Մամուլի ասուլիսի էր հրավիրել ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալու Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա փուլին վերաբերող բազմաթիվ հարցերի:
Դեսպան Սվիտալսկին ասաց, որ Եվրամիությունը բազմիցս խոսել է Հայաստանում կոռուպցիոն ռիսկների մասին։ «Մենք միակ արտասահմանյան դոնորն ենք, որը 2017 թվականին ֆինանսավորեց կոռուպցիայի դեմ հանրային քարոզարշավ։ ԵՄ–ն խստագույնս է գործում մեր գումարներով կոռուպցիոն դեպքերի բացահայտման հարցում։ Ես չեմ կարող մտաբերել մի միջազգային դոնորի Հայաստանում, որն այսքան խիստ է կոռուպցիոն դեպքերի բացահայտման և թափանցիկության առումով։ Մենք երբեք չենք փորձել թաքցնել, որ մեր գումարներից ինչ–որ մաս յուրացվել է։
Մենք նաև ՀՀ միակ դոնորն ենք, որ մեր համագործակցության մեջ ներառել ենք հակակոռուպցիոն կետ»,- հայտարարեց Սվիտալսկին:
Նա նշեց, որ նախորդ կառավարությունն ասում էր, որ վարչապետին առընթեր գործող հակակոռուպցիոն հանձնաժողովը բավականաչափ անկախ է հակակոռուպցիոն ծրագրերն իրականացնելու համար, սակայն ԵՄ-ն չհավատաց և չմասնակցեց։
Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրին՝ դեսպան Սվիտալսկին ասաց, որ Եվրամիությունն աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին. «Մենք հասկանում ենք, որ տեղի ունեցավ առաջին շփումը։ ԼՂ հարցը լուրջ էր երևում հանդիպումների օրակարգում, որոնք տեղի ունեցան Բրյուսելում։ Մենք անելու ենք այն, ինչ կարող ենք, որպեսզի խաղաղության մոդերացիայի ուղերձ հաղորդենք։ Մեզ նոր լարում պետք չէ»։
Անդրադառնալով Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին՝ Պյոտր Սվիտալսկին ասաց, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել են, որ պատրաստ են օգնել արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցում։ ԵՄ-ն հանձնառու է ենք վճռական օգնություն ցուցաբերել հաջորդ ընտրություններին, և այժմ սպասում է ներքին քննարկումների արդյունքներին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրյուսելյան այցի ընթացքում հայտարարել էր, Հայաստանին ԵՄ աջակցությունը պետք է լինի համարժեք, և ժողովրդավարական Հայաստանն ավելի լուրջ աջակցություն է ենթադրում: Այս առումով Սվիտալսկին ասաց. «Մենք շատ բաց ենք լսելու ակնկալիքները, որոնք ունի Հայաստանը։ Նախարարների հետ հանդիպման ժամանակ մենք տալիս ենք պարզ հարց` ինչպես կարող ենք օգնել։ Մենք կցանկանայիք լսել կոնկրետ գաղափարներ, թե ինչպես կարող ենք օգտակար լինել։ Մի շարք նախարարություններից մենք ստացել ենք առաջարկներ, գաղափարներ, բայց մենք կուզեինք համապարփակ պատկեր ունենալ։ Երբ այն կունենանք, կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել:
ԵՄ-ն բարդ կազմակերպություն է։ Այս շաբաթ մենք հատուկ սեմինար ենք կազմակերպում Հայաստանի պաշտոնյաների համար` օգնելու նրանց հասկանալ, թե ինչպես աշխատեն մեզ հետ, որն է շրջանակը, որում մենք գործում ենք։ Մենք շատ բաց ենք։ Մեր հարաբերությունների շրջանակը նոր համաձայնագիրն է։ Եթե հայկական կողմը կարծում էր, որ այն պետք է ուժեղանա, մեզ անհրաժեշտ են կոնկրետ գաղափարներ, թե ինչը պետք է փոխվի մեր հարաբերություններում։ Մենք լսում ենք, որ չկա փոփոխություն հայկական քաղաքականության մեջ ԵՄ նկատմամբ» ։
Եվրոպական Միությունը արևելյան հարևանության երկրներում ԵՄ–ի ընկալման ուսումնասիրություն է արել, որի արդյունքներով, ըստ Սվիտալսկիի, Հայաստանի քաղաքացիների 70 տոկոսը վստահում է ԵՄ–ին, փոխարենը ԵՏՄ-ի նկատմամբ վստահությունն է նվազել՝ հասնելով 48 տոկոսի: Հայերի 80 տոկոսը կարծում է, որ Հայաստան–Եվրամիություն հարաբերություններն լավ են, 69 տոկոսը գնահատում է ԵՄ–ի ֆինանսական օգնությունը Հայաստանին, 66 տոկոսն էլ հավատում է, որ այդ օգնությունը արդյունավետ է։ Հայաստանցիների 53 տոկոսը համարում է, որ ԵՄ–ն շոշափելի օգուտ է բերում քաղաքացիների ամենօրյա կյանքում, 55 տոկոսը համարում է, որ ԵՄ–ն հանձնառու է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը