Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովում տեղի ունեցան հերթական ճեպազրույցները։ ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինք մբակցությունների ներկայացուցիչները պատասխանեցին լրագրողների հարցերին՝ անդրադառնալով ներքաղաքական և արտաքիմ քաղաքականության մի շարք հարցերի: Ստորև ներկայացնում ենք ճեպազրույցների ժամանակ հնչած ուշագրավ մտքերը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան
Միանշանակ է, որ թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողական ոգուց և համագործակցության տրամաբանությունից, որ ՀԱՊԿ գործընկերության մեջ առկա է:
Մինչև Խաչատուրովին հետ կանչելը պետք էր նախապատրաստվել, որը չենք արել, ոչ թե փաստից հետո փորձել խնդիրները լուծել:
ՀԱՊԿ-ում, եթե պրոբլեմներ լինեն, առաջին օգտվողը Ադրբեջանն է լինելու: Տեսնում եմ՝ Ադրբեջանի նախագահը ինչպիսի հրճվանք է ապրում՝ մեղադրանքի սլաքը ուղղելով ՀՀ-ի վրա, որ եթե խնդիր կա այդ կազմակերպության մեջ, ուրեմն ՀՀ-ից է: Հմուտ պետք է լինել, մի կողմից՝ ՀԱՊԿ-ի նշանակությունը այս առանձնահատուկ իրավիճակում իրական դառնա, քայլերն էլ համապատասխան տրամաբանությամբ, մյուս կողմից էլ չունենալով այլընտրանք՝ չեմ կարծում՝ մեր գոյությունն այդտեղ դնելը հարվածի տակ դնելը սխալ ճանապարհ է:
Ակնհայտ է, որ ընտրությունները պետք է տեղի ունենան պաթոսի մթնոլորտում, ինչը իշխող քաղաքական ուժի օգտին է:
Այդ պաթոսի ֆոնին չեն լինի ընտրակեղծիքներ, իշխանությունը չի փորձի այլ ճանապարհներով ձայներ հավաքել, որովհետև դրա կարիքը չկա` միևնույն ժամանակ դա ամենևին էլ չի նշանակում, թե ընտրությունները կլինեն ժողովրդավարական:
Մեզ համար այդ ընտրությունները հիմք չեն՝ գնահատելու, թե արդյոք Հայաստանում հաստատվեց ժողովրդավարական ընտրությունների ավանդույթ, թե ոչ: Տեսել ենք, որ մեկ անգամ Հայաստանում`1990-1991 թթ. եղել են ժողովրդավարական ընտրություններ, բայց դա չի բերել ժողովրդավրության: Հաջորդ ընտրությունները նոր արդեն ցույց կտան այն պայմաններում, երբ իշխող ուժը վտանգ ունի իշխանությունը կորցնելու, ընտրությունները ժողովրդավարական են անցկացվելու, թե ոչ:
Վահե Էնֆիաջյան
Այս փուլում տարբեր քաղաքական ուժեր արդեն իսկ առիթ են ունեցել հրապարկելու, որ տեղի համար հավակնություններ ունեն: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ԲՀԿ-ն առավելագույնս փորձելու է ներկայացվածություն ունենալ խորհրդարանում:
Մեր քաղաքական ուժը որևիցե դաշտում քաղաքական գործունեություն ծավալելուց վախի զգացողություն չի ունեցել:
Պետք է փորձել երկրի ներքին սոցիալ-տնտեսական վիճակը փոխել, ոչ թե ամեն տեղ հարկեր ավելացնել:
Հարկային դաշտում անընդհատ կոշտացնել, շեմը բարձրացնել կամ նոր հարկեր ներդնել կամ, այս պահի դրությամբ երևի տեղին կարելի է ասել, «հորինելը» անտեղի եմ համարում: Պետք է մտածել երկրի ներքին սոցիալ-տնտեսական վիճակը փոխել, հնարավոր ներդրումներ և ներհոսք ապահովել, ոչ թե փորձել ամեն տեղ հարկեր ավելացնել:
Վահրամ Բաղդասարյան
Նման հռետորաբանությունն ընդունելի չէ, առավել ևս դաշնակից և բարեկամ երկրների միջև: ՀԱՊԿ-ը մի մեծ ընտանիք է: Ամբողջ աշխարհն է հետևում դրան ու ինձ թվում է՝ դա ընդունելի հռետորաբանություն չի:
Մենք ի սկզբանե զգուշացրել ենք իշխանություններին, որ եթե Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում պետք է լիներ և նա կալանավորվեր, ապա այդ մասին նախապես ՀԱՊԿ անդամ երկրներին պետք է տեղյակ պահվեր: Դա չի կատարվել, հարաբերությունների լարումն ու սրումն այդտեղից առաջացավ ու կանխատեսելի էր, որ մենք կորցնելու ենք այդ տեղը:
Մեծ հարգանք ունենալով ՀՅԴ նկատմամբ` կոալիցիոն մեր գործընկները հենց առաջին օրը՝ իշխանափոխության ժամանակ, առանց լուրջ հետևություն անելու, դրա ջատագովն էին: Իշխանության մաս կազմեցին կառավարության հետ, ճանապարհի կեսին ինչ-ինչ պատճառներով որոշեցին ընդդիմություն դառնալ, հետո ճանապարհի կեսից չգիտեն՝ ինչպես կողմնորոշվել: Նման ձևով ընդդիմություններ չեն ձևավորվում:
Այս հարցում չկողմնորոշված լինելը միայն Դաշնակցությանը չէ, որ հատուկ է: Իշխանափոխության օրերին մի շարք քաղաքական ուժեր Նալբանդյան, Ամիրյան և Աբովյան փողոցներում կանգնած սպասում էին՝ հասկանալու, թե իջնեն, թե բարձրանան, միանան, թե ոչ:Հենց ակտիվանում էր իշխանությունը, զգում էին, որ ինչ-որ բան պետք է փոխվի, կամաց իջնում էին, հենց նախորդ իշխանության կողմից կոշտ հայտարարություն էր լինում, հետ էին գնում, իսկ ամսի 23-ին` Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, պարզապես տեղ չէին տալիս, թե ով պետք է առաջին շարքը լինի: Նիկոլի իշխանության ներկայացուցիչները հրում էին մի մասին` «դու մեզ պետք չես», մյուսի վզից քաշում էին՝ «արի, դու մեզ կարող ա պետք լինես»: Այդպե՞ս են իշխանություն և ընդդիմություն կազմում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը