Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 25-ին, շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքը, որի օրակարգում ընդգրկված է 12 հարց:
Նշենք, որ ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցում նիստին:
Հիշեցնենք, որ խորհրդարանը երեկ ընդունեց օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, ըստ որի` օրակարգի մի շարք հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում:
Կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երեկ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ խորհրդարանականների քննարկմանը ներկայացրեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Մասնավորապես, պատգամավորները կքննարկեն նաև «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:
Խորհրդարանին կներկայացվի նաև Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Պատգամավորները կքննարկեն Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը և կլսեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան և Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը