Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
27․04․2018թ․, Հանրահավաք Գյումրիում
Խոստում - Մենք երբեք չենք ասել և չենք ասելու, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից: Մենք երաշխավորում ենք, որ ՀՀ-ն դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ոչ թե նրա համար, որ շատ կամ քիչ ենք սիրում այդ կազմակերպությունը, այլ նրա համար, որ դա բխում է ՀՀ ազգային շահերից: Բայց մենք նաև կաշխատենք, որ այդ կազմակերպությունը ավելի արդյունավետ լինի և շատ ավելի լուրջ երաշխիքներ ապահովի ՀՀ և Արցախի անվտանգության համար, քան մինչև հիմա, բայց սա հակամարտությամբ լուծվող հարց չէ, այլ խաղաղ գործընկերային լուծվող հարց է:
Իրական պատկեր – 27․07․2018թ․ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին՝ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հայտնի գործով, որը Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեց հակասահմանադրական։ 02․11․2018թ․ Յուրի Խաչատուրովը հետ կանչվեց Հայաստանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Սա համարվում է ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների քայքայման սկիզբը։
2022թ․ սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա՝ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից, Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին։ Մինչ այժմ դեռ հստակ իշխանությունը չի նշում՝ դիմել է ռազմական աջակցությա՞ն, թե խորհրդատվության համար։
Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։
05․09․2023թ․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել ՀԱՊԿ Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից։ Այդ կառույցում Հայաստանն այսօր չունի ներկայություն և մասնակցություն։
Հայաստանը հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ բոլոր միջոցառումներին՝ վարչապետի, ԱԺ նախագահի, ԱԳ նախարարի, Պաշտպանության նախարարի և այլ մակարդակներում։ Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ ռազմատեխնիկական աջակցությունից, հրաժարվեց Հայաստանում անցկացնել ՀԱՊԿ զորավարժություններ և ինքն էլ չի մասնակցում անդամ որևէ երկրում զորավարժությունների։։
«Հայաստանը դո՞ւրս է գալիս ՀԱՊԿ-ից» հարցը բազմիցս լրագրողները տալիս են իշխանական գործիչներին, իսկ բոլորի պատասխանը Նիկոլ Փաշինյանի ձևակերպած այս միտքն է․ «Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից»:
08․05․2018թ․, Ելույթ՝ Հանրապետության հրապարակում
Խոստում - Կաթիլային ոռոգումը պետք է դառնա համատարած երևույթ, ինչը հնարավորություն կտա ջրի ահռելի խնայողություններ անել:
Իրական պատկեր - Այս խոստումից ի վեր ավելի քան 5 ու կես տարի իշխանության լինելուց հետո Փաշինյանն այս տարվա օգոստոսին հայտարարեց. «ՀՀ–ում արդեն կա ջրի ճգնաժամ, որն ահագնանում է նաև ենթակառուցվածքների բացակայությամբ կամ մաշվածությամբ, նաև ջրի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքով։ Եկեք խոստովանենք` այսօր ՀՀ–ում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է»:
Հայաստանում չկա որևէ հրապարակված ցուցանիշ, թե կաթիլային ոռոգման տարածվածությունը որքան է ավելացել Փաշինյանի օրոք։ Գյուղացիները պնդում են, որ այդ համակարգին անցնելը թանկ է անգամ վարկերով կազմակերպելու համար։
15․05․2018թ․ ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին ներկայացնելիս
Խոստում - Ներկայում Հայաստանի միջազգային հեղինակությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա և այն լավ հնարավորություն է վերածելու արտաքին քաղաքական ձեռքբերումների: Պետք է դիվանագիտական կորպուսը հնարավորինս զերծ պահել քաղաքական փոփոխությունների ազդեցությունից, ինչն աշխատանքի արդյունավետ կազմակերպման լավ միջոց է:
Իրական պատկեր – Դիվանագիտական կորպուսը իրականում մեծ փոփոխությունների ենթարկվեց, և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները «թարմացվեցին» ՔՊ-ական կադրերով՝ անկախ մասնագիտությունից, մասնագիտացումից և փորձից։
Այս խոստման ապագան տեսնելու համար բավական է միայն թվել, թե ովքեր են այժմ զբաղվում ՀՀ արտաքին քաղաքականությամբ և ովքեր են ներկայացնում ՀՀ-ն այլ երկրներում: ՀՀ ԱԳ նախարար է ՔՊ-ական, մասնագիտությամբ պատմաբան Արարատ Միրզոյանը, որը մինչ 2018թ․ հեղափոխությունը չի ունեցել որևէ առնչություն դիվանագիտությանը։ Նրա տեղակալը Վահան Կոստանյանն է, որի աշխատանքային կենսագրությունը սկսում է 2017 թվականից՝ որպես պատգամավորի օգնական, հետո՝ ԱԺ նախագահի օգնական, հետո՝ նրա խորհրդական, ապա մի կարճ ժամկետ՝ ԱԳ նախարարի օգնական և խորհրդական։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է ՔՊ-ական, Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցիչ Լիլիթ Մակունցը, ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, Գերմանիայում դեսպան է ՔՊ-ական, նախկին պատգամավոր, գերմաներենին տիրապետող Վիկտոր Ենգիբարյանը, Իսպանիայում դեսպան է մեկ այլ ՔՊ-ական նախկին պատգամավոր՝ իսպաներենին տիրապետող Սոս Հակոբյանը: Ոչ դիվանագետ դեսպանների շարքը կարելի է շարունակել, առհասարակ ՔՊ-ն ոլորտից հեռացրել է բազմամյա փորձ և ավանդ ունեցող հմուտ դիվանագետների և Հայաստանի արտաքին քաղաքականությունը այսօր որոշվում է հիմնականում ոչ դիվանագետ բարձր պաշտոնյաների կողմից:
15․05․2018թ․, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին նախարարության անձնակազմին ներկայացնելիս
Խոստում - Հայաստանում բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած քաղաքացի պետք է ունենա հիվանդանոցային բուժման հնարավորություն։
Իրական պատկեր – Հայաստանում համատարած երևույթը, որից դժգոհում են թե՛ մասնագետները, թե՛ բուժծառայության դիմողները, այն է, որ տարվա դեռ կեսը չհասած հրաժարվում են ընդունել պետպատվերով հիվանդներին՝ պատճառաբանելով, որ հատկացումները սպառվել են:
Իսկ վարչապետ Փաշինյանը ինքն արդեն 2021թ․ հայտարարեց․ «Հիվանդանոցներում տեղ չկա, մարդիկ մահանում են, շատ ողբերգական դեպքերի ենք ականատես լինում»:
14.11.2018թ․, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
Խոստում - Ժողովրդի կամքի խեղաթյուրում և ապօրինի ազդեցություններ չեն լինելու: Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ է հայտարարել, որ չի լինելու ընտրությունների արդյունքերի խեղաթյուրում, ատամներով կառչած չեն իշխանությունից, ժողովուրդը ում ընտրի, նրա որոշումը օրենք է։
Իրական պատկեր – 2022 թվականի հոկտեմբերին Տավուշի Բերդ համայնքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ համայնքապետի պաշտոնում վերընտրվեց գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, որը մեկ տարի արդեն գտնվում էր կալանավայրում: Հետո, երբ նա հրաժարվեց պաշտոնից, մեկ օր անց բանտից ազատ արձակվեց: Օրեր հետո էլ՝ ավագանու նիստի օրը, Մանուչարյանին նորից կալանավորեցին: Ինչպես պնդում էին ավագանու անդամները՝ կալանքով ճնշում են, քանի որ ընտրվել է համայնքապետ՝ հաղթելով իշխանությանը։
2021-ի դեկտեմբերի 8-ին Վարդենիսում ՔՊ-ն պարտվեց ընտրություններում։ Ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» (առաջին համարը՝ Տորֆավանի գյուղապետ Ահարոն Խաչատրյան) և «Միավորված Վարդենիս» (առաջին համարը՝ Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյան) դաշինքները հայտարարեցին միավորվելու մասին: Անմիջապես հաջորդ օրը ձերբակալվեց, ապա կալանավորվեց Արամ Հարությունյանը, իսկ քաղաքապետի թեկնածու Ահարոն Խաչատրյանի տանը խուզարկություն սկսվեց:
2021թ. դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ ՔՊ-ն պարտվեց, երկու ընդդիմադիր ուժերը պետք է կազմեին կոալիցիա: «Իմ հզոր համայնք» կուսակցությունը առաջատարն էր, սակայն երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու անդամներն ինքնաբացարկի դիմումներ ներկայացրին, հետո էլ նոր ընտրություններ նշանակվեցին: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ինքնաբացարկը տեղի է ունեցել ավագանու ընդդիմադիր անդամների ծեծից հետո:
2021-ի դեկտեմբերին Թալինում կայացան ավագանու ընտրություններ։ ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորում էր Տավրոս Սափեյանը։ Ընդդիմությունը ներկայացված էր երեք կուսակցություններով՝ «Զարթոնք», «Մեր համայնքը» և «Հայք»։ Ընտրություններում ՔՊ-ն հավաքեց ձայների 46,6 տոկոսը, որը բավարար չէր մեծամասնություն ձևավորելու և համայնքապետ ընտրելու համար։ Ավագանի անցած մյուս երեք ուժերը միավորվեցին և համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրեցին Կարեն Գրիգորյանին։ Երեք ուժերի մանդատները բավարար էին Գրիգորյանին համայնքապետ ընտրելու համար։ Ավագանու առաջին նիստին զուգահեռ չէին դադարում տեղեկություններն այն մասին, որ քրեական հեղինակությունները ճնշումներ են գործադրում Կարեն Գրիգորյանի վրա։ Ավագանու նիստի ընթացքում համայնքի ղեկավար առաջադրված Կարեն Գրիգորյանը ինքնաբացարկ հայտնեց։ Ի վերջո ՔՊ-ին հաջողվեց Տավրոս Սափեյանին դարձնել համայնքապետ։
2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը, բայց դրանից մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Ընտրված համայնքապետը մինչև հիմա կալանավայրում է, իսկ Վանաձորում Նիկոլ Փաշինյանն է համայնքապետի ԺՊ նշանակել:
2022թ․սեպտեմբերի 25–ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվեց, համայնքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը՝ ՀԱԿ հետ կոալիցիայով: Մեկ տարվա ընթացքում ՔՊ-ն պարբերաբար բոյկոտում էր նիստերը, իսկ օրեր առաջ էլ կարողացավ իր կողմը քաշել ընդդիմադիր ավագանու անդամներից մեկին, ոստիկանների միջոցով պաշարեց համայնքապետարանի շենքը, անվստահություն հայտնեց գործող համայնքապետին և ընտրեց իր ՔՊ թեկնածուին:
2021-ի հոկտեմբերի 17-ին Գորիսում ՔՊ-ն պարտություն կրեց: Առուշ Առուշանյանը կալանավայրից մասնակցեց ընտրություններին և հաղթեց: Ընտրությունների օրը ոստիկանական բազմաթիվ ուժեր էին կենտրոնացրել Գորիսում, խուզարկվել էր «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը։ Խուզարկությունը տևել էր 3.5 ժամ և ավարտվել այն ժամանակ, երբ փակվեցին ընտրատեղամասերը։ Առուշանյանը հետագայում դատարանի որոշմամբ արդարացվեց, սակայն նրան արգելվեց զբաղեցնել պաշտոն։ Այժմ հանդիսանում է Գորիսի համայնքապետի ԺՊ, քանի որ որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան:
Անի համայնքում 2022 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում որևէ ուժ չկարողացավ 50 տոկոսից ավելի ձայն ստանալ, հետագա քաղաքական գործընթացներում էլ կոալիցիա չձևավորվեց։ Ստեղծված իրավիճակում, ՀՀ կառավարության որոշմամբ, դեկտեմբերի 8-ին վաղաժամկետ դադարեցվեց Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՔՊ ընտրացուցակը գլխավորած Արման Սարիբեկյանը նշանակվեց Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչ նոր ընտրությունների անցկացումը: Արդյունքում հաջորդ տարի կայացան արտահերթ ընտրություններ, և երկրորդ փորձից ՔՊ-ն դարձավ իշխանություն:
Թվարկումը կարելի է շարունակել, բավարարվենք այսքանով։
Շարունակելի
Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 12–ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 13–ը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը