Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, տեղի է ունենում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր արտուղար Յուրի Խաչատուրովը։Հիշեցնենք, որ նախորդ նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին կարճել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մասին գործը:
Միջնորդության քննարկումն ընդմիջվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով։ Դատավարության մյուս մասնակիցները ելույթ կունենան փետրվարի 11-ի նիստին:Միջնորդությունը ներկայացնելիս պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու ընթացակարգերը, առհասարակ քրեական հետապնդումը, որի միակ նպատակն է եղել Ռ․ Քոչարյանին կալանավորելը, ընթացել են խտրական, տարբերակված եղանակով, ինչն էլ պայմանավորված է եղել բացառապես նրա քաղաքական ընդդիմադիր հայացքներով։ Նախկին նախագահի նկատմամբ դրսևորվել է տարբերակված, խտրական վերաբերմունք՝ իր ընդդիմադիր քաղաքական հայացքների շրջանակում։
Պաշտպան Արամ Օրբելյանը, հղում անելով ՀՀ Սահմանադրությանն, ընդգծեց, որ 2008թ․ մարտին Ռոբերտ Քոչարյանը գործել է բացառապես նախագահի լիազորությունների շրջանակում։Արամ Օրբելյանի խոսքով, խախտվել է և շարունակում է խախտվել Ռ․ Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը և անմեղության կանխավարկածը։ Ավարտելով ելույթը՝ Ա․ Օրբելյանը խնդրեց դատարանին դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և կարճել սույն գործը։
Առաջարկում ենք հետևել դատական նիստին՝ ուղիղ հեռարձակմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը