Հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ամփոփեց 2018 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները:
Առաջարկում ենք ասուլիսը դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք հատվածներ ՊԵԿ նախագահի խոսքերից:
2018 թվականի առաջին կիսամյակում Պետական եկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվել է 649 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից՝ 496.8 մլրդ դրամը հարկային մարմինների կողմից, իսկ 152.9 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների կողմից,
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 88.2 մլրդ դրամ կամ 15.6 %: Հավաքագրված գումարների 32.3 մլրդ դրամը բաժին է ընկնում մայիս-հունիս ամիսներին, աճի տեմպը կազմել է 16.3%:
2017-ի հունվար-հունիս ամիսներին հարկային տեսչություն-վարչությունների կողմից իրականացվել է շուրջ 2400 ստուգում, որոնցով առաջադրվել է 480 մլն դրամ, իսկ 2018 թ․-ի հունվար-հունիս ամիսներին իրականացվել է շուրջ 4800 թեմատիկ ստուգում, որոնցով առաջադրվել է շուրջ 780 մլն դրամ: Սա վկայում է այն պարզ իրողության մասին, որ ավելանում են թիրախային ուսումնասիրությունները, հարկային վարչարարությունն ավելի հասցեական է դառնում:
2018 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում ՊԵԿ քննչական վարչությունում քննվող և նոր հարուցված քրեական գործերով բացահայտվել են պետությանն առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս հասցնելու դեպքեր, արդյունքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 1.5 մլրդ դրամ: Բացահայտումները վերաբերում են խոշոր հարկ վճարողների գործունեությանը, որոնք զբաղված են բնակարանաշինությամբ, ճանապարհաշինությամբ, ապրանքների ներկրմամբ և վաճառքով:
ՓՄՁ-ների մոտ ավելի շատ կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնելու, իսկ խոշոր հարկատունեի մոտ արդյունավետ հարկային վարչարարությունը։ Մի կողմից արդյունավետությունը և ցուցանիշ պետք է ապահովենք, մյուս կողմից պետք է ՓՄՁ-ին զերծ պահենք ավելորդ հարկային վարչարարությունից:
Պետական եկամուտների կոմիտեն կշարունակի հսկիչ գներով մաքսազերծում իրականացնել, բայց ներկայում գործող հսկիչ գները պետք է վերանայվեն: Երբ մենք հայտարարել էինք, որ ինվոյսային արժեքով ենք մաքսազերծումներն անելու, եղել է դեպք, երբ մարդիկ ներկայացրել են, որ ներկրվող ավտեմքենան գնել են 87 դոլարով:
Մենք ավելի ուշադիր ենք Վրաստանից եկած ինվոյսային գների նկատմամբ, որովհետև այստեղ խախտումներ հաճախ են լինում, իսկ Ճապոնիայից ու ԱՄՆ-ից եկող ինվոյսների նկատմամբ գրեթե որևէ վերապահում չունենք:
Մենք վարչարարությունը խստացնելու ենք հանրային սննդի ոլորտում, քանի որ արդեն հուլիսի 1-ից իրենք հարկվելու են արդեն ըստ հասույթների և ծախսերի, իսկ մինչ այս հարկումը իրականացվել էմըստ իրենց զբաղեցրած տարածքների մակերեսների:
Մենք առաջիկայում կդիտարկենք նաև ՀԴՄ տրամադրող ՊՈԱԿ-ի գործունեության շրջանակը ուսումնասիրել, կամ դիտարկել դրա գործունեության շարունակության նպատակահարմարությունը: Մենք ուզում ենք նաև այս ոլորտը ազատականացնել:
Ստուգումներ են իրականացվել նաև հայտնի անձանց գազալցակայաններում: Մեր ցուցակից միայն մեկ ընկերություն կապ ունի «Գազպրոմ Արմենիա»-ի հետ: Մնացածը տարբեր անձանց պատկանող գազալցակայններ են: Դրանց թվում են նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանները:
«ՆորՖոլկ»-ի գործով քրեական գործ կա հարուցված, եթե պատճառած վնասը հատուցվի, ապա այն կկարճվի: Մենք վերջնաժամկետը դրել ենք հուլիսի 20-ը, գումարի մի մասը արդեն վերականգնվել է:
Կան մարդիկ, որ չէի ասի աշխատում են մեր դեմ են, բայց մարդիկ կարող են ունենալ իրենց կարծիքը: Եթե մարդիկ 15-20 տարի աշխատել են համակարգում և արդյունավետություն չեն ապահովել, մտահոգություններ են առաջ գալիս: Մենք նոր երիտասարդ կադրերով ենք համալրում համակարգը, բայց որոշում կայացնողների առումով ես վստահում եմ հին կադրերին: Վարչապետն էլ որոշակի վերապահումներ ուներ իմ նշանակումների առումով, բայց մենք եկել ենք այն համաձայնության, եթե ՊԵԿ-ը կատարում է իր առջև դրված խնդիրը, ապա ճիշտ էին նշանակումները, հակառակ դեպքում ես իմ կադրերով հանդերձ էլ անելիք չեմ ունենա այս համակարգում: Ինչ վերաբերում է կաշին չփոխելու մասին, ապա կարող եմ ասել, որ կաշին կարող է չփոխվել, եթե կովի մասին ենք խոսում:
Մենք պարտավոր ենք հարկային օրենսգիրքը փոխել:
Մենք ժողովրդի խանդավառության շնորհիվ ենք արդյունքներ ապահովում:
Դաշտը ազատ է, բայց հարց է, թե որքանով նոր մուտք գործող տնտեսվարողները կդիմանան մրցակցությանը: Օրինակ շաքարի շուկայում տարիներ շարունակ եղել է մենաշնորհ, հիմա այն ազատ է, բայց այլ հարց է, թե ինչքանով կդիմանան մրցակցությանը նոր ներկրողները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը