4 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 25-ին, 44-օրյա պատերազմից ընդամենը 2 օր առաջ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ 2018 թվականին Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի հետ հայտնի հանդիպման ժամանակ, Փաշինյանը խնդրել է սահմանին չկրակել, երկրի ներսում ամրապնդվելու հնարավորություն տալ և փոխարենը Արցախի հարցի լուծման խոստումներ տվել (Ադրբեջանի օգտին)։
Ադրբեջանի իշխանական մամուլն էլ հրապարակեց տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը, նախկին խորհրդական Արսեն Խառատյանի միջոցով, գաղտնի բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ:
Նիկոլ Փաշինյանը 4 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 25-ին, կառավարության շենքում հանդիպեց Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը և շուրջ 10 րոպեանոց ելույթ ունեցավ՝ այդ թվում անդրադառնալով ադրբեջանական հայտարարություններին։
Ներկայացնում ենք որոշ հատվածներ Փաշինյանի այդ ելույթից․
«Հայաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո ես արել եմ աննախադեպ հայտարարություն մեր իրականության և ընդհանրապես հակամարտության պատմության ողջ ընթացքի համար՝ ասելով, որ Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար․․․
Ադրբեջանը, որպես նախապայման, առաջադրում է Ղարաբաղի հարցի կարգավորման մի բանաձև, որի էությունը 1988 թվականի ստատուս քվոյին վերադառնալն է: Հետևաբար, հարց՝ ինչպե՞ս կարելի է կարգավորել որևէ հակամարտություն՝ վերադառնալով նրա ակունքներին: Այսինքն՝ սա դուրս է տրամաբանությունից, որ որևէ հակամարտություն հնարավոր է կարգավորել՝ վերադառնալով նրա ծագման իրավիճակին: Այսինքն՝ ոչ թե հակամարտությունը լուծել, բերել զրոյական կետի, այլ սկսել նոր հակամարտություն:
Ի՞նչ իմաստ ունի որպես հակամարտության կարգավորման նպատակ ձևակերպել նոր հակամարտության մեկնարկը: Սա, իհարկե, անտրամաբանական է․․․
Ադրբեջանը փորձում էր բանակցային գործընթացի հիմքում դնել հետևյալ տրամաբանությունը՝ միակողմանի զիջումներ արեք, թե չէ Ադրբեջանն ուժային մեթոդներով կլուծի հարցը․․․
Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել: Դա անիմաստ գործ է, որովհետև մեզ հետ այդպես խոսել չի կարելի: Մենք շատ երկար՝ և՛ անձամբ, և՛ հեռակա, և՛ հրապարակային, փորձել ենք այս դիրքորոշումները ներկայացնել. մեզ հետ պետք չէ սպառնալիքի լեզվով խոսել: Եվ շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը: Եվ էլի նույն կերպ խորհուրդ եմ տալիս չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետև նույն տրամաբանությունը բերելու է նույն հետևանքի․․․
Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Ղարաբաղի հարցը չունի ուժային լուծում: Եթե Ղարաբաղի հարցն ունի ուժային լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կասի՝ ես վաղուց դա լուծել, ավարտել եմ: Վերջ: Էլ ինչ ենք քննարկում․․․
Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով: Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Արցախի ժողովրդի համար: Սա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում: Այո՛, ես համարում եմ, որ կա հնարավորություն»:
Այս ելույթից երկու օր անց սկսվեց 44-օրյա պատերազմը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը