Ակնհայտ է, որ կորոնավիրուսով պայմանավորված կառավարության հակաճգնաժամային ծրագրերն էական ազդեցություն չեն կարող ունենալ ո՛չ տնտեսության վիճակի, ո՛չ էլ բնակչության սոցիալական վիճակի վրա։ Սոցիալական աջակցությանը տրվող գումարներից օգտվում են սահմանափակ թվով մարդիկ, և դա ժամանակավոր լուծում է։ Բիզնեսին աջակցության ծրագրերն էլ հավելյալ, թեկուզ անտոկոս վարկային բեռ են ավելացնում, ինչը նոր ռիսկեր է ստեղծում թե բիզնեսի, թե բանկերի համար։ Այսինքն, վերոնշյալ ծրագրերով և գումարներով Հայաստանի տնտեսության վիճակը չես մեղմի, առավել ևս՝ զերծ չես պահի ճգնաժամային ցնցումներից։ Սա երևի կարողացել են բացատրել տնտեսության մասին տարրական պատկերացումներ չունեցող Նիկոլ Փաշինյանին, և վերջինս հայտարարել է կապիտալ ծախսերը խթանելու ու դրա միջոցով աշխատատեղեր ստեղծելու մասին։ Սակայն, այստեղ նույնպես ամեն ինչ հարթ չէ։
Նախ, հիշեցնենք, որ անցյալ տարի, երբ կորոնավիրուսը չկար, իշխանությունը փառավորապես տապալել էր կապիտալ ծախսերը՝ թերակատարելով դրանք 60-70 տոկոսով։ Պետական բյուջեի եկամուտներից էլ մոտ 300 մլրդ դրամ դրված է Կենտրոնական բանկում։ Ի՞նչն է խանգարել կատարել այդ ծախսերը։ Պատասխանը միանշանակ է՝ կառավարության ներկա կազմի և նրա ղեկավարի ոչ կոմպետնենտ ու պետական կառավարումից հեռու լինելը։ Կապիտալ ծախսեր կատարելու համար էլ հարկ է հմտություններ և գիտելիքներ ունենալ։
Հաջորդ պատճառը Հայաստանում իրականցվող խոշոր ներդրումային ծրագրերի սառեցումն է «թավշյա» իշխանության օրոք։ Պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ ամեն ինչ «կոռուպցիայի» տակ դնելու մոլուցքն է։ Դրա հետևանքով դադարեցված է վերջին տասնամյակի մեր խոշորագույն՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը, ոչ մի կերպ չի մեկնարկում Կապսի ջրամբարի շինարարությունը, Վեդու ջրամբարի շինարարությունը ընթանում է ընդհատումներով, նույն վիճակն է նաև Իրան-Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման գործընթացում։ Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման մեջ միլիարդների չարաշահումներ են հայտնաբերվել, որոնք, ի դեպ, մինչ օրս մնում են հայտարարության մակարդակի վրա, հարկ է նաև հասկանալ, թե այդ ենթադրյալ չարաշահումները բազմապատիկ անգամ գերազանցող որքա՞ն գումարներ ենք մենք բոլորս՝ մեր երկիրը կորցնում այդ ճանապարհի չկառուցելու և չգործարկելու պատճառով։
Հիմա, այս ամենից հետո հայտարարվում է, որ պետք է կապիտալ ծախսեր կատարվեն և դրա միջոցով աշխատատեղեր ստեղծվեն։ Ընդ որում, հայտարարելուն զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ասել է հետևյալը․ «Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կան մոտ 1 մլրդ 300 մլն դոլարի վարկային միջոցներ, որոնք ծախսված չեն և սպասում են իրենց ծախսմանը»։ Զարմանալի է, որ այս հայտարարությունը մի տեսակ անտեսվել է։ Այսինքն, մենք ունենք 1 մլրդ 300 մլն դոլար չծախսված գումար և 60-70 տոկոսով թերակատարված կապիտալ ծախսեր, դրան զուգահեռ էլ 150 մլրդ դրամի աջակցության ծրագրերը մատուցվում է որպես մեծ լավություն։ Սա Նիկոլ Փաշինյանի կողմից ցինիզմի բացահայտ դրսևորում է։ Ընդ որում, կառավարությունը մտադիր է նաև ավելացնել արտաքին պարտքը, ինչի մասին հայտարարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հարկ է նշել, որ Հայաստանի արտաքին պարտքն արդեն գտնվում է ռիսկային սահմանի՝ համախառն ներքին արդյունքի մոտ 50 տոկոսի մոտ։ Ընդ որում, դա ոչ միայն նախորդ իշխանության, այլ նաև Նիկոլ Փաշինանի կառավարման ժամանակաշրջանում է եղել։ Մասնավորապես, 2018-2019 թվականներին վերջինիս կառավարման ժամանակ Հայաստանի արտաքին պարտքն աճել է 295 մլն դոլարով։ Հիմա կառավարությունը ձգտում է ՀՆԱ նկատմամբ արտաքին պարտքը հասցնել 60 տոկոսի և դրա առաջին քայլն արդեն արվել է՝ Արժույթի միջազգային հիմնադրամից բյուջեի ֆինանսավորման համար ևս 280 մլն դոլար պարտք վերցնելով։
Այսպիսով, արձանագրենք՝ կապիտալ ծախսերի 60-70 տոկոսով թերակատարում ունեցած տարի, 1 մլրդ 300 մլն դոլար վարկային գումարների առկայություն և չնայած դրան ևս 280 մլն դոլար նոր պարտք, ինչպես նաև՝ կապիտալ ծախսեր կատարելու հայտարարություն։ Իրականություն, որ արդեն հուշում է, թե ի՞նչ իշխանության հետ մենք գործ ունենք և ի՞նչ ակնկալիքներ նրանից կարող ենք ունենալ, ավելի ճիշտ՝ չունենալ։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը