Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց` նշելով, որ թեև վարչապետ է ընտրվել, սակայն սերը հանրահավաքներին մասնակցելու նկատմամբ չի մարել:
«Նախորդ իշխանությունների դեպքում եթե իշխող քաղաքական ուժի ղեկավարը գնար և գովազդեր քաղաքապետի իր թեկնածուին, ես պատկերացնում եմ ձեր ելույթները: Չե՞ք կարծում, որ մի քիչ շատ եք գնում հանրահավաքների, դուք պետք է պետականաշինությամբ զբաղվեք. կարծում եմ, որ ձեր որոշ ելույթներ ապակայունացնում են ներքաղաքական իրավիճակը»,- ասաց Եսայանը՝ նշելով, որ վարչապետի ելույթների ժամանակ Բաղանիսը և Վաղաշենը գնդակոծվում էին, և հարցրեց, թե ինչ վնասեր են հասցվել և արդյոք մարդկանց հոգեբանական վիճակն այնտեղ կայուն էր, ե՞րբ է այցելելու վարչապետն այնտեղ:
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ ՀՀ Զինված ուժերը օպերատիվ արձագանքել են Բաղանիս և Վաղաշեն գյուղերի վրա տեղի ունեցած կրակոցներն և լռեցրել են կրակակետերը: «Ես արդեն եղել եմ Բաղանիս համայնքում, հանդիպում եմ ունեցել մարդկանց հետ և շատ կարևորում եմ սահմանապահ գյուղերում ստեղծված իրավիճակը»,- ասաց նա:
Ներքաղաքական իրավիճակի մասով նա Մարգարիտ Եսայանին հարցրեց, թե վերջին անգամ երբ է եղել Մարգարիտ Եսայանը Երևանի փողոցներում: «Եթե «Ֆեյսբուքի» ինչ-որ խմբում անկայուն իրավիճակ է՝ դա չի նշանակում, որ ՀՀ-ում անկայուն իրավիճակ է»,- նշեց վարչապետը՝ հավաստիացնելով, որ լիովին կայուն իրավիճակ է ՀՀ-ում, քրեածին իրավիճակը վերահսկվում է: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքը չի արգելում մասնակցել հանրահավաքներին: Մարգարիտ Եսայանն իր հերթին հորդորեց արձակուրդ վերցնել և պաշտպանել թեկնածուին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը