09 05 2018

Միշտ կգտնվի մարդ, որը կարող է ավելի շատ մարդկանց փողոց դուրս բերել. Վիգեն Սարգսյան



Մայիսի 9-ին մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին նա վայր է դրել պաշտպանության նախարարի պաշտոնակատարի լիազորությունները:

Ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք սղագրած որոշ հատվածներ նախարարի պաշտոնակատարի պատասխաններից:

 

Ես բացառում եմ իմ ներկայությունը նոր կառավարության կազմում, որովհետև նախարարը վարձու աշխատող չէ, քաղաքական պաշտոն է, թիմի, միասնության և խորը վստահության խնդիր է։ Անհնար եմ տեսնում շարունակելը իմ աշխատանքը, բայց դա բացառում է, որ որևէ ձևով ես մեկուսացվում եմ գործընթացներից:

Ես հայտարարել եմ ու նորից կրկնում եմ՝ անթույլատրելի եմ համարում պաշտպանության նախարարի հրաժարական, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար, սա ասում եմ Հայաստանի մարտահրավերների պայմաններում։ Որևէ բան ինձ չի կարող իմ պարտականություններից հետ պահել, մինչև ես չիմանամ, թե ով է ստանձնում այդ պարտականությունները:

Դա չի նշանակում, որ ես գնում եմ ինքնամեկուսացման, հասարակությանը, երկրին, ժողովրդին կարելի է ծառայել ամենատարբեր միջոցներով, պաշտոնը դրանցից մեկն է:

Ես ամեն ինչ անելու եմ, որ ով էլ լինի ապագա նախարար, հաջողի:

Պատերազմող երկրում պետք է լինի կոնսեսունս որոշ հարցերում, որի նպատակը խնդիրների լուծումն է:

Մասնագիտական աշխատանքը հենված փորձի և գիտելիքի վրա, միշտ անհրաժեշտ է: Ես շարունակելու եմ մնալ և քաղաքական դաշտում, մի փոքր ժամանակ կհատկացնեմ մանկավարժական գործունեության համար, ընտանիքիս հետ ավելի շատ ժամանակ կանցկացնեմ, արձակուրդի մասին կմտածեմ, վերջին 23 տարում արձակուրդ չի ստացվել նորմալ պլանավորել:

Ինձ համար պետական կառավարումը մասնագիտություն է, հոբբի չէ:

Ինձ համար Դավիթ Տոնոյանը շատ հարմար թեկնածու է, քանի որ նա ոլորտում ծառայել է, Պաշպանության նախարարությունը լավ գիտի: Ինձ համար անհասկանալի էր Դավիթ Տոնոյանի արձագանքը փաստին, երբ Արարատ Միրզոյանը, որպես Պաշտպանության նախարարի հնարավոր թեկնածու, դիտարկեց նրան։ Լինելով Կառավարության կազմում՝ բաց թողնել դռները նման բանակցությունների համար... Ես անձամբ նման բան չէի անի, ինձ համար դա տաբու է, բայց մարդիկ տարբեր են:

Մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն, ոչ թե հեղափողություն: Մենք ունենք մեծամասնություն խորհրդարանում, բայց փոքրամասնության վարչապետ, ինչը շատ վտանգավոր երևույթ է: Միշտ գտնվելու է մարդ, ով կարող է ավելի շատ մարդ դուրս բերել փողոց:

Մեր թիմի պատասխանատվությունը շատ մեծ է, և պարտավոր էինք անել բաներ, որոնք թույլ չէին տա այդպիսի զարգացում, պատճառների մասին կարելի է երկար խոսել: Սրված վիճակներում խրոնիկ հիվանդություններ չեն բուժվում, հիմա վիրահատություն է եղել, և պետք է սպասել, որ հանդարտվի, որից հետո բուժել խրոնիկ հիվանդությունները:

Շատ կարևոր է, որ ով էլինի հաջորդ նախարարը, նա հասկանա, թե ինչ է նշանակում ունենալ մեծ բանակ փոքր երկրում:

Շատ անպատասխանատու էր հրապարակից եղած արձագանքը սահմանային իրավիճակի վերաբերյալ մեր հայտարարությանը: Ենթադրել, որ Զինված ուժերը կարող են անել հայտարարություն ներքական պրոցեսների համար, բացարձակ անարգանք է ոչ միայն Պաշտպանության նախարարի համար, այլև՝ առաջնագծում կանգնած զինվորի։ Պատկերացրեք՝ ես անում եմ սուտ հայտարարություն ու իմ սպան, իմ զինվորը տեսնում են իրական իրավիճակը, ինչպե՞ս եմ ես նրանց աչքերի մեջ նայելու:

Զինվորականների համազգեստով մասնակցությունը քաղաքական ակցիաներին անթույլատրելի է: Ապագա Պաշտպանության նախարարին հորդորում եմ և խորհուրդ եմ տալիս շատ կոշտ արձագանքել ծառայողական քննության ավարտից հետո։ Ինքս այդ դեպքից հետո ընդունել եմ զորամասի հրամանատարի զորացրման հրամանագիրը, որը ուղարկվել է հաստատման։ Ցավով եմ դա արել, որովհետև այդ զորամասի հրամանատարը շատ հարգված էր ինձ համար, սակայն ինքս կանեի առնվազն նույնը:

Ես կարծում եմ վերջնական հանգուցալուծում տերմինը հակասում է խորհրդարանական համակարգին: Պետք է լինի երկխոսություն բոլոր քաղաքական ուժերի, ֆրակցիաների միջև, դա պետք է անեն անընդհատ, ոչ թե առիթից առիթ և առանց նախապայմանների: Իսկ ընտրությունները հանգուցալուծում չեն, այլ նոր պրոցեսի սկիզբ: Եվ կարծում եմ, որ բոլորը գիտակցում են, որ ընտրությունների արդյունքները միշտ կարող են անակնկալ լինել:

Կարծում եմ, որ շատ նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանից չեմ ստացել առաջարկ նոր կառավարությանը իմ մասնակցության մասով: Եթե ես ստանայի նման առաջարկ, ես Փաշինյանի մասին իմ կարծիքը կփոխեի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ