07 02 2024

ՏԵՂԵԿԱՆՔ № 31՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

ՏԵՂԵԿԱՆՔ № 31՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

13․04․2018թ․, ելույթ՝ Ազատության հրապարակում

Ելույթ - Անիմաստ է խոսել ժողովրդավարության մասին, եթե ընտրություններով իշխանություն չի փոխվել:

25․01․2019թ․ Կառավարության նիստ

Խոստում - Մենք եղունգներով, ճանկռելով իշխանությունը չենք պահելու, եթե ժողովրդին պետք լինի, որ մենք լինենք այս կարգավիճակում, մենք կլինենք, եթե ոչ՝ չենք լինի:

Իրական պատկեր - Հայաստանում Նիկոլ Փաշինյանի ղեկավարման օրոք տեղի են ունեցել մի շարք ընտրություններ, այդ թվում՝ համապետական, սակայն դրանցում իշխանությունը չի փոխվել։ Ավելին, իրականացվել են ոչ օրինական քայլեր՝ իշխանությունը պահպանելու համար։ «Տեղեկանք № 14»-ում մի շարք փաստեր են ներկայացված, որոնցում իշխանությւոնը պարտվել է համայնքներում, սակայն ճնշումների և այլ ճանապարհով ուղղակի փոխվել են համայնքապետերը, տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ, և «Քաղաքացիական պայմանագիրը», ի վերջո, կարողացել է վերցնել իշխանությունը։

 

24.05.2018թ․, կառավարության նիստ

Խոստում - Բաղրամյան 26-ից և ընդհանրապես որևէ կառավարական և իշխանական կաբինետից, որևէ տեղից դատարանների վրա ապօրինի ներգործություն չպետք է լինի: Պետք է ապահովենք, որ որևէ դատավոր կաշառքով վճիռ չկայացնի: Սա ամենակարևոր խնդիրն է։

Իրական պատկեր – Դատարանների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ անցնող տարիներին մի շարք փաստեր ի հայտ եկան, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, որոնց անդրադարձել ենք «ՏԵՂԵԿԱՆՔ № 5»-ում 

Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի խոստման, բազմաթիվ են նաև դեպքերը, երբ դատավորը կաշառքով վճիռ է կայացնում․ Անդրադառնանք բացահայտված բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսին

31․01․2024թ․, ՀՀ սնանկության դատարանի դատավորին մեղադրանք առաջադրվեց 150 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար։ 

09․01․2024թ․, 4 տարի զատազրկման դատապարտվեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։ Խոսքը 20 հազար դոլարի մասին է՝ հօգուտ Ս.Մ.-ի դատական ակտ կայացնելու համար։ 

15․12․2023թ․, քրեական հետապնդում հարուցվեց Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ առերևույթ կաշառքի առաջարկն ընդունելու և ստանալու մեղադրանքով։

28․03․2019թ․, կաշառքի համար ձերբակալվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը։ Համաձայն մեղադրանքի՝ քաղաքացուն 3.4 մլն դրամ պետտուրքից ազատելու դիմաց պահանջել է 1.7 մլն դրամ։ 

Բացահայտված դեպքերը շատ են, իսկ որքա՞ն են չբացահայտված դեպքերը․․․

 

07.06.2018թ․, Ելույթ խորհրդարանում  

Խոստում - Մենք թույլ չենք տալու, որ մեր բանակում անհանդուրժողական անառողջ մթնոլորտ տիրի, դիտորդի նման չենք հետևելու բանակում տեղի ունեցող ինքնասպանություններին ու ինքնասպանությունների փորձերին, ոչ կանոնադրական հարաբերություններին. ամեն նման դեպքի հետևում կա իր աշխատանքը պատշաճ կերպով չկատարած պատասխանատու և նրան պետք է գտնել ու պատասխանատվության ենթարկել։

Իրական պատկեր – բանակում ոչ մարտական իրավիճակում մահվան դեպքերը շատացել են, ինչը խոսում է հենց անհանդուրժողական մթոնոլորտի մասին։ Եթե 2022թ․ բանակում գրանցվել է ոչ մարտական իրավիճակում 64 զոհ, ապա 2023-ին՝ 83 զոհ։

Բանակում տեղի ունեցող մահվան դեպքերի քննությունից դժգոհ են մնում զոհերի հարազատները, քննությունները որոշ դեպքերում պատշաճ չեն ընթանում։

Մասնավորապես, 19․01․2023թ․ տեղի ունեցած հրդեհի և զորանոցում 15 զինվոր զոհվելու փաստի առիթով մեղավորների ու պատասխանատուների շրջանակում չեն դիտարկվում այն պաշտոնյաները, որոնց թերի աշխատանքի արդյունքում զինվորներն ապրում էին խրճիթային պայմաններում։

Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարար աշխատած շրջանում ոչ մարտական իրավիճակում ավելի քան 150 զոհ է գրանցվել, սակայն նա շարունակում է պաշտոնավարել։

Բանակում զոհերին առավել հանգամանալից անդրադարձել ենք «ՏԵՂԵԿԱՆՔ № 27»-ում  և «ՏԵՂԵԿԱՆՔ № 17»-ում։ 

 

17.08.2018թ․, Ելույթ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ 

Ելույթ - Հայաստանում կոռուպցիան իսպառ վերացել է։ Էսօր ՀՀ-ում կոռուպցիա չկա, սա չի նշանակում, որ ՀՀ-ում չկա ոչ մի պաշտոնյա, որ կաշառք չի վերցնում, սա նշանակում է, որ ՀՀ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան կոռումպացված մարդիկ:

05.08.2019թ․, ելույթ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 

Խոստում - Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից։ Կոռուպցիայի բոլոր դրսևորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների հանդեպ հարուցվող արհեստական խոչընդոտները պետք է արմատախիլ արվեն։ Կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը և ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն։

05․02․2019թ․, հարցազրույց՝ Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը

Խոստում - Իշխանություններն այժմ պետք է անեն ամեն բան, որպեսզի կոռուպցիան նոր արմատներ չունենա:

Իրական պատկեր - Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ բացահայտումներն ամենօրյա են, ինչը փաստում է կոռուպցիայի վերացած չլինելը։

Այն, որ կոռուպցիոն կասկածանքով բարձրաստիճան պաշտոնյաներ են բացահայտվում, փաստում է կոռուպցիայի՝ համակարգային լինելու մասին։

Նիկոլ Փաշինյանն ինքը կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանում «կաշառք են վերցնում ով որտեղ պատահի»։ Այդ թվում՝ կոռուպցիան արտահայտված է բոլոր դրսևորումներով` հովանավորչություն, կաշառք, պետական գնումների մասնակցություն, աշխատանքի տեղավորում և այլն։

Հիշեցնենք ամենաթարմ երկու դեպքերը․ 31․01․2024թ․ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, քննչական կոմիտեն խուզարկություն իրականացրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։ Արդյունքում ձերբակալվեց 7 անձ, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ Համաձայն հաղորդագրութան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները:
Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:
Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, Էական վնաս է պատճառվել պետությանը: 

Ձերբակալվողների թվում էր, որ նաև կալանավորվեց, «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ինչպես նաև այդ ընկերության նախկին աշխատակից Անի Գևորգյանը, որը նաև ԱԺ ՔՊ-ական նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է։ 

Կոռուպցիոն վերջին աղմկահարույց բացահայտումը վերաբերում է հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Հետաքննող լրագրողները բացահայտել են, որ 2023թ,․ Երևանի ավագանու ընտրություներին մասնակցելու և քարոզարշավի համար «Քաղաքացիական պայմանագրի» կազմակերպած դրամահավաքում հավաքագրված ավելի քան 500 միլիոն դրամի մի մասի աղբյուրը խիստ կասկածելի է։ Այցելել են օրենքով սահմանված առավելագույն՝ 2,5 մլն դրամ հանգանակած քաղաքացիների տներ և պարզել, որ նրանք նման գումար պարզապես չունեն՝ ՔՊ-ին փոխանցելու համար, շատ դեպքերում անձինք և նրանց ընտանիքի անդամները տեղյակ չեն եղել, որ իրենք գումար են փոխանցել։ 

 

Շարունակելի

 

Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 29–ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 29–ը

 

Անցնել ամբողջ շարքին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ