտառակագույն «բանավոր համաձայնությունները», որոնցով թշնամուն են հանձնվել Սյունիքի մի շարք կարևոր նշանակության հատվածներ, ճանապարհներ ու ոչ միայն:
Նույնն է հիմա: Նիկոլ Փաշինյանի ռեժիմը,կարելի է ասել՝ լուռ համաձայնությամբ, Ալիևին թույլ է տալիս զբաղեցնել այնպիսի դիրքեր, հայության համար ստեղծել կենսական կամ գոյության այնպիսի սպառնալիքներ, որ հլու-հնազանդ ստորագրի «կապիտուլյացիա-2» պայմանական անվանմամբ թուղթը, իսկ հետո գա և ասի, թե՝ «նման պայմաններում ես ուրիշ ի՞նչ կարող էի անել, ես այդպիսով այսքան ու այսքան հազար կյանք եմ փրկել...» կամ դրա նման մեկ այլ ապուշություն:
Պարզ ասած՝ հերթական կապիտուլյացիան հիմնավորելու համար հիմքեր է ստեղծում: Ըստ որում, այնպիսի իրադրություն, որ եթե հայության բախտը ժպտա, և Նիկոլ Փաշինյանը ինֆարկտից կամ կածթվածից վայրկենական մեռնի, ասենք, ապրիլի 1-ին, կամ նրա գլխին Աստծո պատիժն ու հայության նզովքն ընկնի քարի տեսքով, միևնույն է, ցանկացած հաջորդ իշխանություն ժառանգի այնպիսի ծանր իրավիճակ, որ գրեթե անկարող լինի որևէ բան շտկել:
Ստեղծված իրավիճակում, ի դեպ, իր խոսքը պետք է կտրուկ ասի ընդդիմությունը: Համենայն դեպս, օրախնդիր է թվում առկա «իշխանությունը» լուծարված հռչակելն ու անհպապաղ կալանավորելը, «Հայրենիքի փրկության կոմիտեի» ձևավորումը և Արցախի, Հայաստանի փրկության կոնկրետ գործողությունների դիմելը, սկսած ամբողջ հայության բոլոր ռեսուրսների միավորումով, վերջացրած համընդհանուր մոբիլիզացիայով և ագրեսորին հետ շպրտելով: Առնվազն ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորելու ժամանակն է, դեռ մի բան էլ ուշ է:
Հա, ի դեպ, թող ոչ ոք չկարծի, թե Քարագլուխը հեռու է իր երևանյան տան շքամուտքից կամ «քուչից»: Քարագլուխը Բրյուսելից չի երևում: Իսկ այստեղ, ներկա վիճակում, թշնամու կողմից Քարագլխի բարձունքում դիրքավորվելը նույնն է, ինչ Քանաքեռի կամ Նորքի բարձունքներում դիրքավորվելը: Ոչ մի սկզբունքային տարբերություն չկա: Վաղը դա էլ է լինելու, եթե «գործող իշխանությունը» անհապաղ չհեռացվի, չձերբակալվի և օրինական դատ-դատաստանի չենթարկվի:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը