24 01 2024

ՏԵՂԵԿԱՆՔ № 25՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

ՏԵՂԵԿԱՆՔ № 25՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

 

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

15052018թ, ելույթ առողջապահության նախարարությունում

Խոստում - Պետական պատվերի համակարգը սպառել է իրեն, և մենք պետք է փորձենք այնպիսի համակարգ ներդնել, որպեսզի կարողանանք լուծել ռազմավարական նշանակության այդ հարցը:

Իրական պատկեր – Շուրջ 6 տարի անց, ոլորտում նույն պատկերն է․ քաղաքացիները բողոքում են, որ պետպատվերով երբ դիմում են բուժսպասարկման, պատասխան են ստանում, թե պետպատվերը վերջացել է։ Ու զարմանալի է, թե ինչպես է կատարվում պլանավորումը, բաշխվածությունը, որ տարվա կեսին արդեն այն սպառվում է։

Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր, պետպատըվերով միլիոնավոր դրամների հատկացում էր կատարվում նրա կնոջը պատկանող բժշկկան կենտրոնին։  

Մամուլը գրել էր, որ «Միբս» բժշկական կենտրոնը, որը 2017 թվականին պետպատվերի գումար ընդհանրապես չի ստացել, հեղափոխությունից հետո դարձել է պետբյուջեից ամենաշատ գումարներ ստացող կենտրոններից մեկը:

Հատկացումները, ըստ Առողջապահության նախարարության, եղել են այսպիսին,

  • 2017 - 0 դրամ
  • 2018 – 25․1 մլն դրամ
  • 2019 – 98․9 մլն դրամ
  • 2020 - 127.6 մլն դրամ

Պետական պատվերի վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջությամբ հասանելի է այս հղումով։ 

Մեկ այլ խնդիր է պետական պատվերով բուժման որակի վերաբերյալ քաղաքացիների պատկերացումները։

 

16.09.2019թ, մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացրեց «Նոր Հայաստանի» մասին 

Փաստ 97 - 2019-ի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացել է 25 մլն եվրոյով։

Իրական պատկեր – 02072021թ. ԵՄ-ն ներկայացրեց Տնտեսական և ներդրումային ծրագիրը, որով նախատեսվում էր Արևելյան գործընկերության երկրներին աջակցություն։ Վրաստանին հատկացվելու էր 3,6 միլիարդ եվրո, Հայաստանին՝ 2,6 մլրդ եվրո։

09072021թ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին Երևանում հայտարարեց, որ Արևելյան գործընկերության շրջանակներում տարածաշրջանային պետություններին ֆինանսական հատկացումները կտրվեն հետկորոնավիրուսյան բարեփոխումների համար՝ 5 ուղղություններով։

17072021թ, Երևանում տեղի ունեցավ հանդիպում Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցեւթյամբ, որից հետո նրանք հանդես եկան հայտարարություններով։ Հայտնեցին, որ Եվրոպական Միությունը 2,6 մլրդ եվրո աջակցությամբ Հայաստանում իրականացվելու են ոչ թե 5, այլ 7 ծրագիր՝

  1. Հյուսիս-հարավի կառուցում
  2. Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդում
  3. փոքր և միջին բիզնեսի զարգացում
  4. կանանց տնտեսական գործունեության և առաջնորդության քաջալերում,
  5. բնապահպանական խնդիրների լուծում և կանաչ օրակարգի խթանում
  6. նորարարության, գիտության և տեխնոլոգիաների զարգացում
  7. ջրային և կրթական ենթակառուցվածքների ձևավորում։

3 տարի անց՝ 2024 թվականին, դեռ այդ ծրագրից, գումարների տրամադրումից ոչինչ հայտնի չէ։ 02.10.2023թ․ Նիկոլ Փաշինյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիսի Մարագոսին և կոչ արեց ազդակ հաղորդել այդ գումարի տրամադրմանն ու ծրագրերին։

Նշենք, որ ի սկզբանե հանրության մոտ տպավորություն էր ձևավորվել, թե 2,6 մլրդ եվրոն դրամաշնորհ է։ Սակայն պարզվեց, որ զգալի մասը՝ 2 մլրդ եվրոյից ավելին, վարկ է՝ արտաքին պարտք։ 30.10.2023թ․, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից տրամադրվելիք 2,6 մլրդ եվրոյին, NEWS.am-ի հետ զրույցում ասել էր՝ «Այդ 2,6 մլրդ եվրոն նվեր չի, զգալի մասը վարկային միջոցներ են»։

 

16062021թ, նախընտրական քարոզարշավ Վայոց ձորի Մալիշկա գյուղում   

Ելույթ – Էսօր Ջերմուկի քաղաքապետին հարցնում եմ հյուրանոցների վիճակը ոնց ա, ասում ա՝ ճիշտն ասած՝ թույլ ա։ Ասում եմ խի՞։ Ասում ա՝ որովհետև ընդդիմությունը գրառումներ էր արել, որ թուրքերը եկել-նստել են ջերմուկի գլխին, հյուրանոցների բրոնյաները համատարած հետ են վերցրել։

Ո՞ւր ա ընդեղ թուրք։ Մարդիկ ի՞նչ են անում և ինչ նպատակով, երեք ձայն ավել փախցնելու համար սեփական երկրի դեմ կռիվ են տալիս, պատերազմ են տալիս, սեփական երկրի քաղաքացու դեմ են պատերազմ տալիս։

Իրական պատկեր – Մինչ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ Ջերմուկի գլխին թուրքեր նստած չեն, 13092022թ Ադրբեջանը հարձակում սկսեց Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի վրա, ամենաինտենսիվը՝ Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի դիրքերից։

Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 224 զոհ, այդ թվում 4 քաղաքացիական անձ, առնվազն 20 ռազմագերի, կորցրել է շուրջ 140 քառ. կմ տարածք։ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից տեղահանվել է առնվազն 7600 մարդ, որոնց մի մասը մինչ օրս չի վերադարձել իրենց բնակավայրեր։

Հայաստանի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և ծավալված մարտական գործողությունների հետևանքով Ջերմուկ քաղաքում վնասվել է երեք հյուրատուն, մեկ առողջարան, ճոպանուղին, հարակից շենքերից մեկը և սրճարանը, այդ թվում՝ ԱԻՆ-ի շենքը: Հրթիռ է արձակվել նաև Ջերմուկի առողջարանի և գազի խողովակի ուղղությամբ:

 

20012024թհանդիպում Վայք քաղաքում

Հայտարարություն - Այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում:

Իրական պատկեր – Հայաստանում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում։

Մասնավորապես, կառավարության՝ 17082023թ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի, Վանաձոր ք. Թևոսյան փողոց 7 դպրոց հասցեում գտնվող 3 059.82 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.49382 հեկտար մակերեսով հողամասը օտարել։ Հիմնավորման մեջ նշվում է, որ գույքը նախկինում օգտագործվել է որպես դպրոց, սակայն 2-3 տարի է, ինչ  չի շահագործվում։

24 08 2023թ, կառավարությունը որոշում կայացրեց փակել «Գուգարքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը և միացնել «Գուգարքի հիմնական դպրոց»-ին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ «Գուգարքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ն իր առաքելությունը լիարժեք չի իրականացնում: ՊՈԱԿ-ի հզորությունը նախատեսված է շուրջ 460 սովորողի համար, սակայն սովորում է 23 աշակերտ. տարեցտարի դպրոցում գրանցվել է սովորողների թվի նվազում է (2015-2016 ուստարում դպրոցն ունեցել է 107 աշակերտ, 2019-2020 ուստարում՝ 38 աշակերտ, 2022-2023 ուստարում՝ 23):

10012024թ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրեց «2023 թվականի սեպտեմբերի 11-ի N 1790-Ա/2 հրամանով, այսպես կոչված «Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի» համաձայն Շիրակի մարզում փակվելու են 40 ավելի դպրոցներ, որոնցից մի քանիսը գտնվում են սահմանամերձ գյուղերում»։

20․01․2024թ․, 168.am-ի խմբագրությանն էր դիմել Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի բնակչուհի Ռուզաննա Սամվելյանը՝ ահազանգելով, որ Կառավարությունը որոշել է փակել իրենց գյուղի դպրոցը և միավորել հարևան գյուղի դպրոցի հետ։ Ընդ որում, երեք գյուղերի՝ Մեղրաշատի, Բյուրակնի ու Ողջիի դպրոցները:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականներին:

 

Շարունակելի

 

Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 23–ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 24–ը

 

Անցնել ամբողջ շարքին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ